Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը գործի կեսն է

Հոկտեմբեր 10,2003 00:00

Ծրագիրը գործի կեսն է Թե՛ աղքատության նվազեցումը, թե՛ գերատեսչությունների կուսակցականացումը կլինի փուլային: Երեկ հասարակայնությանը ներկայացվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» (ԱՀՌԾ)։ Փաստաթուղթը մշակող գրեթե բոլոր կողմերը ներկա էին շնորհանդեսին՝ ՀՀ վարչապետից մինչեւ միջազգային դոնորական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հիշեց, որ երեք տարի է, ինչ ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում աղքատության նվազեցման խնդիրներին (ճիշտ իր պաշտոնավարման ժամկետն է)։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ողջույնի խոսքում ասաց, որ ԱՀՌԾ-ի իրականացման հաջողությունը կախված կլինի այն հանգամանքից, թե հասարակությունն ինչպես կընկալի այս ծրագրի նպատակները եւ դրանց հասնելու համար ընտրված միջոցառումները։ «Հայաստանի տնտեսությունը դառնում է միջազգայնորեն մրցունակ եւ մենք կարող ենք ակնկալել, որ այդ ձեռքբերումները եւ հաջողությունները երկարաժամկետ (ընդգծումը մերն է.- Ա. Գ.) հատվածում ուղղակի դրական ազդեցություն է թողնելու մեր քաղաքացիների բարեկեցության վրա»,- ակնհայտորեն շարունակելով արտգործնախարարի «վագրային» թեմատիկան ասաց վարչապետը։ Տրվեցին կենսաթոշակները, ընտանեկան նպաստները եւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացնելու խոստումներ։ Հայկական կողմի բոլոր ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին դոնորներին եւ այլ միջազգային կազմակերպություններին՝ ծրագրի կազմմանն աջակցելու համար։ Իսկ վերջիններիս, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների երեկվա խոսքը գրեթե կորչում էր սրահում տիրող աղմուկի մեջ։ Մեր զրույցում բրիտանական Օքսֆամ հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանից տեղեկացանք, որ կազմակերպությունը մասնակցել է ծրագրի մշակմանը, պատրաստվում է մասնակցել նաեւ իրականացմանը, հատկապես՝ մոնիտորինգին։ Փաստաթուղթը նա նախադեպ համարեց՝ ցանկացած կառավարության քաղաքականության եւ ռազմավարության համար քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու առումով։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ «կան գերատեսչական, միջգերատեսչական շահեր, որոնք կարող են խանգարել այս (ԱՀՌԾ-ով կառավարության ստանձնած) ցուցանիշների հարցում։ Դրա համար մենք շահագրգիռ ենք, որ գործընթացը լինի թափանցիկ, հրապարակային, վերահսկելի հասարակության կողմից»։ Իսկ այդ ցուցանիշները ոչ միայն վարչապետը, այլեւ նրա հավաստմամբ, միջազգային դոնոր կազմակերպություններն իրատեսական են համարում։ Այսօր մոտավորապես 50.9% կազմող աղքատությունը, համաձայն դրանց, 2005 թվականին կկրճատվի մինչեւ 41%, 2010-ին՝ 29.1, 2015-ին՝ 19.7% Հարցին, թե կարելի՞ է սա համարել կոալիցիոն կառավարության ծրագիրն այն բանից հետո, երբ 100 օրվա կապակցությամբ հրապարակային հաշվետվության ժամանակ Դաշնակցությունը կասկածի տակ դրեց ծրագրի արդյունավետությունը, վարչապետը պատասխանեց, որ Դաշնակցության առաջարկությունները տեղ են գտել ծրագրում։ Այնպես որ, սա համարվում է նաեւ նրանց ծրագիրը։ Իսկ ընդհանրապես, Ա. Մարգարյանը հենց սկզբում ասաց. «Եթե կառավարությունը հաստատել է, ուրեմն կոալիցիայինն է»։ Լրագրողներին բնականաբար հետաքրքրում էր նաեւ կոալիցիայում «փոխնախարարական» բանակցությունների թեման։ «Որ նախարարությունում որ կուսակցությունը պաշտոն կստանա՝ կերեւա ընթացքում, որովհետեւ դա փաթեթային չէ, այլ փուլային է լինելու։ Եվ երբ որ հրամանագրերը կլինեն, դուք էլ կլսեք եւ կիմանաք»,- նախորդ օրվա նման վարչապետը երեկ էլ չմանրամասնեց կադրային հարցը։ Նշանակումների առաջին փուլը լինելու է մոտակա օրերը՝ «կոնկրետացրեց» Ա. Մարգարյանը եւ զարմացավ, որ լրագրողները չեն հոգնում այդ թեմայով խոսելուց։ Ըստ նրա, կողմերից եւ ոչ մեկը նեղացած չէ. «Բոլորս էլ գոհ ենք։ Եկել ենք համաձայնության»։ Ձախողվեց նաեւ լրագրողների վերջին փորձը՝ պարզելու, թե արդյո՞ք առաջին նշանակումը երկուշաբթի է լինելու։ «Կսկսենք երկուշաբթվանից»,- անդրդվելի էր Ա. Մարգարյանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել