Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻ ՉՈՒՆԵՆԱԼ ԱՅԴՊԻՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ»

Հոկտեմբեր 01,2003 00:00

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻ ՉՈՒՆԵՆԱԼ ԱՅԴՊԻՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ» Ասում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը – Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները սովորաբար լինում են չափազանց հզոր եւ ազդեցիկ, տիրապետում են գրեթե բոլոր լծակներին, այդ թվում նաեւ՝ տնտեսական եւ, փաստորեն, օլիգարխների «պապան» են։ – Նախ, ես մի քիչ լավ չեմ հասկանում մերկապարանոց հայտարարությունները պաշտպանության նախարարների ունեցած տնտեսական լծակների մասին։ Եթե նկատի ունեք Վազգեն Սարգսյանին եւ ինձ, ապա ես չունեմ հզոր տնտեսական լծակներ, բայց, նաեւ, երբեք սուտ համեստ չեմ ձեւանում եւ չեմ ասում, որ ես չունեմ ազդեցություն որոշակի պրոցեսների վրա։ Իսկ ինչպե՞ս կարող էր Վազգենը, ինչպե՞ս կարող էի ես, չունենալ այդպիսի ազդեցություն, երբ սկսած 88 թվականից գտնվել ենք մեր ժողովրդի, երկրի ճակատագրի հետ կապված իրադարձությունների կիզակետում։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ եթե Վազգենը, եթե ես, տիրապետեինք հզոր տնտեսական լծակների, մեր վիճակը շատ խախուտ կլիներ։ Գտնվելով սեւեռուն հայացքների ներքո, այդպիսի բաները վաղուց արդեն թերթերի էջերում լցված կլինեին։ Իսկ թերթերի էջերում որեւէ առարկայական բան չկա, եւ որեւէ մեկը չի կարող ասել՝ թե ինչ-որ օբյեկտ իմն է։ Այդպիսի բան չկա։ Խոսում են բենզինի եւ այլնի մասին։ Խոսում են այն մարդիկ, որոնք այդ բիզնեսից բոլորովին չեն հասկանում եւ նրանց թվում է, թե այդ բիզնեսը բազմամիլիոնանոց բիզնես է։ Այո, ընդհանուր առմամբ, եթե վերցնենք, շրջանառությունը շատ մեծ է եւ այդ շրջանառությունն առաջին հերթին բենզալցակայաններով է լինում։ Ես ուղղակի միշտ ներքուստ կշտամբում եմ բոլոր բենզինով զբաղվող այն տղաներին, ովքեր այդպիսի հայտարարություններից հետո թերթերում չեն գրում՝ եղբայր, մենք ենք զբաղվում, Սերժ Սարգսյանն ինչ կապ ունի դրա հետ։ Եթե հստակ լինի, չարակամներն ավելի զուսպ կլինեն։ Ասում են Միշա Բաղդասարովը մոնոպոլիստ է, բայց կա չէ՞ ֆիրմա, որը Միշայից էլ շատ վաղուց բենզինի ներկրումով էր զբաղվում, հիմա էլ զբաղվում է։ Հիմա առնվազն 7-8 հոգի ինքնուրույն բենզին են ներկրում։ – Սակայն դուք ազդեցություն ունեք այդ ամենի վրա։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ – Այո, ազդեցություն ունեմ, բայց այդ ազդեցությունն այլ բաների հետ է կապված։ Այն արտահայտվում է ժամանակին դրսեւորված վերաբերմունքով։ Բնական է, որ շատ երկար աշխատելով հանրապետության նախագահի հետ, վարչապետի հետ, ունենալով գործունեության հետք, բնական է, մարդիկ այդ ամենը հաշվի են առնում։ Գնացեք եւ ամբողջ ՆԳ նախարարությունում հարցրեք՝ կա՞ որեւէ մեկը, որին նախարար աշխատածս ժամանակ մի քոռ կոպեկով մի բան եմ արել։ Այսինքն՝ սա պիտի բերի՞ հեղինակություն։ Իհարկե, պիտի բերի։ Հարցրեք անվտանգությունում եւ այլ տեղերում։ Իսկ այն, որ որոշակի գործարարների պետք է սատարել, դա պետք է, եւ ոչ թե նրա համար, որպեսզի նրանց վրա «նալոգ» դրվի, այլ նրա համար, որ նրանց վրա «նալոգ» չդրվի եւ եթե, ասենք, Հայաստանում «ռեկետ» ասվածը շատ թույլ է դրսեւորված, ավելի ստույգ՝ չկա գրեթե այդպիսի բան, դա նաեւ վերն ասվածից է գալիս։ – Երբ ասում եք «նալոգ» չդրվի, դուք նկատի ունեք հարկերից ազատո՞ւմը։ – Ոչ, հարկ չեմ ասում, ես հենց «նալոգը» նկատի ունեմ։ – Ձեր դեմ մահափորձը բավականին արագ կանխվեց։ Արդյո՞ք, ԱԱ-ն այսօր ավելի լավ է աշխատում, քան 99-ի հոկտեմբերին։ Երբ ԱԱ նախարարը դուք էիք՝ «27»-ը չկանխվեց։ – Ինչի՞ց եք ենթադրում, որ արագ կանխվեց, ի՞նչ իմացաք, որ արագ կանխվեց եւ այդպիսի պարագաներում ի՞նչ է նշանակում արագ կանխվելը։ Այսինքն, դուք ուզում եք ասել՝ ինչո՞ւ սա կանխվեց, «27»-ը չկանխվեց։ Այն ժամանակ ինֆորմացիա չկար, հիմա՝ կա ինֆորմացիա։ Եվ եթե որեւէ մեկին ձեռնտու կլիներ, որ հիմա էլ չկանխվեր, դա ուրիշ հարց է։ Գոնե ինձ այդպես ձեռնտու չէ։ – Կարո՞ղ ենք ասել, որ հիմա ԱԱ-ն ավելի լավ է աշխատում, քան ձեր օրոք։ – Լավ-վատ աշխատելը շատ հարաբերական է։ Շատ ուրախ կլինեմ, որ հանրապետության բոլոր կառույցները լավ աշխատեն, եւ գնալով, իհարկե, բոլորն էլ պիտի լավ աշխատեն։ – Իմ գործընկերներն առաջարկում են եւ ես էլ նրանց հետ համամիտ եմ, կարծում եմ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի եւս, որ ԱԱ նախարարը, որի անմիջական պարտականությունն էր երկրի անվտանգության ապահովումը, իրոք, ներկայանար դատարան եւ «27»-ի գործով ցուցմունք տար դատարանի դահլիճում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մեր այդ առաջարկին եւ չե՞ք ցանկանում ներկայանալ դատարան ու ասել այն, ինչ գիտեք «27»-ի մասին։ – Նախ պիտի ասեմ, որ ես ցուցմունք տվել եմ։ Եվ ի՞նչ է նշանակում՝ ես ցանկություն հայտնեմ գնալ դատարան։ Դատարանը՝ եթե հարմար կգտնի, ես հաճույքով կգնամ եւ ցուցմունք կտամ։ Եվ սա, կարծում եմ, զուտ դատարանի գործն է։ Հասկանում եմ, որ մամուլում այս հարցը պարբերաբար բարձրացվում է։ Կարծում եմ, սրանով չեն վնասում իմ հեղինակությանը։ Կարծում եմ, ինչքան վատ գրեն իմ մասին, այդքան ավելի լավ։ – Բայց ոչ թե վատ է գրվում, պարզապես հարցն այլ կերպ է դրվում, որ դուք դատարանում ցուցմունք տաք։ – Ես ցուցմունք տվել եմ, բայց երբ շատ տրիվյալ հարց է դրվում՝ թող գան, հարցնեն, ինքը տեղյակ է, թե ոչ։ Այսինքն, ես պիտի գամ ասեմ տեղյա՞կ եմ եղել, եթե նույնիսկ տեղյակ եմ եղել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ քննությամբ բազմաթիվ անգամ հաստատվել է, որ այդպես չէ։ Բայց եթե մեկը սեւեռվել է, մենք հո իր գերին չենք։ – Ձեր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն ընդունվո՞ւմ է հասարակության կողմից որպես լեգիտիմ նախագահ եւ որքանո՞վ է այսօր ուժեղ նա։ – Միանշանակ ընդունված եւ լեգիտիմ նախագահ է, եւ դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, երբ նա իր մրցակիցներից առնվազն երկու անգամ ավելի շատ ձայն հավաքեց։ Իհարկե, հասարակությունում կա մի շերտ, որը չի ընդունում, բայց ո՞ր երկրի նախագահն է միանշանակ ընդունվում։ Իսկ մեր պարագայում, երբ ամեն առավոտ միայն Երեւանում արթնանում է առնվազն հազար նախագահ, իհարկե, հասարակությունում կլինի մի շերտ, որը չի ընդունի։ Եվ կարծում եմ, մեր անկախության բոլոր տարիներին երբեւէ նախագահն այնքան ամուր չի եղել, որքան այսօր։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ունի բոլոր հնարավորությունները՝ ամբողջովին դրսեւորելու ինչպես իր ղեկավարի ունակությունները, այնպես էլ իր պետական կառույցի, մեր ժողովրդի հնարավորությունները։ Եթե նույնիսկ անզեն աչքով նայում ենք՝ փոփոխություններն ակնհայտ են։ Սա ուղղակի ապացույց է։ – Մամուլում հրապարակումներ եղան, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը ՀՀԿ-ին հակակշիռ ուժ են ստեղծում, որպեսզի հարվածեն վարչապետին՝ 2004 թվականի բյուջեի ընդունման հետ կապված։ – Նախ, վստահ եմ, որ 2004-ի բյուջեն անցնելու է եւ անցնելու է առանց որեւէ բարդության, որովհետեւ կոալիցիան խորհրդարանում ունի ճնշող մեծամասնություն եւ այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված այդ անլուրջ լուրին, ապա այստեղ բացատրելու կարիք էլ չկա, որովհետեւ, եթե որեւէ այդպիսի նպատակ լիներ, ես Հանրապետական կուսակցության ցուցակով չէի գնա, եւ եթե այդպիսի նպատակ լիներ, ի՞նչ կարիք կար հետաձգել, երբ կարելի էր անել ընտրություններից անմիջապես հետո։ Ընդհանրապես այդպիսի բան չկա եւ, կարծում եմ, որ իմ՝ գոնե վերջին երեք տարիների գործունեությունը խոսում է այն մասին, որ մշտապես ցանկացել եմ ամրապնդել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիրքերը, որովհետեւ դա առաջին հերթին ինձ անհրաժեշտ է որպես պաշտպանության նախարարի, որպեսզի կառավարությունն ամուր լինի, որպեսզի բյուջեն կատարվի, որպեսզի բանակը ամբողջապես եւ պարբերաբար ստանա իր հասանելիքը։ – Բանակի ֆինանսավորման աղբյուրները բյուջեից բացի ինչպե՞ս են գոյանում, մանավանդ՝ արտաբյուջետային ֆինանսավորումը դուք եւս չեք ժխտում։ – Իմ ասածը մի քիչ այլ կերպ էր հնչում, ես ասել եմ, թե բանակը բյուջեից որքան է ստանում, ես չեմ ասել, որ բանակն ունի արտաբյուջետային միջոցներ։ Իսկ թե նաեւ որտեղի՞ց է բանակը կարողանում ապահովել իր կարիքները, չեմ կարծում, սա այն թեման է, որ ես պիտի մանրամասնեմ։ Բայց մի բան կարող եմ ասել՝ եթե զուտ սպառազինության համար մենք բյուջեում գրեթե ոչինչ չենք նախատեսում, բայց պարբերաբար ձեռք ենք բերում սպառազինություն (փամփուշտ, հրանոթ, արկ, տանկ, BԾկ- եւ այլն), նշանակում է, որ կան այլ աղբյուրներ։ Եվ այս աղբյուրները պարտադիր չէ, որ արտահայտված լինեն դրամական միջոցներով։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել