Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՍՏԱՆԴԱՐՏՆ ԷԼ ԵՐԵՎԻ ԱՆՀԱՐՄԱՐ Է ԶԳՈՒՄ

Մայիս 01,2004 00:00

ՊԵՏՍՏԱՆԴԱՐՏՆ ԷԼ ԵՐԵՎԻ ԱՆՀԱՐՄԱՐ Է ԶԳՈՒՄ Օրերս սուրճի մասին մեր հրապարակումն ավելի բուռն արձագանք ունեցավ, քան հնարավոր էր կանխատեսել: Սա դեռ այն դեպքում, երբ որեւէ ընկերության անուն չէինք նշել: Հիշեցնենք, խոսքը փորձաքննության արդյունքում «սննդի համար պիտանի չէ» եզրակացությանն արժանացած, ՀՀ պետական մի շարք ստանդարտների չհամապատասխանող տասից ավելի տեսակի սուրճերի մասին էր: Փորձաքննությունները պատվիրել է «Հայաստանյան PR ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը. ուսումնասիրելով ապրանքանմուշների հոսքը (բրենդ) եւ պարզելով, որ ապրանքանշանների փոփոխականությունն առավել մեծ է հենց սուրճի շուկայում, ինչը, որպես կանոն, սպառողի հնարավոր մոլորեցման ազդակ է համարվում: Արտադրանմուշի հեղինակության ամրապնդման վրա ջանքեր թափելու փոխարեն տնտեսվարողը գերադասում է արագ կամ միանգամյա եկամուտը եւ փորձում «բացը» լրացնել դիզայնի փոփոխության, գովազդի հաշվին: Հենց նույն օրը ՀՀ վաճառականների միությունը հանդես եկավ աննախադեպ քայլով: Միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը «Առավոտին» հայտնեց, որ փորձաքննության արդյունքներն ստանալուն պես միության անդամներն իրենց խանութներում կհրաժարվեն ստանդարտներին չհամապատասխանող սուրճի վաճառքից: Տիկին Գեւորգյանի մեկնաբանությամբ. «այդ տեղեկությունները մտահոգիչ են, եւ քանի որ սննդի վաճառքի օբյեկտները հիմնականում մեր միության անդամներինն են, փաստորեն ստացվում է, որ մեր միության անդամների միջոցով թունավորում են մեր ազգը: Սա անհանդուրժելի է, եւ եթե նույնիսկ իմ տղան էլ լինի այդ արտադրությունը կազմակերպողը, միեւնույն է, ես այդ ակցիան կանցկացնեմ: Պետք է հայտարարեմ, որ այդ ապրանքները չպետք է ընդունվեն, քանի դեռ նրանք չեն կարգավորել իրենց ապրանքատեսակը»: «Առավոտի» տարակուսանքին ի պատասխան, Ց. Գեւորգյանն ասաց, որ չի կարծում, թե միության անդամները կընդդիմանան այս որոշմանը, բացի այդ, «այդպիսի դեպքերում արդեն ոչ թե խորհրդակցությամբ պիտի որոշվի, այլեւ կարգադրությամբ. արտակարգ իրավիճակներում ես իրավունք ունեմ առանց քվեարկության որոշում կայացնել»: Նյութին արձագանքեցին նաեւ մասնագետները՝ կապարի ու կադմիումի օգտագործումից առաջացող հիվանդությունների մեր նշած ցանկին ավելացնելով նաեւ իմպոտենցիան: Իսկ մեր սրճասեր ու սրճամոլ ընթերցողները անհանգստացած ցանկանում էին ճշտել թունավոր սուրճերի ցանկը, պարզելու համար, թե արդյոք իրե՞նք էլ են մինչեւ հիմա թունավոր սուրճ խմել: Բացասական եզրակացության արժանացած սուճերի ցանկը երկուշաբթի նախատեսված կլոր սեղանի ընթացքում կհրապարակի փորձաքննությունը պատվիրողը՝ «Հայաստանյան PR ասոցիացիան»: Հիշեցնենք, խոսքը խախտված պետական ստանդարտների մասին է, ուստի հարց է ծագում. իսկ ի՞նչ արեց Պետստանդարտը: Երեւի անհարմար զգաց, որ իր գործն ուրիշներն են անում. նրա կողմից ձեռնարկված որեւէ քայլ հայտնի չէ: Մինչդեռ պետական այս օղակի սահմանած ստանդարտները պարտադիր են բոլորի համար: Եվ որպես ստանդարտներ սահմանող մարմին, հենց այդ հիմնարկն է պարտավոր վերահսկողություն իրականացնել: Ընդհանրապես, շուկայում սննդամթերքի որակի, ստանդարտներին համապատասխանության ստուգման ակցիաներ (այս մեկի համեմատությամբ՝ սիրողական մակարդակով) անցկացրել են նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները եւս: «Առավոտի» լրագրողներն էլ են բազմիցս ստանդարտներին չհամապատասխանող, այդ թվում՝ տեղում արտադրված ապրանքատեսակներ հայտնաբերել շուկայում եւ դրանց մասին նյութեր հրապարակել: Բայց դժվար է հիշել նմանատիպ եւս մեկ ակցիա, որը կազմակերպած լիներ հենց Պետստանդարտը: Ստացվում է, որ այս երկրում գրեթե բոլորը զբաղված են պետական ստանդարտները պահպանելու խնդրով, բացի այն հիմնարկից, որն առաջի՛ն հերթին է պարտավոր դա անել: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել