Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական երաշխիքնե՞ր

Դեկտեմբեր 02,2003 00:00

Հերթական երաշխիքնե՞ր Վիկտոր Դալլաքյանը կոչ է անում դատավոր Սամվել Ուզունյանին մի քանի օրով հետաձգել «27»-ի դատավճռի հրապարակումը: «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը ընդունվել է այս տարվա նոյեմբերի 5-ին։ Հիշեցնենք, որ այդ օրենքը նախատեսում է որոշ հանցագործությունների դեպքում ցմահ բանտարկություն առանց ներման իրավունքի։ Հասարակության եւ քաղաքական ուժերի մեծ մասը շահագրգռված է, որ այդ օրենքը կիրառվի «27»-ի ոճրագործների հանդեպ։ Բայց կկիրառվի՞ արդյոք։ Օրենքը նախագահական նստավայր է ուղարկվել նոյեմբերի 7-ին, նախագահը այն ստացել է նոյեմբերի 10-ին եւ ստորագրել է նոյեմբերի 26-ին։ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, ցանկացած օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։ Նախագահը օրենքը կարող էր ստորագրել նոյեմբերի 11-ին, 12-ին, մանավանդ կան մի շարք օրինակներ, երբ բավականին արագ են ստորագրվել որոշակի օրենքներ։ Օրինակ՝ ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքը ստորագրվել է ստանալու հաջորդ օրը։ Այդ ամենը ներկայացնելով, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վ. Դալլաքյանն ասաց. «եթե օրենքը ստորագրվեր ստանալուց անմիջապես հետո, մեկ-երկու օրվա ընթացքում, ապա ամենաուշը մինչեւ նոյեմբերի 25-ը օրենքը կլիներ ուժի մեջ։ Սակայն նման բան հնարավոր էր, եթե լիներ խնդիրը լուծելու ցանկություն։ Փաստորեն, կես էջանոց, 2 հոդվածանոց օրենքը ամենեւին դժվար չէր արագ կարդալ եւ ստորագրել, կրկնում եմ՝ եթե կար ցանկություն։ Այսինքն՝ կես էջը 16 օրո՞ւմ էին կարդում։ Ակնհայտ է, որ դիտավորություն է տեղի ունեցել»։ Հարցի իրավական կողմը բավականին խճճված է, սակայն ըստ Վ. Դալլաքյանի, «Եթե դատավճիռը լինի օրենքը ուժի մեջ մտնելուց հետո (խոսքը, հասկանալի է, «27»-ի գործի դատավճռի մասին է- Մ. Ե.), ուրեմն կազդի «27»-ի կատարողների վրա։ Եթե դատավճիռը հրապարակվի դեկտեմբերի 2-ին, ինչպես հայտարարվել է, ապա չի ազդի։ Ես խորհրդակցել եմ քրեական իրավունքի մասնագետների հետ, նրանք ասում են, որ դատավճռի ավելի շուտ հայտարարման դեպքում օրենքը «27»-ի վրա չի ազդի»։ Ըստ որոշ կարծիքների, դատավորի՝ խորհրդակցական սենյակ անցնելուց հետո ընդունված օրենքը չի ազդի վճռի վրա։ Մեր զրուցակիցը հիշեցրեց Քրօրենսգրքի 12-րդ հոդվածը, ըստ որի, արարքի հանցավորությունը որոշվում է դա կատարելու ժամանակ գործող Քրօրենքով. «Այսինքն, 1961թ. գործող օրենքով «27»-ի կատարողներին մահապատիժ է նախատեսված եղել։ Իսկ պատժելիության ժամանակ գործում է այս Քրօրենսգիրքը, այսինքն՝ ցմահը»։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ, «այսօր մեր երկրի դատական համակարգը կախված է մեկ հոգու կամքից։ Ինձ թվում է, որեւէ ողբերգություն տեղի չի ունենա (եթե կա խնդիրը լուծելու ցանկություն եւ ոչ թե ոճրագործներին երաշխիքներ տալու ցանկություն), եթե դատավորը դատավճիռը կարդա ոչ թե դեկտեմբերի 2-ին, այլ՝ 10-ին կամ 12-ին։ Սա տեխնիկական հարց է եւ օրենքով խորհրդակցական սենյակ մտած մարդու համար որեւէ ժամկետ գոյություն չունի»։ Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ եթե դատավճիռը լինի հայտարարված օրը (դեկտեմբերի 2-ին), ուրեմն դրանով «27»-ի ոճրագործներին կտրվեն լրացուցիչ երաշխիքներ։ Մ. Ե. Տարբեր իրավաբաններ այս խնդրի շուրջ արտահայտում են տրամագծորեն տարբեր տեսակետներ, որոնց «Առավոտը» խոստանում է անդրադառնալ առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել