Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգիրից» դուրս՝ ոչ մի հարց

Հունիս 10,2004 00:00

«Անգիրից» դուրս՝ ոչ մի հարց Հունիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային բուժօգնության թեմայով: Պետական առողջապահության գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը հպարտությամբ սկսեց ներկայացնել բուժօգնության ծրագիրը, որը բացառիկ իրավունքներ է տալիս ազգաբնակչությանը՝ իր կարիքները հոգալու: «Մինչեւ այսօր ոչ թե բժշկական հաստատությունները չեն իրականացրել կառավարության որոշումը, այն է՝ տեսանելի վայրում բուժօգնության տեղեկության փակցնելը, այլ բնակչությունը հետաքրքրված չի եղել դրանով ու չի իմացել իր իրավունքները»,- ինքն իր ասածին հավատալով՝ փող չունեցողներին հիվանդանոցներից գրեթե վռնդող իր գործընկերներին արդարացրեց պարոն Տեր-Գրիգորյանը: Հիմա առողջապահության նախարարությունը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորմամբ 600 օրինակով տպագրել է տեղեկատվական պաստառներ, որոնք փակցվելու են բոլոր պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում: Ըստ այդ պաստառների՝ ամբողջ բնակչության համար անվճար է առողջության առաջնային պահպանման բժիշկների (տեղամասային թերապեւտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ), հղիների նախածննդյան եւ հետծննդյան հսկողության եւ զորակոչային-նախազորակոչայինների փորձաքննությունն ու բուժումը: Սոցիալապես անապահովների համար կան առանձին անվճար ծառայություններ՝ բացառությամբ բարձր եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողների: Տեր-Գրիգորյանը ոգեւորված ներկայացրեց ծրագիրը եւ ուզում էր այդքանով ավարտել հանդիպումը, մանավանդ որ այդ ընթացքում բարձրացվել էր սոցիալական քարտերի առավելությունների հարցը: «Ես էլ ունեմ այդ քարտից, բայց չեմ պատկանում սոցիալապես անապահովների խավին (որպես սոցիալական քարտի առավելություն նշվում է նաեւ, որ անապահով խավերի ներկայացուցիչները զանազան օգնություններ, նպաստներ ստանալու համար այլեւս կարիք չեն ունենա օրերով այս կամ այն փաստաթղթի հետեւից ընկնել, որովհետեւ իրենց մասին ստույգ տվյալներ քարտն արդեն պարունակում է – Հ. Ջ.): Քարտն այստեղ ոչ մի նշանակություն չունի, քանի որ բնակիչը պիտի միայն ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են սոցիալական ապահովության, առողջապահության նախարարությունների եւ զինծառայության կողմից»,- փորձեց բացատրել գործակալության տնօրենը: Վերջերս «Առավոտի» խմբագրություն են գալիս քաղցկեղով հիվանդներ ու խնդրում, որ քաղցկեղի կանխարգելման համար կիրառվող «Օկարին» սննդի հավելումը հիվանդներին հասնի պետպատվերի շրջանակներում: Արա Տեր-Գրիգորյանից փորձեցինք իմանալ, թե ինչքանով է դա հնարավոր: Վերջինս չկարողացավ որեւէ բան ասել եւ, ինչպես այս դեպքերում են ասում. «Այդ հարցով ես չեմ զբաղվում, դիմեք ուրիշներին» պատասխանը տվեց, քիչ հետո ասածը «մեղմացրեց». «Այսօր այլ հարցեր ենք քննարկում, կոնկրետ ծրագրին առնչվող հարցեր տվեք, պատասխանեմ»: Եթե անգիր արած ծրագրերից բացի ոչ մի հարցի չեն կարող պատասխանել, էլ ինչ կարիք կար հանդիպման սկզբում հայտարարել, որ «այսօր պատրաստ ենք պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին»: Իսկ թե ինչպես են իրականացնելու բուժօգնության ծրագիրը եւ պատժելու պայմանագիրը խախտած հաստատություններին, բացի իրավաբանական պատժից ոչինչ (բժշկական էթիկայի հետ կապված վերաբերմունք, պայմանագրի լուծարում եւ այլն) կանխորոշելի չէ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել