Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԵՐԵԼ Է»

Հոկտեմբեր 01,2003 00:00

«ՄԵՐ ԲԱԽՏՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԵՐԵԼ Է» Կարծում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլին «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերության գոյության տասը տարիների ընթացքում եղել են վերելքներ եւ անկումներ: Ընկերությունը երեք անգամ փակվել է: Ապա՝ բացվել, իսկ այսօր ամենադիտվողն է Վրաստանում, եւ ունի օբյեկտիվ եւ վստահելի հեռուստաընկերության համբավ: Շատերն են հիշում Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հետ «Ռուսթավի 2»-ի ունեցած բախումը, երբ ԱԱԾ-ն մտել էր հեռուստաընկերության տարածք: Ավելի ուշ ԱԱԾ ղեկավարը հրաժարական տվեց: Իսկ հասարակությունը կարողացավ պաշտպանել իր սիրելի հեռուստաընկերությունը: «Ռուսթավի 2»-ի ղեկավարը երկուշաբթի «Ինտերնյուսի» հրավերով Երեւանում է, մասնակցում է «Հեռուստատեսություն. կառավարման արվեստ» խորագրով համաժողովին: Առիթից օգտվելով, մենք նրան մի քանի հարց ուղղեցինք. – Պարոն Կիցմարիշվիլի, Հայաստանում իշխանությունների դուդուկի տակ չպարող հեռուստաընկերությունները կամ փակվում են, կամ «խելոքանում», եւ սովորում այդ «պարը»: Ձեզ ինչպե՞ս հաջողվեց մնալ եթերում այսքան տարի եւ չկորցնել դեմքը, լինել անաչառ: – Մեզ երեք անգամ փակել են: Բայց միեւնույն է, հետո ստիպված են եղել նորից բացել: Իրականում միակ տարբերակը, միակ ճանապարհը պայքարելն է: Իհարկե, պայքարի դեպքում ռիսկի գործոն կա՝ կարող ես հաղթել, կարող ես պարտվել: Բայց առանց պայքարի որեւէ բանի միեւնույն է՝ չես հասնի: Մեր բախտը ուղղակի բերեց: – Այսինքն, Դուք կարծում եք, որ ձեր գոյությունը պատահականությո՞ւն է: – Այո, ես այդ կարծիքին եմ: Մեզ ճակատագիրը ժպտաց եւ մենք հաղթեցինք: Այդպես եմ կարծում, քանի որ դա բացառություն է համընդհանուր միտումներից: Նախկին Միության ողջ տարածքով մեկ այդպիսի իրավիճակներ առաջանում էին, եւ, ցավոք, գրեթե միշտ պարտվող կողմը լինում էր հեռուստաընկերությունը: Ես հույս ունեմ, որ մենք մինչեւ վերջ կշարունակենք հաղթել: – Մինչեւ ո՞ր վերջը: – Մինչեւ այն ժամանակ, երբ իրավիճակը մեր երկրներում կգա նրան, որ իշխանությունները կընդունեն ցանկացած հեռուստաընկերության, ցանկացած լրատվամիջոցի իրավունքը՝ անել այն, ինչ իրենք համարում են անհրաժեշտ, իսկ սահմանափակումներ կարող են դնել միայն օրենքը եւ հասարակությունը՝ հասարակական պահանջը, եւ ոչ թե՝ իշխանությունները: – Դուք երբեւէ գնացե՞լ եք որեւէ փոխզիջման իշխանությունների հետ՝ հանուն ձեր գոյատեւման: – Ոչ, կոմպրոմիսներ չեն եղել, բայց եղել են որոշակի հնարավորություններ՝ փնտրել հարաբերություններ, եւ չանցնել ընդդիմության շարքերը: Մենք միշտ աշխատել ենք պահպանել օբյեկտիվությունը , եթե նույնիսկ երբեմն այդ անաչառությունը թվում էր սկզբունքորեն մեզ համար անընդունելի: Բայց դա կոմպրոմիս չէր: Մենք ուղղակի նայում էինք իրերին նաեւ իրենց տեսանկյունից: – Ի՞նչպես: – Հարկավոր է երբեմն ինքդ քեզ դնես իշխանությունների տեղը, նրանց աչքերով նայես այն ամենին, ինչ դու լուսաբանում ես: Եվ եթե կային բաներ, որ մեզ թվում էր, թե սխալ է, մենք փորձում էինք ուղղել, բայց ոչ թե պայմանավորվում էինք, համագործակցում, այլ ուղղակի աշխատում էինք լինել օբյեկտիվ: – Բանավեճը՝ արդյո՞ք հեռուստատեսությունը նույնպիսի բիզնես է, ինչպես մնացյալ ամեն ինչ, թե, այնուամենայնիվ, մի փոքր այլ բան է, անընդհատ շարունակվում է: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: – Իրականում հեռուստատեսությունն, իհարկե, պետք է լինի պարզապես բիզնես, բայց երկրներում, որոնք շատ դանդաղ են զարգանում, ինչպես իմ երկիրը, (հուսով եմ՝ ձեր երկիրն ավելի արագ է զարգանում) տարեցտարի ավելի դժվար է դառնում բիզնես անելը: Հեռուստատեսությունը ոչ միայն բիզնես է: -8230 Նաեւ մի քիչ իշխանությո՞ւն: – Չէ, ես չէի ասի իշխանություն, այլ մի սոցիալական ինստիտուտ, որն ազդեցություն ունի հասարակության, հասարակական կարծիքի ձեւավորման վրա, եւ դրա միջոցով ներազդում է քաղաքականության վրա: Դա մաքուր բիզնես չէ, դա ռեստորան չէ, կազինո չէ, որոնց միակ նպատակը «փող շինելն է», դա նաեւ ինչ-որ տեղ հասարակության համար պատասխանատվություն է: – Գուցե դա է պատճառը, որ ռեստորանը կամ կազինոն լավ առաջարկի դեպքում շատ ավելի հեշտ է վաճառել, քան քո իսկ ստեղծած TV-ն, որն ինչ-որ իմաստով քո զավակն է դառնում: – Ես կասեի ավելին, ոչ թե զավակը, այլ կյանքի իմաստը: Առանց զավակների երբեմն հնարավոր է լինում ապրել՝ գուցե մեծագույն դժվարությամբ, բայց կորցնել կյանքի իմաստը՝ սարսափելի է: Այդ պատճառով շատ դժվար է վաճառել հեռուստատեսությունը: Ավելի լավ է գործընկեր գտնելը: Ես չգիտեմ որեւէ մեկին, որ վաճառել է իր TV-ն եւ հիմա երջանիկ է: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել