Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամպագոռգոռ պահանջներով բուհ չես ստեղծի»

Փետրվար 04,2004 00:00

«Ամպագոռգոռ պահանջներով բուհ չես ստեղծի» Վստահ է կրթական բարեփոխումների կենտրոնի առաջատար մասնագետ Ռոմեն Մնացականյանը «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից առաջ ոլորտի մասնագետների ուշադրությունը սեւեռված է նաեւ ոչ պետական բուհերի վրա: Ըստ Ռ. Մնացականյանի, ոչ պետական բուհերի տերերը չեն կարողանում իրենց անձնական շահը տարբերել կրթությունից եւ այսօր պահանջում են պետական բուհին իրավահավասար կարգավիճակ ու մեկ միասնական կրթական համակարգ: «Բուհը բուհ է դառնում միայն ու միայն իր ուսանողների մակարդակով եւ ուսուցման բարձր որակով, թե չէ՝ գեղեցիկ լսարաններում խաբեությամբ զբաղվելով ու ամպագոռգոռ պահանջներով բուհ չես ստեղծի, որքան էլ օրենսդրական դաշտը փորձես հարմարեցնել շահույթ ստանալու քո երազանքներին»: Պրն Մնացականյանը ոչ պետական բուհերին առաջարկում է ընդունելության քննությունները կազմակերպել բուհին վայել ձեւով, գոնե իրենց գովազդներում ներկայացվող չափանիշներին հավատարիմ: «Այդ դեպքում միայն նրանք կշոշափեն բուհի մթնոլորտը եւ կտեսնեն, թե ինչպես է բուհը բուհ դառնում»: Մյուս կողմից պրն Մնացականյանը հիշում է, թե ինչպես 2000-2001 թթ. մի շարք ոչ պետական բուհեր իրար հետեւից հավատարմագրվեցին՝ ոտնահարելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես՝ հոդված 42-ի 4-րդ կետը, որ վերաբերում է հատկապես՝ հավատարմագրման գործընթացում հստակ չափորոշիչների պարտադիր պայմանին: Պաշտոնական տվյալներով, ոչ պետական բուհերի տնտեսական մասնագիտությունների գծով առաջադիմությունը կազմում է մոտավորապես 76 տոկոս: Մյուս մասնագիտությունների դեպքում էլ առաջադիմությունը հասնում է մինչեւ 82 տոկոս: Սակայն այդ թվերը մասնագետը կասկածի տակ է առնում. «Այդ ի՞նչ հրաշք է կատարվում, որ հանրակրթական դպրոցների ամենաթույլ շրջանավարտները դառնում են այդ «հավատարմագրված» ոչ պետական բուհերի իրավաբան, բանասեր, տնտեսագետ, բժիշկ ու մանկավարժ,- զարմանում է Ռոմեն Մնացականյանը,- միգուցե այդ հրաշքի նկատմամբ հավատն է, որ այդ բուհերը պետական ամենայն հոգածություն ու մեկ միասնական կրթական օրենսդրական դաշտ են պահանջում: Ո՞վ է տեսել, որ դատարանների վճռի հիման վրա բուհ հավատարմագրվի, եւ ո՞վ է կանգնած բարձրագույն մասնագիտական կրթության որակի այլասերման այս գործընթացի թիկունքում: Երեխան դպրոցում չի սովորում, չի ուզում գիտելիք ստանալ, բայց հաստատ գիտի, որ այդ «շքեղ համալսարաններից» որեւէ մեկում անպայման կդառնա ուսանող եւ կստանա բաղձալի դիպլոմը եւ հիմա էլ կհպարտանա, որ իր դիպլոմը ոչնչով չի տարբերվելու լավագույն պետական բուհերի դիպլոմներից»: Պրն Մնացականյանն առաջարկում է նախ՝ ոչ պետական բուհերի ուսանողների շրջանում գիտելիքների ընթացիկ ստուգումներ՝ անկախ հանձնաժողովների կողմից: Ուժեղացնել ավարտական քննությունների վերահսկողությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ՝ հրապարակայնությունը: Նաեւ՝ հետեւողական լինել «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի պահանջների կատարման հարցում, այն է՝ պետական վերահսկողություն՝ ուսուցման որակի նկատմամբ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829