Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ

Հունիս 29,2004 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ Հանրապետությունում քրեածին իրավիճակը գնահատվում է համեմատաբար կայուն, հանցագործությունների թիվն՝ ըստ պաշտոնական աղբյուրների, նվազել է՝ նախորդ տարվա համեմատ։ Սկանդալ ենթադրող կամ հնչեղ սպանություններ հունվարից մինչեւ հունիս, ըստ էության, չեն գրանցվել։ Թերեւս քննարկման առարկա են մնում ապրիլի 16-ին «Նուբարաշեն» հսկվող մեկուսարանում «27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանի ինքնասպանությունը եւ երկու տարբեր վայրերում տեղի ունեցած խոշոր ավտովթարները, որոնց հետեւանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորի օգնական Դմիտրի Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի իրավաբանական վարչության պետ Իշխան Նազարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատրյանը գտնվում են հիվանդանոցում։ Հունվարի 1-16-ը, ըստ մեր տեղեկությունների, 27 դժբախտ պատահար է տեղի ունեցել, հունիսի 4-11-ը՝ 18, իսկ հունիսի 11-18-ը ընկած ժամանակահատվածում դրանց թիվը 24 էր: Հունվարյան նույն ժամանակահատվածում գրանցվել է 123 մահվան դեպք, իսկ հունիսի 4-11՝ 35։ Խուլիգանության, գողության, հափշտակության, մարմնական վնասվածքների դեպքերը պարբերաբար գրանցվող հանցատեսակներն են։ Հունիսի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում 21 խուլիգանության, 117 գողության, 69 մարմնական վնասվածքների, 36 հափշտակության դեպք է եղել հանրապետությունում։ Կավատության տաք ամիս է եղել ցուրտ փետրվարը։ Ամսի 6-13-ը երեք դեպք է գրանցվել, իսկ փետրվարի 20-ից 27-ը՝ 4։ Զենք, զինամթերք հանձնելու առումով թարմ շունչ հաղորդեց ապրիլը, որի ընթացքում 55 «առողջ» քաղաքացի կամավոր հանձնել է իր զենքն ու զինամթերքը։ Մեր ունեցած պաշտոնական տեղեկություններով, մարտի 12-ից 19-նն ընկած հատվածում հանրապետությունում արձանագրվել է ամենաշատ՝ 678 դեպքը, պատահարը, հանցագործությունը։ «2-րդ հորիզոնականը» փետրվարի 13- 20-ին գրանցված 572 դեպքերն են։ Հունիսի 11-18-ը 540 դեպք, պատահար է գրանցվել։ «Առավոտի» դիտարկմամբ, հունիսին նկատվում է ինքնասպանության փորձերի աճ։ Հունիսի 23-ին իրենց այգում փորձել է ինքնասպան լինել Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 4 շենքի 19 բնակարանի բնակիչ Զոյա Ներսիսյանը։ Ներկայումս նա գտնվում է Էջմիածնի հիվանդանոցում։ Նա օգտագործել էր թունաքիմիկատ։ Ի դեպ, Էջմիածնի հիվանդանոցում, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է եւս մեկ անձնավորություն՝ Վիկտոր Խաչատրյանը, որը փորձել էր պատշգամբում կախվել։ Սպիտակցի թոշակառու Ալբերտ Պետրոսյանը ածելիով վնասվածքներ է հասցրել իրեն։ Ինքնասպանության փորձն ավարտվել էր անհաջողությամբ։ Ըստ «Առավոտի» ունեցած տվյալների, Ստեփանավանի Կուրթան գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Լիաննա Խարազյանը իրենց տան բակում ծառից կախվել էր եւ թողել էր երկտող, որ այդ քայլին դիմել է սոցիալական խնդիր ունենալու պատճառով։ Երբ ուսումնասիրում ես հունիսի ինքնասպանության փորձերը, նկատելի է, որ այդ քայլին գնում են հիմնականում կանայք։ Անշուշտ, տխուր վիճակագրություն կստացվի, եթե արձանագրենք, որ նման ցավալի դեպքեր, տեղի են ունենում հիմնականում մարզերում։ Պարանի միջոցով կախվելով՝ հունիսի 22-ին իր մառանում կյանքին վերջ էր տվել Գավառի Ծովազարդ գյուղի բնակչուհի Գալյա Հովսեփյանը, հունիսի 25-ին՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Գեղամ Նարինյանը։ Իսկ ահա խարդախության, դրամաշորթության դեպքերը գրեթե միշտ նույն «դեմքն» ունեն: Արտաշատի, Մարմարաշեն գյուղի, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի, Արաբկիր, Նոր Նորք համայնքների բնակիչների հետ նույնն էր կատարվել, ինչ՝ թիվ 90 դպրոցի ուսուցչուհի Կ. Մարգարյանի հետ։ Նրան էր մոտեցել «ֆրանսահայ բարերար Մարսել քաղաքից», խնդրել ի պահ վերցնել կնքված 3 ծրար, որոնց մեջ իբր կար 3000 ԱՄՆ դոլար։ Վերցրել էր ուսուցչուհուց նրա ականջօղերը՝ իբրեւ երաշխիք։ Կատարվածն ուսուցչուհին չէր մարսել, որովհետեւ ծրարում ոչինչ չէր եղել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել