Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՄՓԱԴ ԴԵՊԻ «ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ»

Փետրվար 12,2004 00:00

ՃԱՄՓԱԴ ԴԵՊԻ «ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ» Հատվածներ «Վեր կաց, Հրանտ, վեր կաց» էսսեից …Ու բոթը ելավ հեղեղի նման, ու ձյունը մաղվեց մանանայի պես։ Ձյունը փակեց ճամփա, կածան, խճուղի ու մայրուղի։ Տիրոջ տաք ու գթառատ ձեռքն ու սիրտն էին, որ իր ընտրյալին զատում էին բոլորից, այդօրինակ կարողանալով փրկել նրան։ Ահնիձորը ձնաբքի հետ գնաց, սեպի պես մխրճվեց բնության անտերության եւ մարդկության անմեղության խուլ ծմակները, ուր Եղնիկիդ, Գայլիդ ու Արջիդ թաթերից բացի, այլ վայրենու (այսինքն՝ մարդկային) հետքեր երբեք չեն դաջվել։ Տերը յոթ օր ամենամաքուրը շաղեց Երկրիդ վրա, որին (Երկրին) առ Հայաստան աշխարհ, Ծմակուտ ու Մոտկոր կարողացար փրկել միայն գրչով։ Ու գրչով Երկիրդ անմահացրիր եւս այնքան, որքան դեռ վաշ-վուշ է անելու Դեւբեդը եւ կարկաչելու է Դավիթ որդուդ Հարսանքնաղբյուրը, այնքան, որքան տոհմիդ զավակները Իգնատ պապի պես պանդայից օղի են թորելու եւ Կոթոլ բիձու պես պանդայի փայտից գդալ ու շերեփ են կրծելու։ Այնքան, որքան Համոյի պես խոնարհները չորս պատի մեջ փակված Բակունցի Մթնաձորից բարձրանալու են Ծմակուտ ու շշմելու են կանաչ դաշտիդ բնակիչների կամեցողությունից… «Է՜ հե՜, հե՜, հե՜յ»,- գուժեց փոքրիկ հովիվը ու նրա կչկչան ձայնից Մասիսների գլխի ձյունը շարժ տվեց։ 21-րդ դարի երկրորդ տարվա դեկտեմբերի 17-ն էր ու Թիֆլիսում ամենայն հայոց բանաստեղծն ու թամադան Սայաթին, թե «Սազդ լարիր, էսօր հյուր ունեմ, մեզ ախպեր է գալիս, ութանասուն տարվա հավաքված հայոց վիշտը մի բաժակով եմ ասելու…»։ Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանը տոմս պիտի պատվիրի երկուսիդ համար հեռու մի երկիր ու մի խուլ կազինոյում պիտի վատնի վերջին գրքի հոնորարը ու վերջին անգամ պիտի «քանդակի». «Հրանտ մեծ, Հրանտ ուրիշ, դուք նրա համ ու հոտ չհասկանալ…»։ Այդ համ ու հոտի զգացողությունը չէ՞ր արդյոք, որ 35-ին Սովետ գալով ուզում էր Եղիշե Չարենցին մեզանից փրկել։ Իսկ վերջին անգամ էլ՝ Հրանտ Մաթեւոսյանին։ Չարենցին չհաջողվեց, իսկ Հրանտին՝ հաստատ, պարզապես դրա մասին ոչ Սարոյանն ասաց, ոչ էլ Հրանտը։ Երեւի մեծերի խորհուրդը նաեւ դրանում է։ Չեխ Հովիկը գրքերդ արդեն թարգմանած-պատրաստ, թեւի տակ դրած, Նոբելյան գրասենյակ է մտնելու, մեզ՝ հայերիս Մանթաշով խաղացող զիմզիմովներին ու նամանավանդ ընկերներին հայհոյելով, որ գրիդ թարգմանության իր տոմսի ու հյուրանոցի ծախսերը չհոգացինք, որ բարբառդ շրխկացներ Շեքսպիրի լեզվով, որ հետո դրանք իմանային, թե «էդ ո՞ւմ վրա են ձեռք բարձրացնում»… Ռոման Բալայանը իր թռիչքները, այլեւս քնած թե արթմնի, քո եւ Գոմեշիդ հետ է կապելու։ Այն Գոմեշի, որ այնքան երազեց ու չնկարեց։ Սերգեյ Սոլովյովը մի անգամ սեղանի շուրջ քո ներկայությամբ նրա ականջին շշնջաց՝ եթե Հրանտին գրականությունից, կինոյից չճանաչեի, պիտի կարծեի, թե հայոց Մաֆիայի (ընտանիքի) կնքահայրն է… Կնքահայր ես, Նահապետ, այլեւս, հիմա կդադարեն թերեւս հսկայիդ փեշերի տակ վխտացող տառաճանաչ թուլեքի կֆթոցները (հաչոցները)։ Թող ների նրանց Տերը, դու վաղուց ներել էիր։ Քո Երկրիդ Տերն էիր ազնվական քո կեցվածքով եւ տոհմապետի վարքով, դրա համար չէ՞ր, արդյոք, որ բոլոր ցավակցական հեռագրերի մեջ ամենացավոտներից մեկը Անարինը եղավ եւ գրչեղբայրներդ այնքան խոհեմ ու համարձակ չեղան, որ ընթերցեին։ Իսկ դու ասում էիր՝ ուղիղ թշնամին երբեմն մեզ ավելի ձեռնտու է, քան ծուռ բարեկամը, նամանավանդ իշխանավորը։ Մի անգամ Էրեվան տարածել էին, թե Վանոն ու Վազգենը կռվել են ու ազգդ էլ կամաց-կամաց անդունդ էր փնտրում՝ իրար գլորելու համար՝ վանոյական ու վազգենական բաժանումներով։ Տարար- կանգնեցրիր Արշակունյաց մոխրացած աճյունների մոտ ու իբր ազգակործան բամբասանք ունկիդ չէր հասել, ձեռքդ դրեցիր ու ասեցիր՝ էստեղ Արշակունյաց դամբարանն ենք կառուցելու, եւ բարձրաստիճան սպաների ու պատվախնդիր պետայրերի երդմնաարարողության տեղ է դառնալու։ Ու որդի-գրչեղբայր նախարարները հաստատեցին խոսքդ եւ ազգդ էլ, իրիկունը տուն գալով, «Լրաբերով» տեսավ, որ զավակներդ հաշտ ու ազնիվ են իրար, քո եւ ազգիդ նկատմամբ։ «Է՜… հե՜… հե՜ հե՜յ, Հրանտ, միտքդ անընդհատ փնտրտուքների մեջ էր, մեր ներքին ճղճիմությունից դուրս գալ էիր ուզում, պայծառ բաներից հիշել-խոսել էիր ուզում։ Ասում էիր՝ Հովհաննես Թումանյանը սեւ ձին նստած, սպիտակ դրոշակ էր պտտում Բորչալլուի գավառում՝ ազգամիջյան արյան հեղեղը կանգնեցնելու համար ու խնդրատու չէր, խաղաղություն էր պարտադրում հանուն վաղվա օրվա եւ 200 ջլապինդ ու աչքերն արնակալած ձիավոր ուներ թիկունքից թռչող։ …Էս ինչ առատ ձյուն ու լիքը դատարկություն բերեցիր, Հրանտ, էս ո՞նց լցրեցիր մեր ամայությունը, էս ծանր բեռի տակից ո՞նց ենք ճռնչալու։ Աղասի Այվազյանը, աչքերը հառած Լուսավորչի գմբեթին, ասում էր, որ վերջին քառասուն տարում էսպիսի գրականություն չենք ունեցել։ Իսկ Մոսկվայի ԽՍՀՄ գրողների միությունում մեր ներկայացուցիչ Գրիշա Մանասյանն անընդհատ բողոքում էր, ասում էր՝ այ մարդ, գիրք չի դիմանում, աշխարհքի որ պոզից գալիս են՝ Հրանտից են հարցնում, Հրանտի գիրքն են ուզում։ Աշխատավարձիս կեսը դրա վրա է կորչում։ Որ խղճիս թքեմ՝ ամբողջն էլ չի հերիքի… Նույն Լուսավորչի գմբեթների տակ, երբ զանգերն ավետում էին անմահությունդ՝ ի լուր երկնքի, Տիգրան Մանսուրյան անունով մի այր ձեռքերը խաչած կանգնել էր կողքիդ ու Կոմիտաս էր երգում քեզ համար եւ արցունքները (մեղեդիները)՝ հատ-հատ մարգարիտ, համբառնում էին քեզ հետ առ երկինք։ Նրա հետ այդժամ ձայնակցում էին Հայոց մեծերը։ (Շարունակելի) ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել