Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՆԵՎՈՒՄ ՄԵՐՈՆՑ «ՔԼՆԳԵԼ» ԵՆ

Հունվար 24,2004 00:00

ԺՆԵՎՈՒՄ ՄԵՐՈՆՑ «ՔԼՆԳԵԼ» ԵՆ Առողջապահության եւ կրթության նախարարներին ուղղված խիստ քննադատությունը բաժին հասավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: Հունվարի 12-30-ը Ժնեւում Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների իրավունքների կոմիտեն գումարում է իր 35-րդ նստաշրջանը։ Հունվարի 15-ին կոմիտեն լսել է Հայաստանի ազգային երկրորդ զեկույցը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանի ղեկավարած ներկայացուցչության աշխատակիցներից կազմված պատվիրակության գլուխը չեն շոյել։ Փորձագետները արձանագրել են զեկույցի բազմաթիվ թերություններ ու բացեր՝ երեխաների իրավունքների, կրթության, առողջապահության ոլորտներում։ Հայաստանի հարցով զեկուցող, երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետ տիկին Ջոյս Ալուչը նշել է, որ, ի տարբերություն նախորդ զեկույցի, այս մեկը կառուցված է կոմիտեի որդեգրած սկզբունքներով։ Սրանից հետո սկսվել են հարցերն ու քննադատությունը։ Արդյո՞ք հասարակական կազմակերպությունները մասնակցել են հանուն երեխաների՝ գործողությունների ու միջոցառումների ազգային պլանի մշակմանը, Երեխաների իրավունքների հռչակագիրը բաժանվե՞լ է դպրոցականներին, արդյո՞ք ՀԿ-ները չեն բախվել չսպասված խոչընդոտների եւ նրանց քայլերը չեն սահմանափակվել, ի՞նչ ազդեցություն է ունեցել ԼՂ հակամարտությունը երեխաների վրա, հարցնում են փորձագետներն ու արձանագրում։ Քննադատություն էր հնչում մասնավորապես հետեւյալ հարցերով. Հայաստանում հստակ սահմանված չէ երեխաների սեռական համաձայնության եւ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, երեխաները չեն պատվաստվում կանխվող հիվանդությունների դեմ՝ պատվաստանյութերի բացակայության պատճառով, տուբերկուլյոզը լայնորեն տարածված է, անբավարար պատվաստման արդյունքում երեխաների շրջանում արձանագրվել են մենինգիտի դեպքեր։ Հանուն արդարության նշենք, որ վերջին փաստը մերոնք են հրապարակել։ Իսկ ընդհանրապես, ՀՀ պատվիրակությունն աշխատել է մի կերպ դուրս գալ անհարմար վիճակից, գոնե մի բան պատասխանել։ Ասենք, երբ ՄԱԿ-ի փորձագետներն արձանագրել են, որ 28 հազար մանկավարժների կրճատումը առանց փոխարինողների՝ լրացուցիչ խնդիր է ստեղծել կրթական համակարգի համար եւ հետաքրքրվել են դպրոցներում բացակայությունների մեծ տոկոսի, երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ, Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, թե պետությունը Երեւանում եւ մարզերում նորոգել է թատրոններ, երեխաների համար նախատեսված հանգստի կենտրոններ եւ որ Համաշխարհային բանկը մեր դպրոցներին համակարգիչներ է հատկացրել։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները արձանագրել են, որ ՀՀ մանկավարժները լավ չեն վարձատրվում, կրճատումները չափից ավելի են եղել, կան երեխաներ, որ երբեք դպրոց չեն գնացել կամ գնացել են մեկ-երկու տարի եւ միջնակարգ պարտադիր կրթությունը ֆինանսական կորուստներ է ունեցել։ Մերոնք, ըստ էության, համաձայնել էին, նշելով, որ դպրոց հաճախելիությունը կրտուկ անկում է ապրել վերջին տարիներին։ Մանկավարժների պակասի հարցում կառավարությունը մտադիր է կրկնապատկել աշխատավարձերը եւ նոր մանկավարժներ ընդունել (չնայած այժմ ճիշտ հակառակ պրոցես է տեղի ունենում- Ա. Զ.)։ Հայաստանի հարցով զեկուցող, փորձագետ Ջոյս Ալուչի նախնական դիտողություն-եզրակացությունը հետեւյալն է՝ թեեւ Հայաստանը վավերացրել է եվրոպական սոցիալական կոնվենցիան, այնուհանդերձ, երկիրը չունի կանանց եւ երեխաների տրաֆիկինգի վերաբերյալ քաղաքականություն։ Թեեւ ՀՀ օրենսդրությունն արգելելու է խտրականությունը, այնուհանդերձ, խտրականություն կա փողոցային, փախստական եւ հատուկ պաշտպանության կարիք ունեցող (արատ ունեցող) երեխաների նկատմամբ։ Տիկին Ալուչը հորդորել է մերոնց՝ հիմնել Երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտ։ Պաշտպան, որը անկախ կլինի ե՛ւ ԱԺ-ից, ե՛ւ նախագահից։ Երեխաների իրավունքների կոմիտեի վերջնական եզրակացություն-դիտողություն-առաջարկները կներկայացվեն հունվարի 31-ին։ Հայաստանը, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հռչակագրին միացած 192 երկրի նման, պարտավոր է կանոնավոր ներկայացնել այսպիսի զեկույցներ։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ Հ. Գ. Տեղեկությունները վերցված են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի եւ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ժնեւյան գրասենյակի պաշտոնական սայթերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել