Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՉՀՐԱՎԻՐԵՑ ԳԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ

Հունիս 05,2004 00:00

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՉՀՐԱՎԻՐԵՑ ԳԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ Ջեք Լիբեկի կարծիքով՝ նրանք կլանում են ձայնային ելեւէջները Երեկ Հայաստանում բրիտանական խորհուրդը, անձամբ նախագահ Ռոջեր Բադը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ԱՕԿՍ-ում ներկայացրին Հայաստանում առաջին անգամ համերգային այցով գտնվող, վիրտուոզ ջութակահար Ջեք Լիբեկին։ Պարզվում է՝ յոթ տարեկանում Ջեքը, հակառակ ծնողների ցանկության, այնուամենայնիվ հաճախել է Լոնդոնի Purcell երաժշտական դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Իսկ 11 տարեկանից սկսվել են երաժշտի համերգային շրջագայությունները։ «Առավոտի» հարցին՝ «Արդեն նախկին հրաշամանուկը ի՞նչ է հիշում իր մանկությունից կամ դժվա՞ր է լինել հրաշամանուկ», ջութակահարը պատասխանեց. «Հիշում եմ, որ դպրոցում դասերի ժամանակ պարզապես քնում էի։ Դա օգնում էր, որ նոր լիցք հավաքեմ՝ ջութակին տրամադրելու համար։ Նաեւ հավաքում էի իմ սիրած կոմպոզիտորների նկարները, հատկապես Էլթոն Ջոնի։ Երեւի հենց այդտեղից է գալիս, որ այսօր ես առանձնակի լավ վերաբերմունք ունեմ դեպի ժամանակակից երաժշտությունը»։ Իսկ Հայաստանը ջութակահարը ճանաչել է միայն «Արամ Խաչատրյան առաջին մեծության կոմպոզիտորով»։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից նա իր արդեն երկար կարիերայի ընթացքում (համերգներով շրջել է համարյա ողջ երկրագունդը) կատարել է միայն Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Ծանոթ է իր սերնդակից հայ երաժիշտներին, հատկապես նշեց դաշնակահարուհի Աննա Սարաջյանի անունը։ Մեծ ոգեւորություն է ապրել, երբ իմացել է, որ հանդես է գալու Ա. Խաչատրյանի անունը կրող համերգասրահում։ Ջութակահարը առաջին հայացքից ցնցվել է՝ տեսնելով համերգասրահը, բայց փորձի ժամանակ փոքր-ինչ հիասթափվել է։ Վերջինիս առիթը համերգասրահի վերանորոգումից հետո ոչ պատշաճ ակուստիկան է։ Սա այն է, ինչի մասին ամիսներ առաջ բարձրաձայնել էր Էդ. Թոփչյանը։ Ասուլիսի ժամանակ էլ դիրիժորը հարկ համարեց մեկ անգամ եւս հիշեցնել վերանորոգված համերգասրահի կավրոլիտե հատակի մասին։ Հանգստացնելով դիրիժորին, Ջեքը փաստեց, որ Լոնդոնի երեք հեղինակավոր համերգասրահներից մեկի ակուստիկան նման է «Ա. Խաչատրյան» համերգասրահին։ Կեսկատակ-կեսլուրջ ջութակահարը խնդրեց, որ համերգի օրը գեր մարդիկ քիչ լինեն. նրանք կլանում են ձայնային ելեւէջները։ «Առավոտը» աշխարհի լավագույն նվագախմբերի ու դիրիժորների ընկերակցությամբ հանդես եկած ջութակահարից հետաքրքրվեց. «Ձեր կարծիքը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու նրա գեղարվեստական ղեկավարի մասին»։ Ջ. Լիբեկի խոսքերով. «Երաժիշտներն ու դիրիժորը բարի են, մարդամոտ, հյուրընկալ եւ, որ ամենակարեւորն է, պրոֆեսիոնալներ։ Դեռ ելույթ չունեցած, կցանկանայի, որ շարունակվեր մեր համագործակցությունը»։ Մեր՝ «Պատրա՞ստ եք, ինչպես ժամանակին աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն արեց, ելույթ ունենալ ընդամենը մեկ ունկնդրի առջեւ» հարցի առնչությամբ Ջ. Լիբեկը նշեց, որ ինքը անցյալ տարի Լոնդոնում ունեցած թվով 11 համերգներից մեկի ժամանակ համարյա հայտնվել է նույն իրավիճակում. «Մեծ համերգասրահում ընդամենը տասներկու ունկնդիր կար, որից չորսը իմ հարազատներն էին։ Ինչ խոսք, ցանկալի է ելույթ ունենալ մարդաշատ համերգասրահներում»։ «Առավոտի» հարցին՝ «Բրիտանական խորհուրդը արդեն տարիներ շարունակ հայ արվեստասերին ներկայացնում է մշակույթի անգլիացի արվեստագետներին, իսկ կատարվո՞ւմ է հակառակ գործընթացը», նախագահ Ռ. Բադը պատասխանեց. «Ինչ սիրով այստեղ ներկայացնում ենք անգլիացի արվեստագետներին, այնպես էլ Անգլիայում ներկայացնում ենք հայ արվեստագետներին», փաստելով, որ մինչ 2005 թվականի ապրիլը նախատեսված է մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող անգլիացիների թվով 14 միջոցառումները Հայաստանում։ Մ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել