Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՎԱՎՈՐԵՆՔ ՄԻՋԻՆ ԼՈՒՐ»

Հոկտեմբեր 10,2003 00:00

«ՁԵՎԱՎՈՐԵՆՔ ՄԻՋԻՆ ԼՈՒՐ» Երեկ ՀՌԱՀ-ի կազմակերպած մրցույթին ներկաներից մեկը կեսկատակ սա հռչակեց «Սինեմաքսի» կարգախոսը, երբ հայտարարվեց, որ այդ ընկերության hիմնադիրը «Մաքս գրուպն» է: Հիշեցնենք, որ այն պատկանում է ՀԺԱՄ համամասնական ցուցակում 2-րդին՝ Հարություն Փամբուկյանին: 3-րդ մետրային եւ 63-րդ դեցիմետրային կապուղիների մրցույթների այլ մասնակիցներն իրենց կարգախոսները հայտնում էին առաջարկները ներկայացնելիս: «Ար»-ը նշեց, թե գործում է «Պաշտպանել անպաշտպաններին եւ անհանգստացնել չափազանց պաշտպանվածներին» կարգախոսով: Իսկ «Ա1+»-ի կարգախոսը հայտնի է՝ «Դիտեք մեզ՝ ճանաչեք ձեզ»: Սակայն կարգախոսներով չպիտի որոշվեն հաղթողները, այլ՝ համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ 4 չափանիշներով, որոնցով է իբր առաջնորդվում մեր սաստիկ անկախ ՀՌԱՀ-ը: Ուստի դիտարկենք, թե ինչպես են մրցույթի մասնակիցները խոստանում բավարարել այդ չափանիշները: Նախ մեջբերենք 3-րդ մետրային կապուղու հայտերից: Հայրենական արտադրության հաղորդումների գերակայություն: «Ար»-ը խոստանում է 2003-ին ապահովել 50% հաղորդումներ, իսկ «Ա1+»-ը՝ 80%: Սեփական արտադրության հաղորդումների գերակայություն: «Ար»-ը խոստանում է 2003-ին ապահովել 45% հաղորդումներ, իսկ «Ա1+»-ը՝ 85%: Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն: «Ար»-ը նշեց, թե ներկայումս ունի 100 աշխատակից: «Ա1+»-ի աշխատակազմն այնպիսին է, որ եթերից զրկելով հանդերձ՝ ՀՌԱՀ-ը գովեստի խոսքեր չխնայեց նրանց հասցեին: Տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ: Հանձին «Գրանդ» խմբի՝ նոր սեփականատեր գտնելուց հետո՝ 2003-ի գարնանը «Ար»-ը վերազինվել է թվային տեխնիկայով: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Գրանդ Քենդին» եւ «Գրանդ Սան»-ն առայժմ «Ար»-ին տրամադրում են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, թեեւ առաջիկայում հեռուստաընկերությունը նախատեսում է անցնել ինքնաֆինանսավորման: 2003-ին «Ար»-ի գործունությունն ապահովելու համար ներդրվել է 300 մլն դրամ: Հեռուստաընկերությունը պարտավորվում է 2004-ին ներդնել 320 մլն դրամ (շուրջ 550 հազար $), 2005-2010-ին տարեկան 410 մլն դրամ (շուրջ $700 հազար): Իր նախագծի իրականացման համար «Ա1+»-ը խոստանում է ապահովել $1 մլն 200 հազարի միջոցներ: Հեռուստաընկերության ներկայացուցիչը նաեւ նշեց, թե պայմանավորվածություններ ունեն գովազդային արշավների վերաբերյալ եւ փաթեթի հավելվածում կցված են այդ պայմանագրերը: Հավաստագրերում նշված ընդհանուր գումարը $2 մլն 850 հազար է: «Ա1+»-ն այս ընթացքում ձեռք է բերել նաեւ տեսանկարահանման, մոնտաժային եւ լուսավորման նորագույն տեխնիկական միջոցներ: Նկատենք, որ «Ա1+»-ի ներկայացուցիչներն առանց որեւէ էնտուզիազմի ներկայացրին 3-րդ մետրային կապուղու համար իրենց առաջարկը, թեեւ այն բոլորովին չէր զիջում «Ար»-ին: Այլ էր պատկերը 63-րդ կապուղու պարագայում: 7-րդ անգամ իր փաթեթը բանավոր ներկայացնելու փոխարեն՝ «Ա1+»-ն այս անգամ ուղղակի տեսահոլովակ էր պատրաստել եւ կարճ ժամանակով հայտնվեց եթերում՝ ՀՌԱՀ-ի մոնիտորի վրա: Համեմատենք այս մրցույթի մասնակիցների հնարավորությունները: Հայրենական հաղորդումների գերակայություն: «Սինեմաքսն» ապահովելու է 2003-ին 55%, 2004-ին՝ 