Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ»-Ը ՎԻՐԱՎՈՐԱ՞ՆՔ Է

Օգոստոս 28,2003 00:00

«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ»-Ը ՎԻՐԱՎՈՐԱ՞ՆՔ Է Եվրոդատարանը գտնում է, որ՝ ոչ Ամբողջ աշխարհում իշխանությունները ձգտում են հնարավորինս սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաջողության այս կամ այն աստիճանով փորձում են դիմակայել այդ ձգտումներին: Պարզ է, որ ամենուր խոսքի ազատությունից առաջին հերթին «տուժում են» հենց իշխանության ներկայացուցիչները՝ ստիպված են զսպել իրենց ախորժակները եւ հաշվետու լինել հասարակությանը: Սակայն միայն ավտորիտար պետություններում նրանք կարողանում են պաշտպանվել՝ լրատվամիջոցներ փակելով կամ օրենքի միջոցով գրաքննություն մտցնելով: Հայաստանում դա արվում է օրենքը ԶԼՄ-ների դեմ մահակ դարձնելու եւ անցանկալի լրատվամիջոցներից «օրենքի շրջանակներում» ազատվելու միջոցով: Նման մտայնություն դրսեւորում է «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը, որը կառավարությունը համառորեն ներկայացնում է ԱԺ, իսկ լրատվական հանրությունը նույնքան համառորեն մերժում է: Սակայն ԶԼՄ-ներին սպառնացող միակ մահակը դա չէ. գոյություն ունի եւս մի խնդիր, որին շատ շուտով կբախվեն հայաստանցի լրագրողները. նոր ՀՀ քրեական օրենսգրքով քրեականացվում են զրպարտությունն ու վիրավորանքը: Շատ հնարավոր է, որ շուտով բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն մի կծու, թթու, առավել եւս դառը խոսք ասել իշխանավորների հասցեին՝ իրենց կյանքի մեկ-երկու տարին կանցկացնեն հանրօգուտ ուղղիչ աշխատանքներ կատարելով: Քրեականացնելով զրպարտությունն ու վիրավորանքը, նոր քրեական օրենսգիրքը մի առանձին հոդված էլ նախատեսում է իշխանության եւ արդարադատության ներկայացուցիչների հասցեին արված հրապարակային վիրավորանքի եւ զրպարտության համար: Մամուլին առնչվող օրենսդրական դաշտին նվիրված սեմինարներն ու քննարկումները երեկ իրենց շարունակությունը գտան Երեւանի մամուլի ակումբի եւ «Արտիկլ 19» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համատեղ կազմակերպած կլոր սեղանի ընթացքում: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանը «կրակը վերցրել էր իր վրա»: Նրա զեկույցը առնչվում էր Քրօրի 135, 136, 318 հոդվածներին, որոնք քրեական պատիժներ են նախատեսում զրպարտության եւ վիրավորանքի համար: Ըստ պարոն Գրիգորյանի, պետք չէ պաշտպանելով խոսքի ազատության իրավունքը, մոռանալ մյուս իրավունքների մասին, եւ անպատասխանատու կերպով վիրավորել մարդկանց կամ՝ զրպարտել: Սակայն սահմանները, թե ո՞րն է վիրավորանք, զրպարտություն, իսկ ո՞րը՝ կարծիք կամ գնահատական, որեւէ տեղ չի նշվում: Իսկ մեր պայմաններում, անշուշտ, լուրջ է մտավախությունը, որ այս հոդվածները ուղղակիորեն կծառայեն իշխանություններին՝ իրենց անհաճո լրատվամիջոցները լռեցնելու համար: Մ. Գրիգորյանը երեկ միայնակ դիմակայում էր լրագրողների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գրոհներին, որոնք վստահ էին, որ վիրավորանքի եւ զրպարտության քրեականացումը ետընթաց քայլ է ժողովրդավարության ուղուց, եւ խոսքի ազատության սահամանափակման ճանապարհներից մեկը: Լրագրողներն իրավամբ նկատեցին, որ քանի դեռ չի կայացել մեր արդարադատական համակարգը, եւ մեծ հարց է՝ ո՞վ ավելի պաշտպանության կարիք ունի՝ իշխանություննե՞րը, թե՞ լրատվամիջոցները, պետք չէ զինել իշխանություններին լրագրատվամիջոցների գլխներին ուղղված մահակներով: Իսկ ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, բերելով Եվրոդատարանի վարույթում եղած մի քանի գործերի օրինակներ, ավելի ծանրակշիռ դարձրեց քննարկումների ընթացքում պարբերաբար հնչող «չի կարելի քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը» միտքը: Մ. Գրիգորյանը սկզբում ծանր տարավ Մ.Հարությունյանի հարցը՝ «եթե ես նյութում գրեմ «համազգեստավոր անասունները»՝ ի նկատի ունենալով անզեն ժողովրդին մահակներով ծեծող ոստիկաններին, դրա համար կազատազրկվե՞մ երկու տարով», բայց քիչ անց, երբ նա բացատրեց, որ ճիշտ նույնպիսի բառերով գրված հոդվածի համար իսլանդացի մի լրագրող իր երկրում պատժվել է, ապա Եվրոդատարանի որոշմամբ արդարացվել, պարոն Գրիգորյանը «զենքերը վայր դրեց»: Ի դեպ, ըստ Մ.Հարությունյանի, Եվրոդատարանի վճիռները զուտ վճիռներ չեն, այլ Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ հոդվածների պաշտոնական մեկնաբանություններ, հետեւաբար՝ չափանիշ են Եվրախորհրդի անդամ երկրների համար: Կլոր սեղանը կշարունակվի նաեւ այսօր՝ քննարկելով «ԶԼ մասին» օրինագիծը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել