Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք»․ Բագրատ սրբազանն՝ Ալեն Սիմոնյանին

Մայիս 07,2024 13:20

«Գիշեր չեմ տեսել, ամբողջ գիշեր լույս էր․ լուսավոր մարդկանց ներկայությամբ ամբողջ երկինքը լուսավորված էր, երկիրն էլ հետը»,- Սոլակում, քայլերթի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» երթն առաջնորդող Բագրատ սրբազան Գալստանյանը։

«Դե մի սուտ կասեն, էլի»,- սա էլ սրբազանի պատասխանն էր հարցին՝ ի՞նչ ուղերձ ունի Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրավիրած ասուլիսը։

Լրագրողի հարցին՝ կրոնապետությա՞ն եք ձգտում, սրբազանը պատասխանեց․ «Ես արդեն Տավուշում կրոնապետ են, թեմի առաջնորդ եմ»։

Նա պնդեց՝ ՔՊ-ից բանագնացներ են գնացել իր մոտ, ինքն էլ ասել է՝ մտահոգ եք՝ եկեք ժողովրդի մոտ կանգնեք։

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ հայ-ադրբեջանական սահմանագծում 40 սյուն է տեղադրվել․ հարցին՝ շարժումը կարո՞ղ է կասեցնել սահմանազատումը եւ ինչպե՞ս, Բագրատ սրբազանը հարցով պատասխանեց․ «Մեր երկիրը ժողովրդի՞ իշխանության երկիր է, թե՝ ոչ։ Դե ժողովուրդն էլ կասի իր ձայնը։ Սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն»։

Ամփոփելով քայլերթի նախորդ երեք օրերն էլ՝ սրբազանն ասաց, որ շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը գեղեցկության մասին է՝ անկախ նրանից, թե որքան են ջանում վարկաբեկել․ «Կապ չունի, թեկուզ հինգ հոգի մարդ, իր համոզված ճշմարտության համար քայլում է ու նրանց ծաղրեն․ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ցածր աստիճանի վրա ենք գտնվում՝ գաղափարական իմաստով, ինչքան ցածր մակարդակի վրա ենք գտնվում։ Մարդիկ կան, որ հիվանդանոցից դուրս են եկել՝ գունատ, եկել են այստեղ, պարզ մարդիկ, որոնք ոչ մի շահագրգռվածություն չունեն․․․ձեռնափայտերով մարդիկ․․․ երեկ եկել է մեր զոհվածի հայրը՝ Արամի Ղուլարյան, կատետրը ձեռքին, գունատ․․․ էդ մարդուն ո՞վ է բերել՝ ճշմարտությունը»։

Սրբազանն ուշադրություն է հրավիրում նաեւ երիտասարդների առկայության վրա, մինչդեռ փորձ էր արվում ներկայացնել, թե անտարբեր են․ «Դեռ վերջը չեք տեսել, այս փոքր ընթացքն եք տեսել»։

Սրբազանը նաեւ անդրադարձավ երեկվանից սոցցանցերում շրջանառվող տեսանյութերին՝ իրեն եւ շարժմանը միացած մարդկանց վերաբերող, իբրեւ վարկաբեկման նպատակով եւ ասաց, որ ինքն այդ տարածողների հետ էլ տեսանյութեր ունի, նկարներ ունի՝ «կարող է աջս էլ համբուրել են, դիմացս էլ խոնարհվել են», իրենց կառավարության ղեկավարի հետ էլ ունի, տարբեր զրույցներից ձայնագրություններ էլ ունի, որոնք, սակայն, չի պատրաստվում հրապարակել, այդ աստիճան չի իջնելու։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ երեկ շարժման հասցեին հնչեցրած քննադատությունից ։ Բագրատ սրբազանը նախ հետաքրքրվեց՝ «ո՞վ է»։ Լրագրողի հստակեցմանը՝ ԱԺ նախագահը, սրբազանն արձագանքեց՝ «նա դեռ կա՞» եւ պատասխանեց․ «Ես մարդկանց վրա չեմ թքել, այն էլ՝ թիկնապահների բռնած վիճակում»։

Իսկ ուժի գործադրման մասին հարցին էլ պատասխանեց․ «Ուժ ունե՞ն, որ գործադրեն։ Թող գործադրեն։ Սիրելի ուժայիններ, սպասում ենք ձեզ։ Փորձեք․ ոչ թե փորձեք, որ հրահրում եմ, ձեր խղճին եմ ասում, կատարեք հրամաններ, որոնց հետ ձեր սրտերում հաշտ չեք, այնպես, ինչպես ականազերծման այս գործընթացում տղաներից շատերը հաշտ չեն։ Թող իրենք հաշտ լինեն իրենց սրտի ու մտքի հետ, թող կալանավորեն, բայց թող հաշտ լինեն»։

Սրբազանը հիշեցնում է Հուդայի ստացած 30 արծաթը, որը դարձավ արյան գին։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031