60%, «Նոյյան տապանը»՝ 2003-ին 67%, մինչդեռ «Ա1+»-ը՝ 2004-ին 80%, իսկ 2005-ին՝ 90%: Սեփական հաղորդումների գերակայություն: Հայրենական հաղորդումներում «Սինեմաքսի» սեփական հաղորդումների ծավալը 2003-2010-ին կկազմի 95%: «ՆՏ»-ինը՝ 1/3-րդը: «Ա1+»-ը 2004-ին խոստացավ 85% սեփական հաղորդումներ, իսկ 2005-ին՝ 90%: Լրատվական հաղորդումներ: 63 կապուղու համար ՀՌԱՀ-ը սահմանել է լրատվական ուղղվածություն: Եվ «Սինեմաքսը» խոստանում է, որ իր եթերի 80%-ը կլինեն լուրեր, «ՆՏ»-ն՝ 85%-ը, իսկ «Ա1+»-ը՝ 75%, բայց մինչեւ 2007-ը՝ 100%: Աշխատակազմի պատրաստվածություն: Այս առնչությամբ ուշագրավ է ՀՌԱՀ անդամ Արա Թադեւոսյանի հարցը «Սինեմաքս»-ի տնօրենին, թե ըստ փաթեթի՝ ընդամենը 4 լրագրող եւ 3 օպերատոր ունեք՝ մի՞թե դա բավարար է լրատվական ալիքի համար: Տնօրենը խոստացավ, թե ներգրավելու են նաեւ բուհերի ուսանողների: Տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ: «Սինեմաքսը» պնդեց, թե հեռարձակման համար որակյալ տեխնիկա ունի եւ խոստացավ 7 տարիների ընթացքում $2,5 մլնի ներդրումներ: «ՆՏ»-ն հայտնեց, թե արդեն իսկ անցնում էին թվային հեռարձակման, բայց եթերազրկումը կասեցրեց այդ գործընթացը: «ՆՏ»-ն առաջին տարում ակնկալում է $150 հազարի եկամուտ, որը կուղղի հեռուստաընկերության զարգացմանը, իսկ 3 տարում այն կհասցնի $550 հազարի: «Ա1+»-ի ֆինանսների եւ տեխնիկայի մասին վերոթվարկյալը վերաբերում է նաեւ այս մրցույթին: Հավելենք, որ հաշվի առնելով ՀՌԱՀ-ի մշտական թերահավատությունը հատկապես «Ա1+»-ի տեխնիկական միջոցների նկատմամբ՝ մրցույթից մի քանի օր առաջ «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը դիմել էր ՀՌԱՀ նախագահին՝ խնդրելով, որ սենյակ հատկացվի, որտեղ «Ա1+»-ը կցուցադրի իր տեխնիկան: Պատրաստակամություն է հայտնվել նաեւ փաթեթին կցել այդ բոլոր միջոցների տեխնիկական անձնագրերը: Սակայն ՀՌԱՀ նախագահը ասել է, թե միայն ցանկը բավական է: Այս զրույցը ձայնագրվել է պրն Ամալյանի համաձայնությամբ: Ի դեպ, «Ա1+»-ը նշեց, թե նախնական պայմանավորվածություն ունի «ԵվրոՆյուզի» հետ՝ արտոնագիր ստանալու դեպքում նրանց ծրագրերը վերահեռարձակելու վերաբերյալ: Մեր հարցին՝ չէ՞ որ այդ ընկերությունը ՀՀ-ում համագործակցում է «Ա1+»-ի մրցակցի հետ՝ Սուսաննա Օհանջանյանը պատասխանեց. «Մենք խոսել ենք «ԵվրոՆյուզ»-ի Փարիզի եւ ՌԴ գրասենյակների ներկայացուցիչների հետ, որոնք տեղեկացրել են, թե սկզբունքային տարբերություն չեն տեսնում՝ մե՞նք կվերահեռարձակենք, թե՞ «ԱրմՆյուզը»: Եվս մի մանրամասն՝ «Սինեմաքս» ընկերության տնօրենն ընթերցեց ԵՄ եվրահանձնաժողովի Վրաստանում եւ Հայաստանում ծրագրի համակարգող Սեբաստիան Դուպոստի նամակը, որտեղ նա բարի խոսքեր էր ասում նման հեռուստաընկերությունների կարեւորության, «բաց պատուհան» լինելու մասին եւ այլն: Որքան էլ զարմանալի թվա՝ նույն անձնավորության նամակը կա նաեւ «Ա1+»-ի մրցութային փաթեթում, որը բովանդակությամբ շատ ավելի որոշակի է: Նա հավաստում է, թե իրենց գրասենյակը հրաշալիորեն համագործակցել է «Ա1+»-ի հետ 2000-2001-ին. «Եվ հուսով ենք, որ ապագայում եւս հնարավորություն կունենանք շարունակել մեր համագործակցությունը, որը մենք համարում ենք ծայրահեղ օգտակար»: Մրցույթային առաջարկներին ՀՌԱՀ գնահատականները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին, ժամը 12-ին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031