Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ սրտի մխիթարանք

Հուլիս 07,2004 00:00

Սեւ սրտի մխիթարանք Թերացո՞ւմ, թե՞ չարաշահում Օրերս մեր թերթին տված հարցազրույցում ԿԳ նախարար Սերգո Երիցյանը Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներից շատերը ընդհանուր է համարել ԱՊՀ երկրների համար: Ըստ նրա, եթե խոսվում է այն մասին, որ մեդալակիրների քննությունների ժամանակ որոշակի չարաշահումներ են եղել, ապա դա միայն հայաստանյան իրավիճակ չէ: Արդյո՞ք ԱՊՀ տարածքում միակը չլինելը մեղմացուցիչ հանգամանք է: Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը մտածի, որ ինքը սուտ խոսելով մեղք չի գործում, որովհետեւ իր գործընկերն էլ է ամեն օր սրան-նրան խաբելով ման գալիս: ԿԳ նախարարը մեդալակիրների քննությունների մասին եւս ուշագրավ կարծիք է հայտնել. «Ես չեմ ասում, թե թերացումներ չկային, բայց չարաշահումներ՝ երեւի թե ոչ: Բայց այդ թերացումները ավելի շատ չէին, քան անցած-գնացած տարիներին: Դրանք այնքան էին, ինչքան կարող էին լինել, որովհետեւ մինչ այժմ օրենսդրական կամ այլ առումներով այդ դաշտը կարգավորված չէ. մենք այսօր չունենք հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրություն»: Նախ՝ անցած-գնացած տարիների թերացումները եւս մխիթարանք չեն: Ինչ է, նախկին սխալից փոխանակ դաս քաղենք՝ ընդօրինակո՞ւմ ենք: Երկրորդ՝ նախորդ տարիներին երբեւէ չի գրանցվել դեպք, երբ մեդալի հավակնորդներն այդքան բացասական արդյունքներ ցուցադրեին: Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ 12 միավոր ստացած հավակնորդի եւ իրեն երաշխավորող դպրոցի հասցեին ինչ լուտանքներ էին թափում կրթության ոլորտի պատասխանատուները: Իսկ այս տարի մաթեմատիկայից ունեցանք աննախադեպ արդյունքներ՝ 3 «0», 1 «1», 1 «2» եւ 1 «5» միավոր: Նախարարի խոսքից առաջանում են հերթական հարցերը. որտե՞ղ է ավարտվում թերացումը, եւ որտեղի՞ց է սկսվում չարաշահումը: Մի՞թե չարաշահում չէ այն, որ դպրոցի տնօրենը մեդալակիրների քննությանը մասնակցելու համար երաշխավորում է անարժան մեկին՝ 250-300 դոլարի դիմաց, եւ արդյունքում անտեսվում են իսկապես արժանիները: Ի դեպ, այս վերջին տվյալն ունի նաեւ նախագահի վերահսկողական վարչությունը, ու հար եւ նման շատ բողոքներից ելնելով է վերահսկողություն իրականացրել հայտնի քննություններում: Մտահոգիչ է հատկապես այն, որ մշակվել է հատուկ մեխանիզմ, ըստ որի հանձնաժողովի կողմից պետք է լրացվեին հավակնորդների դատարկ թողած տետրերը: Ըստ նախարարի, սա պարզապես թերացում է: Գուցե մեր եւ Սերգո Երիցյանի գնահատման չափորոշիչնե՞րն են տարբեր: Արդյո՞ք չարաշահում չէր նաեւ միջպետական համաձայնագրերով արտասահման ուղարկվող ուսանողների հարցը: Արդեն ասել ենք, որ նախագահի վերահսկողականը ստուգումներ է իրականացնում՝ ՌԴ եւ մի շարք այլ երկրների՝ Սլովենիայի, Չինաստանի, Սիրիայի, Հունաստանի, Իրանի հետ կնքած համաձայնագրերում առկա խախտումները հայտնաբերելու նպատակով: Միայն ՌԴ համաձայնագրերի պարագայում արդեն կարելի է մի շարք «թերացումներ» մատնանշել: Մասնավորապես. մեր տեղեկություններով, նախագահի վերահսկողականը պարզել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաները, ներքին համաձայնության գալով, բակալավրիատի հաշվին ավելացրել են ասպիրանտական տեղերը: Նախ՝ նման պարագայում անհրաժեշտ է նաեւ Կառավարության համաձայնությունը, ինչը չկա: Եվ երկրորդ, որ խիստ մտահոգել է վերահսկողականին եւ դրդել խոր ուսումնասիրությունների, այն է, որ այսպիսով բանակից խուսափելու մեծ սողանցք է բացվում. չէ՞ որ թեկնածուների 90-92 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են: Բացի այդ, ասպիրանտին այլ երկրում սովորելու ուղարկելիս որեւէ երաշխիք չկա՝ նա կվերադառնա՞ հայրենիք, թե՞ ոչ: ԿԳ նախարարությունն այստեղ որեւէ պարտավորություն չի վերցնում իր վրա եւ որեւէ պայմանագիր չի կապում տվյալ անձի հետ: Ավելին, նախարարությունն անգամ այս մասին արխիվ չունի եւ չի կարող ասել, թե, օրինակ, 2 տարի առաջ ով գնաց այսինչ տեղը սովորելու: Հարկ է նշել նաեւ, որ ուսանողական կամ ասպիրանտական տեղերի ընդունելության ողջ գործընթացը հրապարակայնությունից զուրկ է, չկան չափորոշիչներ, հետեւաբար՝ չկա նաեւ բողոքարկման հնարավորություն: Այս մասին՝ առաջիկայում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել