Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի տեսչությունը հորդորում է

Հոկտեմբեր 22,2003 00:00

Լեզվի տեսչությունը հորդորում է Երեկ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունն իր անհանգստությունը հայտնեց ՀՀ պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների եւ անձանց կողմից ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքից: Նույն թեմայով «հորդորակ» ներկայացվեց ԱԺ-ում՝ առանց անուններ նշելու: Սակայն տեսչության պետ Լեւոն Գալստյանը համոզված է, որ պատգամավորները տողատակերում իրենց կտեսնեն: «Հաճախ պաշտոնյաները սխալվում են՝ կարծելով, թե իրենց խոսակցական ցածր ոճը ավելի մատչելի է հասարակության համար: Չպետք է մյուսներին ընկալես քո աղտոտվածության չափով»,- հորդորում է տեսչության պետը: Ըստ Լ. Գալստյանի, հասարակությանը նյարդայնացնում է նաեւ ցուցանակների ու գովազդի լեզուն: Գովազդի մասին օրենքը սահմանում է հստակ լեզվական պահանջներ. գովազդի լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում այն կարելի է զուգակցել այլ լեզուներով, սակայն համեմատաբար փոքր տառաչափերով: Բացի այդ, բովանդակությամբ եւ ծավալով այդ օտարալեզու տարբերակը չպետք է գերազանցի պետական լեզվով տարբերակին: Պետք է նկատել, որ գովազդային վահանակներում կարգախոսները հիմնականում հայերեն են, իսկ ապրանքային նշանները՝ լոգոտիպերը, հիմնականում անգլերեն: «Օտար ծագում ունեցող ապրանքների պարագայում սա հասկանալի է, բայց հայրենական արտադրության դեպքում դա աններելի է,- կարծում է Լ. Գալստյանը,- հայ ձեռներեցները արտոնագրային վարչությունում գրանցում են իրենց ապրանքային նշանները բացառապես անգլերեն: Նրանք օգտվում են Ապրանքային նշանների մասին եւ Գովազդների մասին օրենքներում արված մի վերապահումից. այնտեղ նշված է, որ ապրանքանիշերի վրա լեզվական պահանջները չեն տարածվում»: Իհարկե, օտարամոլության հոգեբանական դրդապատճառները հայտնի են. դրանով մարդիկ փորձում են իբր ավելի քաղաքակիրթ թվալ: Ըստ պրն Գալստյանի, շատ ծնողներ կարծում են, թե ազգային կրթությունը չի կարող բավարար չափով ապահովել մեր երկրի զարգացումը եւ անհատի զարգացումը ու իրենց երեխաներին փորձում են խցկել ռուսական դասարաններ: Լեզվի տեսչության տվյալներով, որոշ տնօրեններ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ «չարդարացված» դասարաններ խմբավորելու համար տուգանքի են ենթարկվել: Մի այլ դեպքում դատարանը վճիռ է կայացրել Պռոշյան 23 հասցեում գտնվող «Ի, այ, եֆ» ռեստորանին միայն անգլերեն ցուցանակ ունենալու համար տուգանել 15 հազար դրամ, սակայն տուգանքը մուծելուց հետո էլ խախտումը չի վերացվել: Այստեղ է, որ մեր դատարանները պետք է կիրարկեն Աշխատանքային օրենսգրքի 40-րդ հոդվածը. «Վարչական պատասխանատվության ենթարկվելը չի ազատում այդ խախտումը վերացնելու պարտականությունից»: Լեզվի տեսչության պետի կարծիքով այսօր գրագետ է միայն «Հ1»-ի ու «Պրոմեթեւսի» լեզուն: Այս առումով բարձիթողի վիճակում է «Արմենիան», ինչը զարմանալի է, եթե հաշվի առնենք թեկուզ միայն Արտեմ Սարգսյանի ներկայությունն այստեղ: Լ. Գալստյանը այս համատեքստում հիշեց նաեւ մեր առողջապահական ոլորտի մասին, որտեղ բժիշկն ու հիվանդը միմյանց չեն հասկանում. առողջապահության համակարգում ռուսալեզվությունը խոր արմատներ ունի: Իսկ իրեն հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալը յուրաքանչյուր քաղաքացու՝ սպառողի սահմանադրական իրավունքն է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել