Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հուլիս 22,2004 00:00

Իշխանական
եւ ընդդիմադիր կուսակցությունների կարծիքն այս հարցում համընկնում է
Երեկ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր Հայաստանի քաղաքական ուժերին՝ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից հետո մեկ անգամ եւս հստակեցնելու կուսակցությունների դիրքորոշումները եւ խոսելու հնարավոր մարտահրավերներից: Հրավերն ընդունել էին միայն ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՍԻՄ-ը եւ Հայ արիական միաբանությունը: Չէր բարեհաճել ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իր կուսակցությունը հավատարիմ է մնացել ԼՂՀ հարցում 2001 թվականին խորհրդարանում քաղաքական ուժերի ստորագրած համաձայնագրին: Հիշեցնենք, որ ըստ այդ փաստաթղթի՝ ԼՂՀ-ն միավորվում է Հայաստանին կամ հռչակվում անկախ պետություն, Հայաստանի հետ ունենում է ցամաքային սահման, ապահովվում են ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանները, Հայաստանի որեւէ տարածք չի կարող վեճի առարկա դառնալ: Քանի որ պարոն Մինասյանն օրերս էր վերադարձել ԼՂՀ եւ ազատագրված տարածքներ կատարած այցից, առիթն օգտագործեց՝ տպավորությունները կիսելու։ Իսկ տպավորությունները շատ դրական էին: Եթե վստահենք պարոն Մինասյանին՝ «ազատագրված տարածքներում կյանքը եռում է»: Մեկը մյուսի ետեւից գյուղեր են էլեկտրիֆիկացվում, ճանապարհներ ու դպրոցներ են կառուցվումը եւ «մարդիկ երեխայի սնունդի փողից մի քիչ էլ ավել փող ունեն՝ սրճարանում ընկերոջ հետ նստելու համար»: Ի դեպ, նշյալ տարածքներում այժմ պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին. բանախոսը հավաստիացրեց, որ ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն իրենց ժողովրդավարությամբ չեն զիջում Ադրբեջանին: Այդուհանդերձ՝ «Ի՞նչ կարող է պաշտոնական Երեւանը հակադարձել կամ պատասխանել միջազգային հանրությանը» հարցին ի պատասխան՝ Գ. Մինասյանը խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ «հակադարձել, պատասխանել» տերմինների օգտագործումից, քանզի առաջարկները դեռեւս հայտնի չեն: Հյուրին, սակայն, հուսադրում է այն, որ Ադրբեջանի նախկին նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն օրերս հայտարարել է՝ «եթե պատերազմով չենք կարող ԼՂՀ-ն վերցնել, մնում է համակերպվել»: Ապա խոսելով նախագահ Քոչարյանի ստրասբուրգյան ելույթի քիուեսթյան հատվածից՝ բանախոսը հարկ համարեց ազնվանալ եւ հայտարարել. «Չեմ բացառում վերադարձնելու շուրջ բանակցություններ այն տարածքների վերաբերյալ, որոնք չեն մտնում վերաբնակեցման ծրագրի մեջ»:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը խնդրի կարգավորման գործում հավասարաչափ քննադատության ենթարկեց խորհրդային, նախկին եւ ներկայիս իշխանություններին՝ արձանագրելով, որ մինչ այժմ հաղթած ենք այն պատճառով, որ միշտ ավելի ռադիկալ տրամադրված հասարակությունը տուրք չի տվել իշխանությունների նահանջողականությանը: Ըստ նրա՝ ճնշումները նույնն են, պարզապես մեր մեջ են կասկածները շատացել: ՍԻՄ նախագահը վտանգը ներսից է տեսնում՝ «իրենց իշխանությունը երկարաձգելու համար իշխանությունները կգնան նահանջի»: Ի դեպ, 1991 թվականին ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում անկախության առանձին հանրաքվեները, Հ. Խաչատրյանի կարծիքով՝ թուլացրին 1989-ի՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վերամիավորման հիմքերը: Այժմ էլ նա չի բացառում նմանատիպ քայլը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը տրամագծորեն հակառակ արտահայտվեց իր կոալիցիոն հանրապետական գործընկերոջը: Տարածքների վերաբնակեցումը նա համատարած չի համարում: Բացի այդ, քանի դեռ ճշտված չէ այդ տարածքների կարգավիճակը, նա խնդիրը գործնականում անլուծելի է համարում: Ուստի ՀՅԴ-ն առաջարկում է, որ Ղարաբաղն իր գերիշխանությունը հայտարարի այդ տարածքների վրա: Որից հետո Հայաստանի գերխնդիրը պետք է լինի տարածքների վերադարձն անհնարին դարձնելը: Այսպիսիք են, ըստ ՀՅԴ-ի, Հայաստանի տնտեսական մեկուսացման փոխհատուցումները: Զիջումների ՀՅԴ-ական պատկերացումները 10-20 քառակուսի մետրից չեն անցնում:

Մինչդեռ ազգայնական Արմեն Ավետիսյանի պատկերացումներով՝ դեռ Գանձակը, Դաշքեսանը, Գետաբեկն ու Զանգելանն էլ պիտի ազատագրվեն: Իսկ իրենց ծայրահեղական կոչողներին խորհուրդ տվեց «մեր տակը փորողների» դեմն առնել՝ կանխելով մեծ Ադրբեջան, մեծ Վրաստան եւ քրդական պետության՝ հայկական հողերի վրա իրականացվող ծրագրերը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել