Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը թոզ են փչում Եվրոպայի աչքերին»

Մայիս 14,2004 00:00

«Հայերը թոզ են փչում Եվրոպայի աչքերին» Այս կարծիքին է նաեւ եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Հասանյանը Երեկ Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնը ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հերթական քննարկումն էր կազմակերպել։ Թեման՝ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի անհրաժեշտությունն էր։ Ըստ ՀՀ կառավարության ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանի, օրենքը «ռիսկ է ազգային փոքրամասնությունների շահերի տեսանկյունից», քանզի այն սահմանելու է ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ։ Տիկին Խառատյանը չի բացառում, որ մեր օրենքն ունենա «ազգային փոքրամասնությունների ստանդարտները համակարգող դրույթներ՝ քանակի, ապրած տարիների հետ կապված» եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, օրենքի անհրաժեշտությունը բխում է ոչ թե մեր իրականությունից, այլ միջազգային պարտավորություններից. «Ոչինչ չի խանգարում ունենալ նման օրենք, որը ի մի կբերի մեր ստանձնած պարտավորություննեը»։ Որ օրենքի ընդունումը եւ դրան նախորդած բոլոր քննարկումները տեսական բնույթի են՝ վստահ է նաեւ Հայաստանի եզդիների «Շարֆադինի հետեւորդներ» կրոնական կազմակերպության նախագահ Հասան Հասանյանը։ Ըստ նրա, «նման սեմինարներով թոզ են փչում եվրոպաների աչքերին։ Իշխանավորների մոտ պիտի մեր պահանջներն ամրապնդվեն… Մենք բազմիցս առաջարկել ենք, որ ընտրական օրենքում այնպիսի փոփոխություններ լինեն, որ ԱԺ-ում մեր պատգամավորներն ունենանք»։ Ի դեպ, այս հարցը թերեւս կլինի նախագծի առանցքային վիճելի հարցերից։ Ասենք Հ. Հասանյանը գտնում է, որ 50 հազարանոց եզդիական համայնքը առնվազը 2-3 պատգամավոր պիտի ունենա. «բայց մենք մեկն ենք ուզում։ Նա հեղափոխություն չպետք է անի, այլ մեր հոգսերը ժամանակին կհայտնենք նրան ու կպահանջենք, որ լուծի։ Հիմա ում մոտ գնում ենք, շաբաթներով դռները ծեծում ենք՝ բացող չկա»։ Ուկրաինական համայնքի ղեկավար Ռոմանիա Նիկոլաեւնան գտնում է, որ «կարելի է իրար մեջ համաձայնության գալ, ընտրել մեր պատգամավորին, որն էլ կներկայացնի բոլորի ընդհանուր շահերը»։ Այս կոնտեքստում Հրանուշ Խառատյանը գտնում է, որ իբրեւ ամենամեծ համայնք (40 հազարից ավելի) պատգամավորը պետք է ընտրվի եզդիական համայնքից, բայց. «արդյո՞ք ռուսը կամ գերմանացին կհամաձայնեն ընդունել նրան իբրեւ բոլորի ներկայացուցիչ»,- տարակուսանքն արտահայտեց տիկին Խառատյանը։ Ռոմանիա Նիկոլաեւնան չի կիսում տեսակետը, որ օրենքը դեկլարատիվ բնույթ կունենա։ Նրա համոզմամբ իրավունքների եւ պարտականությունների հստակ տարբերակմամբ օրենքը որոշ խնդիրներ կլուծի։ Ասենք՝ «ՀՀ բոլոր քաղաքացիների նման, մենք էլ իրավունք ունենք մասնակցություն ունենալու ոչ միայն օրենսդիր, այլեւ գործադիր մարմիններում։ Հիմա նման որեւէ համակարգում ընդգրկված չենք»։ Հայաստանի հրեական համայնքը կրթական-մշակութային խնդիրներին զուգահեռ ակնկալում է երկքաղաքացիության հարցի լուծում։ Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում չկան էթնիկական կոնֆլիկտներ եւ ազգային փոքրամասնությունները ունեն նույն խնդիրները, ինչ-որ հայերը, Գերշ Բուրշտեյնը (հրեական «Մորդեիայ Նավի» համայնքի նախագահ, րաբբի), մասամբ է կիսում. «Ընդհանուր պլանով, այո՛։ Բայց այլ երկրներում (Ռուսաստան, Բելառուս եւ այլն) կառավարություններն իրենց վրա են վերցնում անգամ կրթամշակութային օջախների վերականգնումն ու պահպանումը»։ Ն. ԳՐԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել