Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾԸ ԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Փետրվար 17,2004 00:00

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾԸ ԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ Գործարարներին տարածք վաճառեցին, նրանք խանութներ սարքեցին։ Հիմա էլ այդ խանութներն ուզում են խլել։ Երեւանի Մաշտոցի-7 հասցեում օրինական առուվաճառքի պայմանագրով խանութ ձեռք բերած 13 քաղաքացիները փետրվարի 20-ին հրավիրվել են տնտեսական դատարան՝ որպես պատասխանող։ Հայցը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը, պահանջելով անվավեր ճանաչել պետական նոտարի հաստատած եւ պետական կադաստրի՝ նրանց տված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականները։ Ճիշտ է, որպես պատասխանող կողմ հայցվորը ճանաչել է նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոնի ստորաբաժանմանը, բայց, ինքնին հասկանալի է, որ վերջինս կանչված է բացատրություն տալու, եւ, ժամանակից բացի՝ կորցնելու ոչինչ չունի։ Այնինչ, վերոհիշյալ քաղաքացիները դատական ատյանների վճիռների արդյունքում կարող են կորցնել իրենց կողմից գնած սեփականությունը, որտեղ իրենք ներդրումներ են արել։ Հիշեցնենք, որ այս տարածքը Ժամանակակից արվեստի թանգարանին էր տրվել 2000 թվականին՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի թիվ 944 որոշմամբ։ Մեկ տարի անց որոշման մեջ փոփոխություն է մտցվել եւ, թանգարանի փոխարեն, 1430 քմ հողի վարձակալ է ճանաչվել «Արիտիկ» ՍՊԸ-ն։ Վերջինս պարտավորվել է մեկ տարում կառուցել թանգարանի շենքը, բայց՝ առաջին հարկի 936 քմ-ից 432, եւ նկուղային հարկի 936 քմ-ից 360 քմ-ն վարձակալությամբ իրեն հատկացնելու պայմանով։ Իսկ մնացա՞ծը։ Հենց այս «մնացածի» շուրջ է հետագայում ծագել քաղաքապետարանի եւ «Արիտիկի» միջեւ վեճը։ Վերջինս դատական ատյաններում հիմնավորել է, որ մնացած 1080 քմ-ն (2 հարկը միասին) Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն անհատույց հանձնելու պարտավորություն չի ունեցել, ինչպես ներկայացրել է քաղաքապետարանը՝ վկայակոչելով վերջինիս եւ «Արիտիկի» միջեւ կնքված պայմանագիրը, եւ որ «անհատույց հանձնելու»՝ քաղաքապետարանի պահանջը ծագում է միայն քաղաքապետի կայացրած որոշումից։ Ըստ «Արիտիկ» ընկերության ներկայացուցիչների, իրենք կառույցի «պետական» հատվածը պետք է քաղաքապետարանին վերադարձնեին կամ՝ որոշակի գումարի, կամ՝ մեկ այլ տարածքի դիմաց, ինչպես պայմանավորվել են քաղաքապետի հետ։ Հետաքրքիր է, որ անցյալ տարվա հունիսին Տնտեսական դատարանում լսված գործում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հանդես է եկել որպես հայցվոր (քաղաքապետարանի հետ միասին), իսկ այս տարվա փետրվարի 20-ին նախատեսված դատական նիստում նույն կոմիտեն պատասխանատվության է կանչվել, որպես անօրինական գործարք կատարած պետական կառույց։ Մյուս կողմից, նոյեմբերին Վճռաբեկ դատարանը բեկանել է Տնտեսական դատարանի՝ հօգուտ քաղաքապետարանի եւ Կադաստրի կոմիտեի կայացրած վճիռն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Սակայն, մեր տեղեկությամբ, մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանն իր հայցը Տնտեսական դատարանից ետ է վերցրել։ Փոխարենը՝ նույն դատարանը քննության է դնելու նույն հիմքով, բայց՝ փոփոխված պահանջով ներկայացված ՀՀ գլխավոր դատախազության հայցը։ Փոփոխությունն այս է. քաղաքապետարանն «Արիտիկից» պահանջում էր վերադարձնել «իր» գույքը՝ 1000 քմ տարածք կամ 727 հազար դոլար։ Իսկ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մաշտոցի 7 տարածքի 13 սեփականատերերի սեփականության վկայագրերը։ Դե, արի ու հասկացիր, թե ո՞վ ո՞ւմ ի՞նչ է տվել եւ ի՞նչ է ետ ուզում։ Այս խճճված պատմությունից տուժողները միայն որեւէ բանից անտեղյակ սեփականատեր դարձած գործարարներն են, որովհետեւ «Արիտիկ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել ու լուծարվել՝ տարածքը մասնատելուց եւ վաճառելուց հետո։ Իսկ ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Իգիթյանը, մեր տեղեկություններով, ոչ հեռավոր ապագայում ազատվելու է պաշտոնից եւ սույն գործի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերում։ Հիշյալ տարածքի տնտեսական ապրանքների խանութի սեփականատեր Բենիկ Բալինյանը երեկ մեզ բողոքեց. «200 հազար դոլար ներդրում եմ արել, 50 հազարն էլ դեռ պարտք եմ, որ սա խլում են ձեռքիցս, իմ երեխաների հետ ինչ կլինի։ Եթե որոշ պետական ատյաններ սխալներ են արել, թող գնան՝ իրար մեջ պարզաբանեն, ես վստահել եմ պետությանն ու քրտինքս դրել իմ հայրենի հողում։ Ո՞նց կարող են խանութս վերցնել»։ Մյուս տարածքատեր Էդուարդ Սարգսյանը կարծում էր, որ թանգարանի կամ այլ խնդիր չկա, ուղղակի «արած-պատրաստ, ժամանակակից սարքած խանութներ են, ուզում են տիրանալ»։ «Բեկո»-ի սեփականատեր Աղասի Բանգոյանը տեղեկացրեց, որ. «100 հոգի է աշխատում ինձ մոտ, 100 ընտանիք եմ պահում, Ռուսաստանում փող եմ հավաքել, որ իմ երկրում գործ դնեմ, մարդ կա՝ տուն ու տեղն էլ է գրավ դրել, ո՞նց կվերցնեմ»։ Հայաստանի այս քաղաքացիները երեկ հույս էին հայտնում. «Մենք պաշտպանված ենք Սահմանադրությամբ, որի երաշխավորը երկրի նախագահն է։ Նա թույլ չի տա նման անօրինականություն»։ Այդ հույսը նամակ դարձրած՝ սեփականատերերն արդեն ուղարկել են Ռ. Քոչարյանին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829