Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՓՐԿՎԻ՞ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

Հուլիս 07,2004 00:00

ԿՓՐԿՎԻ՞ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ Երեւանի կամերային երգչախումբը, որը հիմնադրվել է ութ տարի առաջ՝ խմբավար Հարություն Թոփիկյանի կողմից, ավելի քան մեկ ամիս է՝ դադարեցրել է աշխատանքները։ Երգչախմբին ստեղծման օրվանից հովանավորել է Գարեգին Առաջին վեհափառը, որի մահից հետո այդ նվիրական գործը շարունակել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը։ Ըստ Հ. Թոփիկյանի, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կողմից երգչախմբի հովանավորությունը դադարեցվել է՝ «եկեղեցու ֆինանսական դժվարություններից ելնելով»։ Խմբավարն այս առիթով ահազանգել է մշակույթի նախարար Հ. Հովեյանին. «Ունեմ հույս, որ ամեն բան պետք է արվի երգչախումբը փրկելու համար»։ Պարապուրդի օրերին երգչախմբի գեղարվեստական ղեկավարին ու արտիստներին բարոյական աջակցություն են ցուցաբերում արվեստագետները։ «Բարձր գնահատելով երգչախմբի կատարողական արվեստը, եւ ի պաշտպանություն մեր ապագայի, տարբեր պատկան ատյաններ են դիմել անվանի երաժշտագետներ Արաքսի Սարյանը, Գեորգի Գյոդակյանը, Աննա Արեւշատյանը, կոնսերվատորիայի ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմը»,- տեղեկացրեց Հ. Թոփիկյանը։ «Առավոտի» հարցին՝ «Ութամյա երգչախմբի գործունեության ո՞ր շրջանն են բարձր գնահատում ձեր նշած արվեստագետները», պարոն Թոփիկյանը պատասխանեց. «Երգչախմբի գործունեության ամենապատվավոր էջը Կոմիտասի աշխարհիկ խմբերգերի կատարումն ու ձայնագրումն էր, որի իրականացման համար հիմք հանդիսացավ մեծանուն երաժշտագետ Ռոբերտ Աթայանի ակադեմիական հրատարակությունը»։ Իր գործունեության տարիներին երգչախումբը հանդես է եկել Նորվեգիայում, Գերմանիայում, մասնակցել Լիբանանում ու Սիրիայում կայացած չարենցյան օրերին, Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին։ Իսկ այս տարվա ապրիլին Մոսկվայում մասնակցել է աշխարհահռչակ Վ. Գերգիեւի կազմակերպած «Հարության փառատոնին»։ Հայ ունկնդիրը Երեւանի կամերային երգչախմբին վերջին անգամ հանդիպել է Կոմպոզիտորների միության կազմակերպած գարնանային համերգաշարի օրերին, որտեղ կատարվել են կոմպոզիտորներ Ստեփան Սուքիասյանի եւ Միքայել Կոկժաեւի երգչախմբային երկերը։ Մեր՝ «Համերգաշարին ձեր մասնակցությունը ո՞վ ֆինանսավորեց» հարցին Հ. Թոփիկյանն ասաց. «Կոմպոզիտորների միությունն էր կազմակերպել, նա էլ ֆինանսավորեց»։ «Առավոտը» խմբավարին հիշեցրեց, որ ժամանակին ինքը ղեկավարում էր Երեւանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, ինչպես հայտնի է՝ անվճար։ Հ. Թոփիկյանի խոսքերով. «Այո, դա 84-91 թվականներն էր։ Եկեք չմոռանանք, որ համալսարանի երգչախումբը սիրողական էր, իսկ այսօր իմ ղեկավարած երգչախումբը պրոֆեսիոնալ է։ Ես պարտավոր եմ վճարել արտիստներին»։ Հիշեցրինք նաեւ 80-ականների սկզբներին ռադիոյի Հայ երգի կամերային երգչախմբում իր եւ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի «մենամարտի» մասին, խնդրելով գոնե այսօր պարզաբանել կատարվածը։ «Դեռ հուշերի չեմ ուզում անցնել։ Կարծում եմ, որ այն օրերին տիրող վարչակազմի անբարո, սակայն «արդարացված» կեցվածքը լավ դաս կհանդիսանա տարեց արվեստագետներին, որպեսզի չկրկնվեն նման «մենամարտեր» երիտասարդների հանդեպ (Էդ. Հովհաննիսյանի հետ «մենամարտի» օրերին Հ. Թոփիկյանը 28 տարեկան էր)։ Եթե չլիներ երգչախմբի այսօրվա աշխատանքային դադարը, ես սիրով կանդրադառնայի անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերին»,- ասաց խմբավարը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել