Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ԻԲՐԵՎ ԳՈՐԾԻՔ

Մայիս 19,2004 00:00

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ԻԲՐԵՎ ԳՈՐԾԻՔ Մի առիթով բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, իբրեւ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու մի ձեւ, կարեւորեց ուսանողների շրջանում անցկացվող անանուն հարցումները, որտեղ վերջիններս գնահատում են իրենց դասավանդող դասախոսներին: Ընդ որում՝ գնահատվում են դասախոսի թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական հատկանիշները: Վերջերս Ռ. Մարտիրոսյանը մեր «որքանո՞վ են օբյեկտիվ եւ անաչառ այդ հարցումները» հարցին ի պատասխան՝ ասաց. «Սոցիոլոգիական անանուն հարցումները, որոնք արվում են, մեզ համար շատ կարեւոր են: Ազնիվ ուսանողները գրում են, որ տվյալ դասախոսը հետաքրքիր չէ, հնացած տվյալներով է կարդում: Ամբիոն կա, որի միջին թվանշանը բարձր չէ: Մասնավոր դասախոսների հարցը քննարկվում է դեկանի, ամբիոնի վարիչի, դասախոսի ներկայությամբ, տրամադրվում են հարցման արդյունքները… դոցենտի եւ այլ պաշտոնները, օրինակ, զբաղեցնում են մրցույթով: Գիտխորհուրդը քննարկում է գործը, որտեղ բնութագրերից մեկը կարող է լինել ուսանողի կարծիքը, որ մի քանի կիսամյակ շարունակ կրկնվել է»: Իբրեւ «հարցումներից տուժած» մի դասախոսի օրինակ էլ բերվեց. «Պատմության ֆակուլտետում մեկը դոցենտի պաշտոնի չանցավ, եւ հետո դարձավ խիստ քաղաքական գործիչ»: Անուններ, բնականաբար, չնշվեցին: Ուսանողության այլախոհ հատվածի հետ մեր անանուն հարցումներն էլ վկայում են, որ այս հարցում ուսխորհուրդները բուհի ղեկավարությանը հարմար արդյունքներ են ապահովում, որոնք հետագայում օգտագործվում են այս կամ այն դասախոսի դեմ: «Եվ հիմնականում տուժում են ոչ կաշառակեր դասախոսները, իսկ կաշառակերների անունները դրսում էլ են թնդում, ինչպե՞ս է, որ ղեկավարությունը դա չի տեսնում եւ հույսը դրել է ուսանողների վրա»,- ասում են նրանք: Այս թեմայով զրուցեցինք նաեւ ԵՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արամ Հարությունյանի հետ: Նախապես նշենք, որ պրն Հարությունյանն այս հարցումներում միշտ բարձր է գնահատվում: Այսուամենայնիվ, նա կարծում է, որ «այս հարցումները միշտ կարող են օգտագործվել որեւէ դասախոսի դեմ՝ ջարդելու համար, փաստերը խեղաթյուրել, եւ ինչու չէ՝ նաեւ նրա օգտին ծառայեցվել»: Հավանաբար տվյալ դասախոսի մասին կարծիք կազմելու համար կարեւոր է ոչ միայն ներսի, այլեւ՝ դրսի գնահատականը: Մեր այս միտքը հաստատեց Ա. Հարությունյանը՝ իբրեւ օրինակ բերելով հանրաճանաչ Լեւոն Ներսիսյանին, ում դասերը լսելու էին գալիս նաեւ այլ բուհերից: «Եվ հետո՝ դասախոսի գնահատականը ուսանողի աչքերից էլ կարելի է տեսնել: Անանուն հարցմանը դեմ եմ. թող ուսանողը կանգնի ու համարձակ ասի, թե ինչից է դժգոհ, եթե իսկապես ինչ-որ բան նկատել է տվյալ դասախոսի կողմից: Մեր երկրում ինչպես ազատ ընտրողի, այնպես էլ՝ ուսանողի խավը չի ձեւավորվել: Ուսանողի, որի համար կարեւորը ոչ թե դիպլոմն ու գնահատականն են, այլ գիտելիքը: Մարդկային ինչպիսի բարձր արժեք պիտի ունենա ուսանողը, որ իրեն ցածր գնահատողի կամ դիպլոմ ստանալուն խոչընդոտող դասախոսի մասին օբյեկտիվ ու բարձր կարծիք հայտնի: Այսօր եթե ուսանողներին ասես՝ դաս չանենք, ես ձեզ ձեր ուզած գնահատականը կդնեմ, նրանք կհամաձայնեն ու քո մասին էլ դրական կարծիք կհայտնեն: Ազատ մտածող խավ չկա նաեւ ուսանողության մեջ: Անհատներ կան, բայց որակ չեն կազմում: Դա գալիս է նաեւ երկրի վիճակից ու ընդունելության քննություններից: Ուսխորհուրդներն էլ գուսանական խմբեր են, որոնց սիրո առարկան ռեկտորներն ու հանրապետության նախագահն են: Նրանք լուրջ հարցեր երբեք չեն քննարկում»: Արամ Հարությունյանը մի հետաքրքիր առաջարկ է անում. «Թող փորձեն քննություններից առաջ եւ հետո նույն ուսանողների շրջանում միեւնույն դասախոսի մասին հարցում իրականացնել, տարբերություն հաստատ կլինի»: Ի վերջո, պրն Հարությունյանի կարծիքով, ուսանողը կարող է կարծիք ունենալ, բայց ոչ թե՝ դասախոսի որակը որոշել: Առիթն օգտագործելով, Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ եվրոպական չափանիշներ որդեգրած մեր կրթական համակարգին: Դրա արտահայտման ձեւերից մեկը բուհերում ընթացիկ քննությունների անցկացումն է: «Այստեղից մենք վերցրինք միայն ձեւական մասը», քանզի դրա համար պետք է հատուկ տեստավորման համակարգ, ինչն էլ որոշակի ֆինանսական ծախսերի հետ է կապված: «Հնարավոր չէ ուսանողի գիտելիքները ստուգել այդ ձեւով, որովհետեւ նա կարող է հարցաթերթիկի խնդիրների մեծ մասը լուծել ու մեկ էլ այնպիսի դմբո քայլ անել, որ ապացուցում է, թե այն մնացածը մեխանիկորեն է լուծել: Բայց ցածր գնահատել չես կարող, որովհետեւ փաստացի մեծ մասը լուծված է»: Պրն Հարությունյանը կողմ է բանավոր քննությունների անցկացմանը, ինչն ավելի մեծ հնարավորություն է տալիս մի կողմից ուսանողին՝ լայնորեն արտահայտվելու, մյուս կողմից դասախոսին՝ ճիշտ հասկանալու նրան եւ գնահատելու: «Բանավոր քննությունները գրավորի փոխելով իբր կոռուպցիայի դեմ պայքարի ձեւ էր, բայց դրանից կոռուպցիան չնվազեց, ի վերջո, դասախոսը կարող է երեկոյան զանգել ուսանողին եւ ասել, թե ինչ հարցեր են տրվելու նրան հաջորդ օրվա հարցաթերթիկում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել