Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿ ՏԱՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ՝ 18 ՏԱՐԵԿԱՆԻՑ

Փետրվար 26,2004 00:00

ԲԱՆԱԿ ՏԱՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ՝ 18 ՏԱՐԵԿԱՆԻՑ Այսպիսին է ՀՅԴ-ի տեսակետը «Զինապարտության մասին» օրինագիծը դեռեւս ԱԺ հերթական եռօրյա չմտած, դարձավ քաղաքական ուժերի, հասարակության եւ համայն հայ ժողովրդի քննարկման առարկա։ Ակնհայտորեն, կրակն իր վրա է վերցրել ոչ թե կրթության ու գիտության նախարարը (թվում է տրամաբանականը հենց սա պիտի լիներ), այլ՝ պաշտպանության նախարարը։ Հետաքրքիր է, որ թեպետ կոալիցիոն խորհուրդը հրապարակավ հայտարարեց, որ օրինագիծը ստացել է նաեւ խորհրդի հավանությունը, սակայն կոալիցիոն երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին են տեսակետներ հայտնում օրինագծի մասին, որոնք հիմնականում չեն համընկնում։ Երեկ էլ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը խիստ հետաքրքրական հայտարարություն արեց։ Ըստ այդմ՝ այն, ինչ ներկայացվել է կոալիցիոն խորհրդի նիստում եւ ստացել է խորհրդի դրական գնահատականը, ամենեւին չի համապատասխանում այն օրինագծին, որը դրվել է շրջանառության մեջ եւ այդքան աղմուկ է բարձրացրել. «Ես որքան հասկանում եմ, այն օրինագիծը, որը բերվել է, չի համապատասխանում նրան, ինչ որ քննարկվել է կոալիցիայի նիստում։ Ինչ-որ նոր դրույթներ են առաջացել, որոնք խախտում են օրենքի հետադարձ ուժ չունենալու սկզբունքը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը, որը եւս, ինչպես իր դաշնակցական ընկերները, գտնում էր, որ ճիշտ լուծումը՝ բոլոր տղաներին 18 տարեկանից բանակ տանելն է։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին «Առավոտը» հարցրեց՝ հնարավո՞ր է դաշնակցության խմբակցությունը խորհրդարանին ներկայացնի «Զինծառայության մասին» բոլորովին նոր օրինագիծ։ Լեւոն Մկրտչյանը ասաց, որ դաշնակցությունը կողմնակից է հարցի արմատական լուծման. «Մեր կարծիքով, եթե պետք է ապահովենք շարունակական կրթությունը, ապա շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի առաջին կուրսից հետո, այսինքն՝ 18 տարեկանից, տղաները գնան բանակ։ Հետո մեխանիկորեն լուծվում են բոլոր հարցերը։ Սա սկզբունքային դիրքորոշում է եղել դեռեւս 2001-ից, երբ Վահան Հովհաննիսյանը պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահն էր, այնուհետեւ ես կրթության ու գիտության նախարարն էի»։ Պրն Մկրտչյանին հիշեցրինք, որ երբ ինքը նախարար էր, հենց իր օրոք որոշվեց ասպիրանտներին տալ տարկետման իրավունք։ Լեւոն Մկրտչյանը խուսափողական պատասխանեց. «այն ժամանակ օրենքում կար որոշակի բաց, որը տարբեր վիճակներ էր ստեղծում։ Օրենսդրությունն ունի հստակ տրամաբանություն, որ խաղի կանոնները ընթացքում չեն փոխվում։ Այս տրամաբանությունը եթե պահպանվում է, հարցերը կարգավորվում են»։ Անցնելով բանակի խնդիրներին, պրն Մկրտչյանը նշեց, որ բանակային ծառայությունը բոլորի պարտականությունն է։ Կոալիցիոն խորհրդում որոշում է կայացվել խնդիրը լուծել փուլային տարբերակով։ Դաշնակցությունը դեռեւս քննարկումներ է անցկացնում։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է Դաշնակցությունն այնպիսի սկզբունքային փոփոխություններ առաջարկի օրինագծում, որոնք էականորեն կփոխեն սկզբունքը, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Եթե օրինագիծը մտնի եռօրյայի օրակարգ, մենք կանենք մի քանի փոփոխություններ։ Մեր կարծիքով, այս օրինագծում գիտությունների թեկնածուներին վերաբերող մի քանի հարցեր կոալիցիոն քննարկումներից դուրս են մնացել, եւ մենք այդտեղ ունենք խնդիրներ։ Նաեւ կա օրենքի գործադրման պահանջը՝ հետադարձ ուժի եւ այլնի խնդիրները։ Այս մի քանի հարցերի շրջանակում մենք կաշխատենք օրինագծի վրա»։ Լեւոն Մկրտչյանին հիշեցրինք նաեւ, որ ՀՅԴ կոալիցիոն դաշնակից ՕԵԿ անդամներից շատերն են այս օրերին խոսում, որ հերիք չէ օպտիմալիզացիան փաթաթեցին ՕԵԿ-ի գլխին, հիմա էլ «Զինապարտության մասին» օրինագծի գլխացավանքի տակ են դրել։ Հակադարձելով իր կոալիցիոն գործընկերներին, Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին հիշեցրեց. «ե՛ւ օպտիմիզացիոն, ե՛ւ այս խնդիրները կրթական համակարգի հիմնախնդիրներ են։ Ցանկացած քաղաքական ուժ ոլորտի պատասխանատվությունը ստանձնելիս պիտի ծանոթ լիներ այդ խնդիրներին եւ հասկանար, որ այս խնդիրները լուծման կարոտ են եւ որեւէ մեկի քմահաճույքով չէ, որ այս խնդիրները հիմա ծառացել են մեր առջեւ։ Սրանք օբյեկտիվ հարցեր են. ե՛ւ նախարարը, ե՛ւ այս ոլորտի պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը (այս դեպքում կրթության ոլորտի պատասխանատուն ՕԵԿ-ն է.- Մ. Ե.) կամ պիտի լուծի այդ խնդիրները, կամ պիտի ասեն, որ ի վիճակի չեն»։ Պրն Մկրտչյանն ասաց, որ երբ ինքն էր կրթության նախարարը իր «պատասխանատվության շրջանակում այս խնդիրների լուծումը տեսնում էի։ Լուծումը առաջին կուրսից բոլոր տղաներին բանակ տանելն է։ Եվ դա կբերի ե՛ւ արդարության, ե՛ւ կոռուպցիայի խնդիրները կլուծվեն»։ ՕԵԿ-ն ներկայացնող պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանին եւս հարց ուղղեցինք՝ իրո՞ք կոալիցիայի ներսում քննարկված օրինագծի տարբերակը չի համապատասխանում նրան, ինչ այսօր ներկայացվել է։ Մհեր Շահգելդյանն ասաց. «Օրինագիծը ներկայացվել է՝ կոալիցիայի նիստում վերջնական մոտեցմանը համապատասխան»։ Հաջորդը՝ ինչո՞ւ է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ կրթության ու գիտության ՕԵԿ անդամ նախարարը որեւէ կերպ չի արձագանքում խնդրին։ Ըստ Մհեր Շահգելդյանի. «օրինագծի քննարկումները դեռ շարունակվում են, մեխանիզմների եւ այլնի ճշգրտման կարիք կա։ Բնականաբար, կրթության եւ գիտության նախարարությունն իր դիրքորոշումը ժամանակին հստակ կարտահայտի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել