Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ, արդար եւ «հոգեւոր»

Սեպտեմբեր 06,2003 00:00

Ազատ, արդար եւ «հոգեւոր» Մի քանի շաբաթ առաջ Թեհրանի ուսանողական հանրակացարաններում սկսված աղմկոտ հանրահավաքներն ընդամենն առաջին ծիծեռնակներն էին այն վերահաս խմորումների, որոնք աստիճանաբար ահագնանալով, սպառնում են ցնցել Իրանի ողջ պետական քաղաքական համակարգը։ Այսօր արդեն պարզ է, որ մեր հարեւան երկրում տեղի ունեցող գործընթացները հեռավոր իսկ առնչություն չունեն հասարակական «շարքային» հուզումների հետ։ Ճգնաժամը շատ ավելի խորն է եւ համապետական ցնցումների վերաճելու ակնհայտ միտումներ ունի։ Բավական է նշել, որ խոր հակասություններ են առաջացել նախագահ Խաթամիի կառավարության եւ գերագույն հոգեւոր իշխանության միջեւ։ Ասենք, այդ հակասությունները նոր չեն եւ առաջ են եկել Խաթամիի «բարեփոխիչ» համարվող կուրսի կենսակոչման առաջին իսկ օրվանից։ Այն ժամանակ շատ արագ պարզվեց, որ այդ կուրսը, որի հետ, ի դեպ, որոշակի հույսեր էր կապում նաեւ Արեւմուտքը, դեմ է առել Իրանի թեոկրատական ռեժիմի հարուցած՝ գործնականում անհաղթահարելի խոչընդոտներին։ Չունենալով երկրի ներքին իրադրության վրա ազդեցություն գործելու քիչ թե շատ արդյունավետ լծակներ, Խաթամիի կառավարության անդամներն աստիճանաբար սկսեցին տրտնջալ, ինչը ժամանակի ընթացքում վերածվեց հրաժարական տալու բացահայտ նախազգուշացումների։ «Մենք կհեռանանք եւ այնժամ ժողովուրդը թող ինքը զգա բարեփոխիչների եւ պահպանողականների տարբերությունը»,- սպառնում էին Խաթամիի նախարարները։ Ի վերջո, բարեփոխիչների դժգոհությունն առարկայացավ շատ որոշակի մի պահանջի մեջ. կառավարությունը հեռանում է, իր լիազորություններն ամբողջությամբ փոխանցելով գերագույն հոգեւոր ղեկավար Խամենեիին, բայց փոխարենը պետք է կազմակերպվի հանրաքվե, որի ընթացքում ժողովուրդն ինքը պետք է վերջնականապես որոշի Իրանի պետական կարգը։ Փաստորեն, Իրանի վերջին երեք տասնամյակների պատմության մեջ տեղի է ունենում աննախադեպ մի երեւույթ. այս երկրի իշխանական համակարգի մի լուրջ ստորաբաժանման կողմից կասկածի տակ է առնվում հոգեւոր իշխանակարգի արդյունավետությունը։ Իրանի հոգեւոր ծերակույտն անհանգստացած է, բայց դեռեւս շփոթված չէ։ Փորձագետները ենթադրում են, որ Խամենեին դժվար թե համաձայնի նման հանրաքվեի անցկացմանը, բայցեւ տեսականորեն չեն բացառում հակառակ տարբերակը։ Միեւնույն է, ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ողջ ընթացակարգը գտնվում է թեոկրատ ռեժիմի տեղական բջիջների խստագույն հսկողության ներքո։ Ուստի, չնայած հասարակական զանազան շերտերի տարերային հուզումներին, նրանց համար ամենեւին դժվար չի լինի քվեարկության արդյունքները «Հանուն Աստծո» խմբագրելը։ Բայց եւ պարզ է, որ այդպիսով չեն լուծվի եւ շատ ավելի կխորանան երկրի ներսում կուտակված սոցիալ-տնտեսական ահռելի հիմնախնդիրները։ Էլ չենք խոսում արտաքին քաղաքական ոլորտում առկա բազմաթիվ չլուծված հարցերի մասին։ Պարզ է մի բան. այսօրվա Իրանում «հոգեւորն» այլեւս ակնհայտորեն չի բավարարում։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել