Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակում եմ զայրացած մնալ»

Փետրվար 05,2004 00:00

Գնահատելով
ընդդիմության պահվածքը Ստրասբուրգում, իր զգացմունքները նկարագրեց ԱԳ նախարար
Վարդան Օսկանյանը:
– Ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ պահանջեցին ձեր հրաժարականը, պատճառաբանելով, որ դուք ձախողել եք հայկական դիվանագիտությունը։ Համաձա՞յն եք այս գնահատականին։

– Համաձայն չեմ, նրանք ցանկացած հայտարարություն կամ պահանջ կարող են դնել, ուղղակի իրենց բոլոր մեկնաբանությունների հետ ես համաձայն չեմ, քաղաքականացված մեկնաբանություններ են։ Ուզում եմ հատկապես կրկնել իմ միտքը՝ ինչ արվեց հանրաքվեի հետ կապված, դա սխալ էր եւ չպետք է արվեր, որովհետեւ իսկապես կարող էր վտանգել Ղարաբաղի հետ կապված խնդիրը։ Բարեբախտաբար, մեզ հաջողվեց այդ վտանգը բացառել, բայց այն օդից կախված էր։ Ասել եմ, չեմ զղջացել, կրկնում եմ՝ սխալ էր այդ մոտեցումը մեր պատգամավորների կողմից։

– Հատկապես ի՞նչ նկատի ունեիք, երբ հայտարարեցիք, թե հարկավոր չէ մեր կեղտոտ լվացքը դրսում լվանալ։ Հատկապես ո՞ր լվացքի մասին է խոսքը։

– Կոնկրետ ես միայն ու միայն իմ բողոքն եմ հայտնել հարցազրույցի ընթացքում (նկատի ունի «Հ1»-ին տրված հունվարի 28-ի հարցազրույցը.- Մ. Ե.), որովհետեւ քվեարկությունից ընդամենը կես ժամ հետո էր, ես ամբողջ օրը կապի մեջ էի մեր ներկայացուցչության հետ, պատգամավորների հետ։ Ես ֆիզիկապես այնտեղ չէի, բայց մտովի, հոգով այնտեղ էի, եւ իմ պոռթկումը անկեղծ պոռթկում էր։ Ես դեռ չեմ համակերպվում այն մտքի հետ, որ Ղարաբաղի հետ կապված կրիտիկական քվեարկությունից ընդամենը երկու րոպե առաջ մեր պատվիրակության անդամներից մեկը կարող էր բոլորի ուշադրությունը շեղել հանրաքվեի վրա։ Հատկապես, որ այդ առաջարկությունը դրանից մի քանի ժամ առաջ հանձնաժողովում չէր անցել եւ նա լավ գիտեր (խոսքը Շավարշ Քոչարյանի մասին է.- Մ. Ե.), որ լիագումարում նույնպես չի անցնելու։ Ես դեռ շարունակում եմ զայրացած մնալ, որ նա Ղարաբաղի հարցի քննարկումից հինգ րոպե առաջ իրավունք չուներ նման հարց բարձրացնել, թեկուզ եւ մեկ տոկոսով վտանգել քվեարկության արդյունքները։

– ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ կառավարության ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել օրենսդրի գործերին եւ պատվիրակության փոփոխության մասին հայտարարություններ անել։

– Ես չեմ միջամտել, իմ կարծիքն եմ հայտնել։ Ես ցանկացած առաջարկ կարող եմ անել, որոշումը իրենցն է։ Գտնում եմ, որ Հայաստանը ներկայացնող պատգամավորները պետք է կարողանան հստակ ցանկություն եւ կամք դրսեւորել՝ ազգայինը ներքաղաքական շահերից տարբերելու համար։ Այլապես ապագայում մենք շատ մեծ պրոբլեմներ կունենանք։

– Հայտարարվեց նաեւ, որ դիվանագիտական կորպուսը վատ է աշխատել ԵԽ ԽՎ այլ երկրների պատվիրակների հետ։

– Բացարձակապես այդպես չէ, մեր դիվանագետները նորմալ աշխատել են այն գործընթացին զուգահեռ, որը այնտեղ տեղի էր ունենում։ Սա խորհրդարանական գործընթաց է։ Որեւէ մեկը չփորձի որեւէ այլ գերատեսչության վրա բարդել որեւէ մեղք։ Ես առավել համարձակ եմ խոսում այս մասին, որովհետեւ հաջողություն ունենք։ Մենք՝ դիվանագետներս, կողքից օգնել ենք եւ ապագայում էլ կշարունակենք օգնել։

Հարցերը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829