Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչի կնմանվենք TRACECA-ի գործարկմամբ

Հոկտեմբեր 10,2003 00:00

Ի՞նչի կնմանվենք TRACECA-ի գործարկմամբ «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային միջանցքների գործունեությանն ու արդյունավետությանը եւ դրանց զարգացման համար պատրաստ է ցանկացած կառուցողական երկխոսության»,- ահա այսպիսի՝ TRACECA ծրագրի ոգուն հարազատ արձանագրում արեց իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ միջկառավարական հանձնաժողովի երրորդ՝ երեւանյան նիստի ժամանակ։ Ա. Մարգարյանը մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանը գտնվում է մի քանի տրանսպորտային միջանցքների խաչմերուկում եւ տարանցիկ բեռների փոխադրման հսկայական կարողություն ունի։ Կարողությունը՝ կարողություն, սակայն անգամ մի հպանցիկ հայացք նետելով նիստի մասնակիցներին բաժանված՝ TRACECA-ի քարտեզին, անմիջապես հայտնաբերում ես, որ այդ կարողությունը դեռ շատ երկար չիրացված կմնա։ Քննարկվող նախագծի՝ մեր հանրապետությանը վերաբերող առնվազն երկու հատվածի (Կարս-Գյումրի երկաթգիծ, Երեւան-Բաքու երկաթգիծ եւ ավտոճանապարհ) գործարկումը, գոնե տեսանելի ապագայում, իրական չի թվում։ Նորից ու նորից գալիս-հանգում ենք Հայաստանի զարգացումն ուղղակի խեղդող հիմնախնդրին՝ շրջափակմանը։ Իսկ շրջափակումն, իր հերթին, չի վերանա, քանի դեռ չեն կարգավորվել տարածաշրջանային հակասությունները։ Սակայն գուցե հենց այսպիսի տրանսազգային նախագծե՞րը կնպաստեն դրանց կարգավորմանը։ Լրագրողների հետ զրույցում երեկ հենց այդպիսի կարծիք հայտնեց նիստի մասնակից, TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը։ «Տա աստված, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Այն ժամանակ, անշուշտ, կհամագործակցենք»,- ասաց Մուստաֆաեւը, հավելելով, որ միայն տրանսպորտային համագործակցության զարգացմամբ է հնարավոր տնտեսությունների եւ մշակույթների ինտեգրացումը։ Ի դեպ, ուշագրավ է, որ TRACECA-ի շրջանակներում Ադրբեջանում արդեն իսկ իրականացվել է 60 նախագիծ, որոնցից 40-ը՝ տեխնիկական եւ 20-ը՝ ներդրումային բնույթի։ Ինչ մնում է մեզ, ապա առայժմ ստիպված ենք ընդամենն արձանագրել այս ծրագրի կարեւորությունը, ինչպես, ի դեպ, վարվեց նաեւ նիստի մեկ այլ մասնակից՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պեր Բրիքս Քնուդսենը։ Ըստ նրա, Հայաստանի համար չափազանց կարեւոր է համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, քանի որ ՀՀ-ն անմիջական ելք չունի դեպի ծով։ Չմոռանանք նշել, որ TRACECA-ին միանալու հայտ են ներկայացրել նաեւ Իրանն ու Աֆղանստանը, ինչը ողջունվեց մեր բոլոր զրուցակիցների կողմից։ Զրուցեցինք նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Քոլեյնիի հետ։ «Սա, իհարկե, տնտեսական ձեռնարկում է, թեեւ տնտեսությունն ու քաղաքականությունը միշտ թեւանցուկ են, եւ մենք ողջունում ենք ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ տարածաշրջանային հաղորդակցական նախագիծ»,- ասաց Քոլեյնին, հավելելով, որ առնվազն Հայաստան-Իրան տրանսպորտային կապի մասով որեւէ խնդիր չկա՝ երկու երկրների սահմանը բեռնատարները հատում են ամեն 11 վայրկյանը մեկ։ Երեւակայել միայն կարելի է, թե ինչ կենդանու կնմանվի Հայաստանը TRACECA-ի լիարժեք իրագործումից հետո, երբ արդեն հիմա նման է կովկասյան վագրի։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031