Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԱՅԴ ՕՐԸ ՏՈՆ ԴԱՌՆԱՐ»

Հոկտեմբեր 03,2003 00:00

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԱՅԴ ՕՐԸ ՏՈՆ ԴԱՌՆԱՐ» «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության բաց նամակը Ինտերնյուսը ս.թ. հոկտեմբերի 1-ին ամփոփեց հեռուստատեսային լրատվության մրցույթի արդյունքները։ Մասնագիտական համաժողովի շրջանակներում մենք անցկացրեցինք վարպետության դասեր, մրցութային աշխատանքների բաց քննարկումներ եւ վերջապես՝ հանդիսավոր մրցանակաբաշխություն։ Մենք շատ էինք ուզում, որ այդ օրը տոն դառնար հեռուստատեսության ոլորտում աշխատող մարդկանց համար, գեթ մեկ օրով նրանց կտրել լրատվական ամենօրյա հոգսերից, փորձել կողքից նայել մեր՝ լրագրողներիս աշխատանքին, մտորել եւ բանավիճել մեր արածի շուրջ։ Բայց մենք ենթադրել անգամ չէինք կարող, որ այդ զուտ մասնագիտական միջոցառումը կդառնա հերթական շահարկումների եւ ինֆորմացիոն բախումների առիթ, ինչն ամենեւին էլ չի նպաստում լրագրողական միջավայրում առողջ մթնոլորտի հաստատմանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին «Առավոտ» եւ «Այբ-Ֆե» թերթերում տպագրված հոդվածներում ասվում է. «Հատուկ եւ գլխավոր մրցանակի արժանացած Վիկտորյա Աբրահամյանի տեսանյութը ՀՀ նախագահի ընտրությունների մասին էր…» «…Հանրային հեռուստատեսության ներկայացրած 10 աշխատանքներից որեւէ մեկը այդպես էլ մրցանակի չարժանացավ։ Ավելին, Հանրային լրատվական ծրագիրը պարտվեց «Ցայգի» «Ազդարար» լրատվական ծրագրին։ Վերջինս ճանաչվեց «Լավագույն լրատվական ծրագիր»։ Ուզում ենք որոշակիորեն հստակեցնել այս ինֆորմացիան։ 1. Ինտերնյուսի մրցույթն անցկացվում էր 5 անվանակարգով. լրատվական ծրագիր, սյուժե, ռեպորտաժ, ակնարկ սոցիալական թեմայով, ընտրությունների վերաբերյալ սյուժե, իրադարձային ռեպորտաժ, լրագրողական հետաքննություն (սյուժե, ֆիլմ)։ Մրցույթի ժյուրիի կազմը, որն առաջին իսկ օրից հայտնի էր բոլորին եւ ընտրվել էր բոլոր հեռուստաալիքների հանդեպ չեզոքության սկզբունքով, որոշեց երեք՝ իրադարձային ռեպորտաժ, լրատվական ծրագիր, լրագրողական հետաքննություն անվանակարգերում մրցանակներ չշնորհել։ Կարծում ենք, որ ժյուրիի ցանկացած անդամ, որոնցից ոչ ոք, ի դեպ, «Ինտերնյուսից» չէ, սիրով կմեկնաբանի այդ որոշումը։ Նշենք միայն, որ «Լրատվական ծրագիր» անվանակարգում մրցանակ չէր շնորհվել, քանի որ խոշոր հեռուստաընկերությունների մեծ մասն այդ մրցույթին հայտ չէր ներկայացրել։ Իսկ հանրապետության լավագույն լրատվական ծրագիր ճանաչել «խաղացողների հիմնական կազմի» բացակայությամբ՝ նպատակահարմար չէր։ «Ինտերնյուսը» միանգամայն համաձայն է ժյուրիի այդ որոշման հետ։ 2. Հակառակ մամուլում հրապարակված լուրերի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մրցույթին լրատվական ծրագիր չի ներկայացրել։ 3. Ժյուրին երկու հիմնական մրցանակներ շնորհել էր միայն երկու անվանակարգում։ «Սոցիալական ռեպորտաժ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ար» հեռուստաընկերության լրագրող Հակոբ Բադալյանի ներկայացրած աշխատանքը։ «Ընտրությունների մասին սյուժե» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Այբ-Ֆե» լրատվական գործակալությունից Վիկտորյա Աբրահամյանին, որի սյուժեն եթեր էր գնացել Գյումրիի «Ցայգ» եւ մարզային մի շարք այլ հեռուստաալիքներով։ Նշենք, որ ըստ պայմանների՝ մրցույթին կարող էին մասնակցել ինչպես հեռուստաընկերությունները, այնպես էլ հեռուստաարտադրանք թողարկող ստուդիաները։ 4. Ժյուրին որոշել էր շնորհել նաեւ հատուկ եւ խրախուսական մրցանակներ։ Նշենք, որ դրանք շնորհվել են ոչ թե լավագույն սյուժեներին, այլ այն աշխատանքներին, որոնք արժանացել են ժյուրիի ուշադրությանը՝ բնորոշ ուղղվածության կամ հատուկ մոտեցման համար։ Այսպես՝ «Ցայգ» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը ստացավ հատուկ մրցանակ, որպես «Լավագույն մարզային հեռուստատեսային ծրագիր»։ Այն չի մրցակցել մայրաքաղաքային հեռուստատեսությունների, այդ թվում հանրային հեռուստատեսության հետ։ 5. Մրցույթին ներկայացվել էին 16 հեռուստաընկերությունների եւ ստուդիաների 80 աշխատանք, որոնցից մրցանակ են ստացել միայն վեց հեռուստակայան։ 6. Եվ վերջապես. «Ինտերնյուս Ռուսաստանի», մեր գործընկերները հատուկ մրցանակ շնորհեցին «Շողակաթ» հեռուստաընկերությանը՝ «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում ներկայացված աշխատանքի համար։ Աշխատանքը գնահատվել էր որպես հեռուստատեսային պատմական հետաքննության հրաշալի օրինակ։ Մրցույթի ժյուրին չի գնահատել այս կամ այն հեռուստակայանին կամ լրագրողին։ Մրցանակները տրվել են առանձին աշխատանքների։ Իսկ մրցույթին ներկայացվող աշխատանքները միշտ չէ, որ հեռուստաընկերության լավագույն արտադրանքն է։ Եվ վերջնական դատավճիռ կայացնողն, անշուշտ, հեռուստադիտողն է։ Մենք կցանկանայինք ճշգրտել որոշ տեղեկություններ ոչ միայն այն պատճառով, որ համարում ենք, թե պրոֆեսիոնալ լրագրությունը ենթադրում է ցանկացած լրատվության հավաստիություն, այլ նաեւ այն պատճառով, որ չենք ցանկանում, որ մասնագիտական միջոցառումները դառնան նոր բախումների առիթ։ Մենք հայտարարում ենք, որ մեր հետաքրքրությունների շրջանակը եղել եւ մնում է բացառապես մասնագիտական ոլորտում՝ հակառակ նման քննարկումներն այլ հարթություններ տեղափոխելու փորձերին։ Մենք մեր խորին հարգանքն ենք հայտնում լրատվական ծրագրերի մրցույթին հայտ ներկայացրած բոլոր լրագրողներին եւ հեռուստաընկերություններին։ Մենք կտրականապես դեմ ենք մեր մրցույթում մրցանակների չարժանացած ցանկացած հեռուստաընկերության հանդեպ անբարեհաճ եւ ծաղրական վերաբերմունքին։ Այդ կարգի վերաբերմունքը մենք համարում ենք լրագրողական ոչ պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային անհանդուրժողականության դրսեւորում։ Ուզում ենք նշել, որ մրցույթում տարած հաղթանակը դեռեւս բարձրագույն վարպետության ապացույց չէ. մենք բոլորս հեռու ենք դրանից։ Եվ ցանկացած ստեղծագործական հաջողություն միայն լրացուցիչ խթան է։ Բայց հաղթանակի բացակայությունը չպետք է հիասթափության պատճառ դառնա։ Հասկանալի է, թե ինչքան դժվար է եթերային հարահոսի պայմաններում բացառիկ, հեղինակային սյուժեներ արտադրել։ Հենց դա է մի քանի անվանակարգերում հաղթողների բացակայության պատճառներից մեկը։ Վերջում ուզում ենք նշել, որ մենք իսկապես այս կամ այն հեռուստաընկերության բախտը որոշող ատյան չենք եւ ոչ էլ հավակնում ենք լինել։ Եվ չարժե դրա վրա թերթերի էջեր ծախսել։ Լրագրության կոչումը բացահայտ ներկայացնելը չէ։ Բայց մենք թանկ ենք գնահատում բարի եւ բաց այն գաղափարները, որ դրված են անցած մրցույթի եւ մեր աշխատանքի հիմքում, եւ բարոյական իրավունք ենք վերապահում մեզ՝ չընդունելու մասնագիտական հաջողության օգտագործումը գործընկերների դեմ՝ նոր բախումներ հրահրելու համար։ Ի վերջո, իսկական պրոֆեսիոնալիզմը երբեք էլ չի բացառում համեստությունն ու հարգելու կարողությունը։ Իսկ մենք դեռեւս հավատում ենք այդ պրոֆեսիոնալիզմին։ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության վարչությունՑավում ենք, որ օգտվելով www.a1plus.am սայթից, տպագրել ենք ոչ ճշգտրիտ լրատվություն՝ բնականաբար, որեւէ «հետին միտք» չունենալով: Փաստ է նաեւ, որ լրագրողական պրոֆեսիոնալիզմի առումով բոլորս դեռ հեռու ենք կատարելությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031