Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ՍՏԱԴԻՈՆ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Ա

Հոկտեմբեր 01,2003 00:00

ԲԱ ՍՏԱԴԻՈՆ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ Ա Հայաստանը ժամանակակից մարզակառույցներով, հատկապես՝ ֆուտբոլային, հարուստ չէ։ Հետեւաբար, այդպիսիք կառուցելու ամեն մի մտահղացում, նախաձեռնություն մեզանում պետք է խրախուսվի։ Իսկ եթե նախաձեռնողները օգնություն չեն խնդրում, այլ պատրաստ են բոլոր ծախսերը կատարել իրենց միջոցներով, նրանց պետք է փայփայել։ Բայց Հայաստանում զարմանալի կլիներ, եթե հակառակ վերաբերմունքի ու մոտեցման օրինակներ չունենայինք։ Տվյալ դեպքում դրա գլխավոր գործող անձինք տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Մոտ մեկուկես տարի առաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը գնեց «Նաիրի» ստադիոնը՝ խորհրդային տարիներից ի վեր շինարարի մատ կպած չլինելու պատճառով քայքայվող մարզակառույցը հիմնովին վերանորոգելու, եղած պայմաններին նորերն ավելացնելու նպատակով։ Դրանով Երեւանը կունենա եվրոպական չափանիշները բավարարող ստադիոն։ Սա նաեւ օրվա հրամայական է, որովհետեւ ֆուտբոլում, համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաները չափազանց խստապահանջ են բոլոր հարցերում։ Նրանց համար մանրուքներ ու երկրորդական խնդիրներ չկան։ Բայց, երեւում է, մեր չինովնիկների մի մասը հետաքրքրության այլ շրջանակներ ունի։ Ու ստացվում է, որ գուցե չիմացության պատճառով իր որոշումներով ակամայից խանգարում է ֆուտբոլի բնականոն զարգացմանը, եթե չասենք՝ վնասում է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամ է։ Մեր հավաքական թիմերը, առաջատար ակումբները հանդես են գալիս աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, եվրագավաթների խաղարկության ընտրական մրցաշարերում։ Իսկ միջազգային այս ֆեդերացիաները, ինչպես ասացինք, պահանջկոտ են շատ հարցերում։ Այսօր Հայաստանը բարձրակարգ ստադիոնների լուրջ խնդիրներ ունի։ Միակը, որտեղ կարելի է միջազգային պաշտոնական հանդիպումներ անցկացնել, «Հանրապետականն» է։ Ուրիշ ստադիոն չունենալու պատճառով ՀՖՖ-ն ամեն անգամ ծանր վիճակի մեջ է ընկնում։ Օրինակ, հոկտեմբերի 11-ին մեր ազգային հավաքականը «Հանրապետականում» ընդունելու է Իսպանիային։ Նախորդ օրը նշանակված է երիտասարդների մրցամարտը։ Որտե՞ղ են խաղալու։ ՈՒԵՖԱ-ն մերժում է Գյումրիի տարբերակը, որովհետեւ այնտեղի ստադիոնը, որ որակով երկրորդն է հանրապետությունում, ՈՒԵՖԱ-ի պահանջներին չի բավարարում։ ՀՖՖ-ն էլ ստիպված խնդրել է, որպեսզի այս անգամ երիտասարդներին էլ թույլատրվի խաղալ «Հանրապետականում»։ Երկրորդ ստադիոն չունենալը բոլորիս, երկրի ամոթն է։ Հիմա «Փյունիկը» սարքում է ստադիոնը եւ ուզում է աշխատանքներն ավարտել մինչեւ հաջորդ մրցաշրջանի մեկնարկելը։ Բայց հարկադրաբար անում է նախատեսվածի միայն մի մասը։ Խոչընդոտողը ժամանակին կայացրած անհեթեթ որոշումներն են, որոնց պատճառով եկող տարի կունենանք մեր չափանիշներով եւս մի ստադիոն, որը նույնպես ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն չեն ընդունի։ Միջազգային այս կազմակերպությունների առաջնային պահանջներից մեկը ստադիոններում անվտանգությունն ապահովելն է ոչ միայն կառույցի ներսում, այլ նաեւ շրջակայքում։ Այսինքն, ստադիոնից որոշակի կոնկրետ հեռավորության վրա մարդկանց կյանքին սպառնացող ոչինչ չպետք է լինի։ Օրինակ, բենզալցման կայան։ Մինչդեռ, մեր սիրելի տեղական ինքնակառավարիչների թեթեւ ձեռքով «Նաիրիում» շինարարական աշխատանքներն սկսվելուն զուգահեռ, շրջակայքի հողատարածքները բենզալցակայան կառուցել ցանկացողներին շռայլաբար հատկացվելու գործընթաց է ծավալվել։ Դրանց տերերն էլ տարածքները ձեռնտու գնով «Փյունիկին» վաճառելու հույսով մի կարճ ժամանակ հապաղելուց եւ մերժվելուց հետո սկսել են իրենց օբյեկտների շինարարությունը։ «Որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մարդ եւ մարզաձեւը սիրող գործարար, ամեն ինչ անում եմ մեր մարզադաշտերը կառուցելու համար,- ասում է Ռուբեն Հայրապետյանը։- «Նաիրիի» հետ կապված խնդիրը բազմիցս բարձրացրել եմ համապատասխան ատյանների ու անձանց առջեւ։ Բացատրել եմ հարցի կարեւորությունը, մանրամասն պատմել մեր ծրագրերի մասին։ Պարզից էլ պարզ է. ստադիոններին վտանգավոր մոտիկության վրա բենզալցակայան կառուցել չի կարելի։ Դա քաղաքաշինության նորմերի պահանջն է նաեւ։ Մենք կառուցում ենք ստադիոնը, դարձնում միջազգային մակարդակի մարզահամալիր։ Նկատի ունենալով, որ այնտեղ միջազգային խաղեր կարելի կլինի անցկացնել, ուզում ենք կառուցել երկրորդ տրիբունան եւ ընդհանուր նստելատեղերի թիվը հասցնել 12 հազարի։ Այստեղ ամեն օր երեխաներ են մարզվելու, երկրի առաջնության խաղեր են լինելու, երեւանցիները պիտի գան ու օգտվեն։ Այս ամենը նաեւ մեր երկրի համար է, վերջին հաշվով Հայաստանի հեղինակության հարց է։ Ամոթ է, որ այս երկիրը չունի երկրորդ, երրորդ ստադիոն։ Մրցակիցները դժկամությամբ են գալիս՝ անգամ պաշտոնական խաղերի։ Սա միայն ֆեդերացիայի հոգսն ու ամոթը չէ։ Ժամանակին սխա՞լ է թույլ տրվել, պետք է ուղղել։ Մի՞թե երկրի պատիվն ու մի քանի բենզալցակայանները կարելի է դնել միեւնույն նժարի վրա ու… ընտրել երկրորդը։ Ես շինարարությունն սկսել եմ ու ավարտելու եմ անկախ ամեն ինչից։ Բայց եթե հարցը չլուծվի, նախատեսվածն ամբողջությամբ չեմ անի։ Հույսս դեռ չեմ կորցնում։ Հիմա էլ հայտարարում եմ՝ եթե ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի բնական ու արդար պահանջները (դրանք նաեւ մեր ժողովրդի շահերից են բխում) ապահովվեն, «Նաիրիում» աշխատանքները նոր թափով կծավալվեն, լրիվ կկատարենք այն ամենը, ինչ ծրագրել ենք նախապես, ու Երեւանը կունենա մի եզակի մարզահամալիր։ Ավելին ասեմ։ Հիմա ՖԻՖԱ-ում եւ ՈՒԵՖԱ-ում քննարկվում է արհեստական ծածկի անցնելու նպատակահարմարությունը։ Եթե որոշում կայացվի, դա էլ ենք անելու եւ «Նաիրին» կլինի Հայաստանում ու տարածաշրջանում արհեստական ծածկ ունեցող առաջին ստադիոններից մեկը»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել