Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵՑՈՒՆ ՄԵԾ-ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ»

Մարտ 18,2004 00:00

«ԼԵՑՈՒՆ ՄԵԾ-ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ» Եվրամիության-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահների երեկվա ասուլիսից հետո տրված մեր մի հարցի շնորհիվ պարզեցինք ուշագրավ մանրամասներ: Նախօրեին հրապարակել էինք, որ ԵՄ-Հայաստան հանձնաժողովն իր հայտարարությամբ դատապարտել է Բուդապեշտում կատարված բռնությունը եւ արձանագրել, «որ այս հանցագործությունը եւ վերջերս ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններն ու հանցագործին արդարացնելու գործողությունները չեն նպաստի փոխըմբռնմանն ու վստահության ստեղծմանը եւ կարող են տարածաշրջանում առաջացնել նոր լարվածություն»: Պարզվեց, որ մեր տրամադրության ներքո հայտնվածը միայն նախագիծ էր, իսկ վերջնական փաստաթղթում այդ դրույթի ձեւակերպումն այլ է. «Հանձնաժողովը դատապարտում է Բուդապեշտում հայ զինվորականի սպանությունն իր ադրբեջանցի գործընկերոջ կողմից եւ մերժում է որեւէ հայտարարություն, որը կարող է բորբոքել իրավիճակը»: Քանի որ նույն հայտարարության մեջ նաեւ շեշտված է, թե «տարածաշրջանում Եվրամիության աճող ներգրավվածությունը պետք է հիմնված լինի հակամարտություններում որպես միջնորդ հանդիսանալու պատրաստակամության վրա»՝ հանձնաժողովի տեղակալ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դմիտրիո Վոլչիչից «Առավոտը» հետաքրքրվեց՝ մի՞թե որպես միջնորդ հանդես գալու հավակնությունը չի ենթադրում, որ առավել խիստ պիտի արձագանքեն այն հայտարարություններին, որոնք կարող են թեժացնել հակամարտությունը: Ի պատասխան նա ասաց. «Մենք հավանություն տվեցինք այն ձեւակերպմանը, որը համահունչ էր ամբողջ փաստաթղթին՝ ոչ զգայական էր ու արձանագրում էր փաստը»: Նաեւ հիշեցրեց, որ առայժմ ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ բանակցություններում, եւ իր կամքը չի թելադրում՝ միայն օգնություն է առաջարկում: Հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը պարզաբանելով, թե ինչու նախնական տարբերակի համեմատ ընտրվեց ավելի մեղմ տարբերակը՝ ասաց. «Կարգը հետեւյալն է՝ մենք կարող ենք ունենալ միայն համաձայնեցված դրույթներ: Եվ այն ձեւակերպումը, որ հրապարակվել է մամուլում՝ մեր կողմից ներկայացված տարբերակն էր, որ դեռ աշխատանքային փուլում էր: Ընդհանուր քննարկումների ժամանակ այս մի ձեւակերպման շուրջ համաձայնեցին իրենք, քանի որ ցանկանում էին, որ տեքստը զերծ լինի որոշակիացված շեշտադրումներից: Բայց ընդհանուր ենթատեքստը պարզ է. բովանդակային առումով այն, ինչ անհրաժեշտ էր ասել՝ ասվել է: Հայաստանը չի՛ արել որեւէ հայտարարություն, որը կարող էր բորբոքել իրավիճակը, եւ այս դրույթն, ըստ էության, ուղղված է Ադրբեջանին»: Քանի որ հանձնաժողովի հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրված նաեւ «ազատ մամուլի կենսական դերի վրա՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացումն ապահովելու համար» եւ շեշտված «էլեկտրոնային ԶԼՄ-ների բազմակարծության կարեւորությունը»՝ ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցինք, թե արդյոք այս դրույթները, իսկ առավել որոշակի՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդիրը տեղ կգտնի՞ Հայաստանին առաջադրվելիք այն պահանջների ցանկում, որոնք ենթակա են կատարման «Ավելի ընդլայնված Եվրոպա-նոր հարեւաններ» ծրագրին մաս կազմելու համար: Արմեն Ռուստամյանն ասաց, թե այդ պահանջների մեջ, բնականաբար, մտնելու են նաեւ այն «գլխավոր հարցերը, որոնց մասին մենք այստեղ խոսել ենք՝ ժողովրդավարություն, մամուլի ազատություն եւ դրա հետ կապված այլ խնդիրներ»: Իսկ Եվրամիության պատվիրակության ղեկավար Ուրսուլա Շլայխերն ասաց. «Ձեր նշած հեռուստաընկերությունների առնչությամբ ունեցել ենք հանդիպումներ եւ հետաքրքիր քննարկումներ: Դրանց արդյունքում մնում է պարզապես հույս հայտնել, որ հետագայում ձեզ մոտ կբարելավվի արտոնագրման կարգը»: Քիչ անց «Ա1+»-ի թղթակիցը փորձեց պարզել, թե արդյոք ԵՄ-ն ունի՞ լծակներ Ժնեւի միջազգային հեռուստահաղորդակցական միության փորձագետներից բաղկացած խումբ գործուղել՝ ուսումնասիրելու՝ կա՞ն ազատ հաճախություններ Հայաստանում, թե՞ ոչ, քանի որ ՀՀ կապի նախարարն ու ՀՌԱՀ նախագահը պնդում են, թե չկան, իսկ մասնագետները վկայում են հակառակի մասին: Ի պատասխան տիկին Շլայխերն ասաց. «Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ, կարծում ենք՝ դա է այն ատյանը, որն իրավական տեսանկյունից կարող է նման լծակներ օգտագործել»: Եվրամիության պատվիրակության ղեկավարն անդրադարձավ նաեւ ՀՌԱՀ նախագահի հետ իրենց զրույցին. «Այդ հանդիպումից մենք ստացանք երկակի տպավորություն: Մի կողմից՝ այնպես ներկայացվեց, թե ամեն ինչ ազատ է եւ ընդամենը գործող կարգն է այդպիսին, իսկ մյուս կողմից էլ՝ ստացանք այն տպավորությունը, որ, իհարկե, կարելի է մշակել այնպիսի մի կարգ, որն օբյեկտիվորեն հստակ է, բայց սուբյեկտիվորեն՝ լեցուն մեծ-մեծ խնդիրներով: Ահա այս հարցերը կարելի է առաջադրել Եվրոպայի խորհրդին, որը կարող է ավելի մանրամասն անդրադառնալ դրան»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031