Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը Եվրոպայում լավ գին ունի

Դեկտեմբեր 02,2003 00:00

Վրաստանը Եվրոպայում լավ գին ունի Վստահ է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը Արձագանքելով «Առավոտի» այն դիտարկմանը, որ վրացական իրադարձությունների մասին խոսելիս բոլոր գործիչները մեկնաբանություններ են անում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերի շրջանակներում, իսկ եվրոպական երկրները մի տեսակ երրորդական տեղում են հայտնվել, արդյո՞ք տարածաշրջանում Եվրոպան հետաքրքրություններ չունի, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Տարածաշրջանում Եվրոպայի հետաքրքրությունները նույնպես պակաս չեն, այլ հարց է՝ որքանով են դրանք գործնական»։ Փաստը, որ եվրոպական շատ հեռուստաընկերություններ 24 ժամ եթեր են սփռում վրացական իրադարձությունները, պրն Հարությունյանի կարծիքով՝ «Եվրոպան փորձում է հաստատել, որ ժողովուրդն ունակ է խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության»։ Եվ սա, մեր զրուցակցի հավաստմամբ, Եվրոպան փորձ է անում իրաքյան իրադարձությունների կոնտեքստում ներկայացնել, քանզի՝ «Իրաքում Եվրոպան այդ քաղաքական մոտեցումն էր որդեգրել»։ Ըստ այդմ, ՌԴ նախագահի ռեպլիկը, որ Շեւարդնաձեն դիկտատոր չի եղել, ՔԴՄ նախագահը դիտարկում է իբրեւ պատասխան եվրոպացիներին՝ հօգուտ ԱՄՆ-ի։ Միաժամանակ, քանի դեռ կան ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերի հակասությունները, եւ կա նաեւ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիր, Խ. Հարությունյանը վրացական նոր իշխանությունների համար «ծանր երկընտրանք» է կանխատեսում։ «Վրաստանը չի մասնատվի,- համոզված է ՔԴՄ առաջին դեմքը,- բայց այդ ամենը գին կունենա ժողովրդի եւ իշխանությունների համար»։ Այն, որ մեր երկիրն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին Վրաստանով է, պարոն Հարությունյանը նաեւ Հայաստանի համար է լրջագույն իրավիճակ համարում ու կարծում է, որ «մեր իշխանություններն ու գործարարներն այսօր արդեն պետք է մտածեն կոմունիկացիաների դիվերսիֆիկացիայի շուրջ»։ (Խոսքը այլընտրանքային ճանապարհներ որոնելու մասին է – Ն.Գ.): Վրացական իրադարձություններն ուղղակիորեն առնչվելու են ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հետ՝ մեր զրուցակիցը դա միանշանակ է համարում. «Քանի դեռ Վրաստանում խոշոր երկրները եւ Եվրոպան ընդհանուր հայտարարի չեն եկել, կոնֆլիկտների՝ այդ թվում նաեւ ԼՂՀ, լուծմանը պատասխանատու չեն վերաբերվի»։ Դա Հայաստանին ուժերը վերագնահատելու հավելյալ ժամանակ է տալիս, սակայն դրական կամ բացասական կողմերը գնահատել պրն Հարությունյանն այսօր դժվարանում է։ Իսկ վրացական իրադարձություններն, ընդհանրապես, մեր զրուցակիցը նմանեցնում է նրան, «ինչ մեզ մոտ 1990թ. տեղի ունեցավ»։ Ըստ էության, իշխանության եկան որակապես նոր ուժեր, որոնք նոմենկլատուրային չեն եւ այլն։ Բայց այդ բարոյական, քաղաքական եւ քաղաքացիական վերելքը, որ արձանագրվեց, շատ կարճ ժամկետում ակնկալում է սպասելիքներ։ Բայց քանի որ, Խ. Հարությունյանի համոզմամբ, վրացական նոր իշխանություններն «օբյեկտիվորեն» չեն կարողանալու ապահովել՝ «վերելքը շատ շուտով վեր է ածվելու հիասթափության եւ դժգոհության», ուստի «ճիշտ է, որ վրացական նոր իշխանությունները ուսումնասիրեն մեր փորձը՝ որտե՞ղ վրիպեցինք, սայթաքեցինք, որի արդյունքում լուրջ քաղաքական կապիտալը փոշիացավ»։ Իսկ հայկական վերջին վերելքի հետ զուգահեռներում մեր զրուցակիցն ընդգծում է տարբերությունները. «Վրացական իրականության մեջ ժողովրդավարական սկզբունքների ընկալումը հանրության քաղաքական էլիտայի կողմից, վկայում է, որ վրացական իրականությունն ավելի հասունացած է»։ Նա հետաքրքրական է համարում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վարքագիծը. «Երկու կողմերն էլ հաստատ գիտեին՝ ինչ իրենք իրավունք չունեին անելու։ Կար անհաշտ առճակատում՝ լայն ասպեկտով, բայց հարաբերվեցին քաղաքակիրթ»։ Սրա վկայությունն է նաեւ, ըստ ՔԴՄ նախագահի, այն, որ հրաժարականից հետո Շեւարդնաձեն ընդդիմությանը որակեց «բանիմաց, գիտակ, գրագետ մտավորականներ»։ Իսկ հակառակ ճամբարը Շեւարդնաձեի քայլը որակեց «խիզախ եւ քաղաքականապես իմաստուն»։ Ըստ պրն Հարությունյանի, այս որակումները ապացուցում են, որ «նրանք դուրս էին եկել ոչ թե կենաց ու մահու պայքարի, այլ քաղաքական խնդիր լուծելու»։ Ի լրումն ասվածի, մեր զրուցակիցը վկայակոչելով նույնիսկ «լոզունգների տրանսֆորմացիան», հանգեց նրան, որ «իշխանափոխության խնդիր չէր դրված, դա ինքնանպատակ չէր, այլ՝ ինչ սկզբունքներով կկառավարվի երկիրը։ Իսկ սա քաղաքական գրագիտության դրսեւորում է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել