Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾԱՆՈԹ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԵՏ

Հունիս 25,2004 00:00

ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾԱՆՈԹ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԵՏ Վրաց դիրիժոր Վադիմ Շուբլաձեն Երեւանում կրկին հիացրեց հայ ունկնդրին Յուրաքանչյուր համերգի երաժշտասեր ունկնդիրը գալիս է նորը լսելու ակնկալիքով, մանավանդ, եթե ծանոթ են կատարողները եւ ստեղծագործությունները: Այդպես էր եւ հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում. Բեթհովենի դաշնամուրային երրորդ կոնցերտի կատարմամբ հանդես էր գալիս երիտասարդ դաշնակահարուհի Աննա Սարաջյանը (նվագավար՝ Վադիմ Շուբլաձե): Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երբեմնի սանուհի, որ արդեն անցել է մասնագիտական կրթության եւ համերգատվության բովանդակալից ճանապարհ (Նյու Յորքի Ջուլիարդ դպրոց, փորձառու մանկավարժ Հեմիշ Միլնի ղեկավարությամբ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա), արժանացել բազմաթիվ մրցանակների, հանդես եկել համերգային նշանավոր դահլիճներում, նաեւ երաժշտական տոհմական ընտանիքի ներկայացուցիչ է: Այդ ընտանիքը իր տաղանդավոր անդամներով՝ Գեորգի Սարաջեւ, Աննա Սարաջեւա, Վահրամ եւ Սերգեյ Սարաջյաններ, իրենց մեծ ներդրումն ունեն հայ կատարողական արվեստում: Եվ, հավանաբար, երիտասարդ Աննա Սարաջյանը բեմ է ելնում նաեւ այս ամենի պատասխանատվությամբ: Սակայն երաժշտության բարդ աշխարհում միայն պատասխանատվությամբ կամ ժառանգականությամբ չես առաջնորդվի: Անհրաժեշտ եւ շատ անհրաժեշտ են երաժշտի ունակություններն ու նաեւ տքնաջան աշխատանքը: Բեթհովենի դաշնամուրային երրորդ հանրահայտ կոնցերտը հնչեց հասուն, զգացող ու մտածող երաժշտի կատարմամբ: Սարաջյանը ի զորու եղավ անհատական մեկնությամբ ունկնդրին հաղորդել բեթհովենյան երաժշտության դինամիկ ընթացքի համարձակ թափը, նրանում ամփոփված դրամատիկականն ու հակադրվող քնարական-խոհականը, վերջաբանի պարայնությունը՝ շարադրանքի բաղադրամասերի առանձնահատկությունների սերտ միասնությամբ: Դա հնչեց կուռ ու ամբողջական, գեղարվեստական բարձր ճաշակով ու կուլտուրայով, ֆրազավորման երաժշտական տրամաբանությամբ, ունկնդրին առինքնող8230: Ինչ վերաբերում է դահլիճի «բիս» պահանջով կատարված Կոմիտասի «Շուշիկի» պարի մեկնությանը, ապա դա բոլորովին նոր էր, անծանոթ: Այն կարող էր համոզել կամ չհամոզել ունկնդրին: Այն չափազանց անհատական էր խոսում երիտասարդ երաժշտի հասունության, սեփական ընկալումն ունենալու եւ ստեղծագործական որոնումների մասին, ինչը եւ նորն էր դաշնակահարուհու այս անգամվա ելույթում: Համերգում նորից ունկնդիր եղանք մեր վաղեմի վրաց բարեկամ, դիրիժոր Վադիմ Շուբլաձեին: Մեզ ծանոթ Շուբլաձե- դիրիժորի խորունկ պրոֆեսիոնալիզմով եւ ուրույն մեկնությամբ հնչեցին Գլինկայի «Ռուսլան եւ Լյուդմիլա» օպերայի նախերգանքն ու Անտոն Բրուքների 8220Te deum8221 վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը: Վերջինի դրամատուրգիական կուռ ու հավաք կատարման մեջ հարկ է տեսնել նաեւ խմբավարի՝ Դավիթ Զալյանի եւ մենակատարների՝ Մարինե Քոչարյանի, Քրիստինե Սահակյանի, Ռուբեն Նուրիջանյանի, Սուրեն Մանուկյանի երաժշտական ներդրումը: ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել