Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար եւ անարյուն»

Հոկտեմբեր 03,2003 00:00

«Արդար եւ անարյուն» Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում տարօրինակ եւ տագնապեցնող լռություն էր տիրում։ Առաջին հայացքից քաղաքն ապրում էր իր ամենօրյա հոգսերով եւ սովորական տեմպով։ Սակայն, գրեթե ամենուրեք՝ փողոցներում եւ նրբանցքներում, խանութներում եւ այլեւայլ հաստատություններում մի տեսակ անմարմին լարվածություն էր զգացվում։ Խորհրդարանական ընտրություններին հաշված ժամեր էին մնացել։ Քարոզչություն այլեւս չկար։ Կար միայն համր եւ լարված սպասում։ Եվ դա միանգամայն հասկանալի էր։ Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ եռանդով շրջանառվում էր «ազատ, արդար եւ թափանցիկ» արտահայտությունը, ինչը, սակայն, իրականության չվերածվեց։ Վրաստանում ընտրությունների առիթով ավելի հաճախ օգտագործում են «արդար եւ անարյուն» մակդիրները։ Բախումների հավանականությունը չափազանց բարձր էր գնահատվում։ Թբիլիսիում կայացած՝ հակամարտությունների լուսաբանման թեմայով միջազգային սեմինարի օրերին փորձեցինք Վրաստանում տիրող նախընտրական իրավիճակի գնահատականներ լսել տեղացի լրագրողներից եւ վերլուծաբաններից։ Մի հարցում բոլորը համակարծիք էին. քաղաքական պայքարն ընթանում է խիստ պայթյունավտանգ մթնոլորտում եւ խաղի մեջ մտած ուժերն ամենեւին մտադիր չեն ինչ-ինչ հարցերում դույզն-ինչ զիջումների գնալ։ Ըստ մեր վրաց գործընկերների, այդ վիճակը մեծ չափով պայմանավորված է չափազանց բարձր «խաղադրույքներով», քանզի խորհրդարանական ընտրությունները միանշանակորեն կանխորոշելու են, նաեւ, մեկ տարի անց կայանալիք նախագահական ընտրությունների ճակատագիրն ու՝ առհասարակ, ուժերի վերադասավորման նոր սխեման։ Վրաց լրագրողների գնահատականներն առանձնապես չտարբերվեցին նաեւ կանխատեսումների հարցում։ Ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր հորջորջվող քաղաքական միավորումները գաղափարական տարաձայնություններ չունեն եւ մեծ հաշվով չունեն նաեւ վառ արտահայտված գաղափարներ։ Պայքարն ընթանում է բացառապես իշխանության հասնելու կամ իշխանությունը վերանվաճելու դրդիչներով։ Ուստի, ըստ մեր զրուցակիցների, գաղափարներն ու ըստ այդմ՝ դրանց նկատմամբ հասարակական համակրանքն առանձնապես դեր չեն խաղում։ Եվ, այնուամենայնիվ, ովքե՞ր կհայտնվեն նոր խորհրդարանում։ Թբիլիսյան դիտորդները նշում են, որ մասնակից 24 քաղաքական միավորումներից ամենառեալ շանսերն ունեն մի քանիսը միայն։ Առաջին հերթին «Հանուն նոր Վրաստանի» նախագահամետ բլոկը, որը պահանջվող 7 տոկոսը կհատի հիմնականում վարչական ռեսուրսների շնորհիվ։ Ապա, խորհրդարանում զգալի չափով մանդատներ հավաքելու շանսեր ունեն ընդդիմադիր համարվող երեք ուժեր, որոնց առաջնորդներն են խորհրդարանի ներկայիս խոսնակ՝ «դեմոկրատ» Նինո Բուրջանաձեն, Միխայիլ Սահակաշվիլին եւ ոչ բացահայտ խաղացող՝ Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեն։ Իսկ ինչո՞ւ ընդդիմադիրները չեն միավորվում. մեր այս, թվում է թե՝ շատ տրամաբանական հարցին, վրաց վերլուծաբաններից մեկն այսպես պատասխանեց՝ «Նրանք, գուցե թե, միմյանց ավելի շատ են ատում, քան իշխանական բլոկին։ Ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից»։ Միանգամայն ճիշտ դիտարկում։ Սակայն՝ ով-ով, բայց մենք հո լավ ենք հասկանում նրանց։ Իսկ այսօր վրացական իրականությունը, թերեւս, հիմնական գծերով պարզ կդառնա։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031