Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՍԻԲՈՎ ԿԻՆԸ

Հուլիս 07,2004 00:00

ԹԱՍԻԲՈՎ ԿԻՆԸ Սույն թվականի հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Թազագյուղ համայնքում կայացել են գյուղապետի ընտրություններ։ Առաջադրված երկու թեկնածուներից՝ գործող գյուղապետ Ժորա Ահարոնյան եւ Մուշեղ Խլղաթյան, ձայների 436-331 հարաբերակցությամբ ընտրվել է Մուշեղ Խլղաթյանը։ Սակայն հուլիսի 11-ին Թազագյուղ համայնքի բնակիչները ստիպված են լինելու վերընտրություն կատարել։ Ի տարբերություն նախորդ՝ հարաբերական անդորրի պայմաններում անցած ընտրությունների, վերընտրությունները սպառնում են կրքերի առավելագույն բորբոքում։ Բայց, նախ այն մասին, թե ինչպես են անցել ընտրությունները եւ ինչու վերընտրության անհրաժեշտություն առաջացավ։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ուղղված իր դիմումում Մուշեղ Խլղաթյանը տեղեկացնում է, որ 1989-ից համայնքը ղեկավարվել է ԱԺ պատգամավոր, «մոլի գեղամյանական» Բորիս Մուրադյանի եւ նրա քրոջ ամուսնու՝ Ժորա Ահարոնյանի (Հանրապետական կուսակցության անդամ) կողմից։ Դիմումագրի հավաստմամբ, «վերը նշված ընկերների կողմից ղեկավարված համայնքում չի լուծվել համայնքին հուզող ոչ մի հարց, բացի անձնական, խմբակային եւ կլանային շահերից»։ Պարոն Խլղաթյանի հավաստմամբ, ինքը հաղթանակ է տարել անգամ այն պարագայում, երբ «Ժ. Ահարոնյանը փողի ուժով հասավ նրան, որ հանձնաժողովի 9 անդամներից 6-ին ընտրել տվեց իր բարեկամներից», որոնցից 3-ը նաեւ գյուղապետարանի աշխատակիցներ են, մեկը՝ ավագանու անդամ։ Հունիսի 13-ի ընտրությունների արդյունքները հաստատվել են նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովում։ Դրանից մի քանի օր անց, մարզի առաջին ատյանի դատարան է դիմում Ժ.Ահարոնյանի կինը՝ Կատյա Մուրադյանը, բողոքարկելով ընտրությունների արդյունքները։ Դատարանում Ժ. Ահարոնյանը հայտարարել է, որ մեխանիկորեն պակասել են իրեն տրված ձայները, որոնք հաշվարկվել են հօգուտ Մ. Խլղաթյանի։ Բացի այդ, վերջինիս ազգականները նաեւ իբր ճնշումներ են գործադրել ընտրողների վրա: Ճնշումների դեմն առնելուն ուղղված ոստիկանների ջանքերը ապարդյուն են անցել։ Հանձնաժողովն էլ, իբր հաշվի չառնելով այս փաստերը, Մ. Խլղաթյանին հռչակել է հաղթող։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենին դեմ չի արտահայտվել պատասխանող, թիվ 31/865 ՏԸՀ-ի նախագահ Նաիրի Վարդանյանը։ Ավելին, հաստատել է, որ ընտրությունների օրը Մ. Խլղաթյանն ազգականներով ճնշումներ է գործադրել իր եւ հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ։ Նման ցուցմունքներ են տվել նաեւ հանձնաժողովի 5 անդամները։ Ամփոփիչ արձանագրությունների վերստուգումից պարզվել է, որ Ժ. Ահարոնյանի օգտին քվեարկված է 387 քվեաթերթիկ, իսկ Մ. Խլղաթյանի օգտին՝ 376։ Ինչից հետո հանձնաժողովի անդամ-վկաները դատարանին իրենց անտեղյակությունն են հայտնել այն մասին, թե ինչպես է Ժ. Ահարոնյանի օգտին քվեարկված 387 քվեաթերթիկի փոխարեն հաշվարկվել 331-ը, իսկ Մ. Խլղաթյանի՝ 376-ի փոխարեն՝ 436-ը։ Վկաները նաեւ հիմնավորումներ են տվել, թե չի բացառվում, որ քվեաթերթիկները սխալ հաշվված լինեն, քանզի իրենք պարզապես վստահության սկզբունքով են առաջնորդվել, ըստ այդմ էլ ամփոփիչ արձանագրություններն են ստորագրել եւ այլն։ Մի խոսքով, դատարանի վճռից հետեւում է, որ Մ. Խլղաթյանն իր ազգականներով մատների վրա է խաղացրել մի ողջ ընտրական հանձնաժողովի, որի 3 անդամը գյուղապետարանի աշխատողներ են, մեկն՝ ավագանու անդամ, 2-ը՝ մյուս թեկնածուի ազգականները։ Արդյունքում, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Ա. Պետրոսյանը, որը նույնպես հայցվորների ազգականն է, վճռել է անվավեր ճանաչել Թազագյուղ համայնքի ղեկավարի ընտրությունները։ Հանուն արդարության նշենք, որ «նորացված» արձանագրությունները չեն գրվել եւ ստորագրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Կառլեն Աղեկյանի կողմից։ «Այժմ համայնքը շոկային իրավիճակում է. ո՞ւմ դիմենք, ինչպե՞ս վերականգնենք ճշմարտությունը, հավատն օրենքի եւ իշխանությունների նկատմամբ»,- ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին ուղղված նամակներում հռետորական հարց է հնչեցնում Մ. Խլղաթյանը։ Իսկ ԿԸՀ-ի վերաբերյալ Մ. Խլղաթյանի վստահված անձ Ժորա Ստեփանյանն իր կարծիքն ունի. «ԿԸՀ-ն նույնպես կաշառված է։ Ակնհայտ կեղծիքները չեն ցանկանում տեսնել»։ Ժ. Ստեփանյանը, որը հանրապետության վաստակավոր մանկավարժ է, հարցն արդարացի լուծում չստանալու դեպքում՝ սպառնում է հացադուլ անել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել