Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցում են, գրանցում, հետո՝ մտածում

Օգոստոս 05,2004 00:00

Կառուցում են, գրանցում, հետո՝ մտածում «Մեր բակի մոտ 400 քմ տարածքը վերացել է: Մենք բակ չունենք, ավտոտնակների արանքում միայն մի կածան են թողել»,- բողոքում են Մաշտոցի 27ա շենքի բնակիչները: Երեւանի Մաշտոցի 27ա եւ 29 շենքերի միջնամասում կան 11 քարե եւ 2 մետաղյա ավտոտնակներ: Բնակիչների հավաստմամբ` բակում եղել է ընդամենը 2 ավտոտնակ: Մնացած տարածքը առաջին հարկի բնակիչները մշակել եւ ծառ ու ծաղիկ են աճեցրել: Ավտոտնակների կառուցումը սկսվել է, երբ Մաշտոցի 29 շենքում բնակարան է գնել «Արմեն Տուր» ավիագործակալության տնօրեն Արմեն Գյոզալյանը: Նա բակում կառուցել է մի քանի ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Դրանից հետո հերթականությամբ կառուցվել են մնացած քարե ավտոտնակները: «Ամեն փաստաթղթեր էլ ունենք: Ամուսինս միայն օրինական գործեր է անում: Եթե անօրինական լիներ՝ նա ոչ մի ավտոտնակ էլ չէր կառուցի»,-ասաց Արմեն Գյոզալյանի կինը` Անահիտը: Քարե ավտոտնակների տերերն իսկապես Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել են սեփականության իրավունքի վկայականներ: Կադաստրը առաջնորդվել է քաղաքապետի` հողամասի վարձակալության մի շարք որոշումներով: Հողամասերը վարձակալվել են հիմնականում 3 տարով: Ավտոտնակների տերերը Մաշտոցի 29 շենքից են, շենքի բնակիչները չեն բողոքում` հասկանալով ավտոտնակների տերերի ով լինելն ու հնարավորությունները: Իսկ Մաշտոցի 27ա շենքի բնակիչները դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, քաղաքաշինության պետական տեսչություն, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն: Թաղապետարանը պատասխանել է. «Ավտոտնակները եղել են դեռեւս 1998թ.172ից։ Դրանց տերերը 2003թ. տարեվերջին համատեղ ուժերով կատարել են վերանորոգման աշխատանքներ՝ ավտոտնակները բարեկարգ տեսքի բերելու համար»: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հրաչիկ Մուրադյանը բնակիչներին գրավոր պատասխանել է. «Ավտոտնակներն ունեն կառուցապատման տարիների վաղեմություն, սահմանված կարգի համաձայն՝ 2000-2001-ին հաշվառվել են բնակարանային տնտեսության արտադրական վարչությունում եւ կատարվել են համապատասխան վճարումներ: 2003թ. նշված հասցեում կատարվել են բարեկարգման աշխատանքներ»: Այս պատասխանից հետո, երբ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության աշխատակցի հետ պարոն Մուրադյանը եղել է տեղում, բնակիչներից ներողություն է խնդրել` ասելով, որ իրեն թյուրիմացության մեջ են գցել եւ խոստացել, որ անպայման այս հարցով կզբաղվի: Սակայն անտեսելով 11 քարե ավտոտնակները, նա բնակիչներին գրավոր պատասխանելիս անդրադարձել է միայն 2 մետաղյա ավտոտնակներին` «քաղաքապետի որոշմամբ դրանք կապամոնտաժվեն»: Քաղաքապետի այս որոշումը կայացվել է հունիսի 10-ին, այն պետք է իրականացվեր 10 օրվա ընթացքում: Բայց ինչպես քարե ավտոտնակների տերերը, այնպես էլ` մետաղյա, արդեն ստացել են սեփականության իրավունքի վկայականներ: Հետեւաբար, ապամոնտաժում չի լինի։ Այս խառնաշփոթից դուրս գալու համար պրն Մուրադյանը ճիշտ համարեց դիմել դատարանի օգնությանը: «Արդեն կա քաղաքապետի որոշում եւ այն պետք է իրագործել: Ես կմիջնորդեմ, եւ մեր իրավաբանները կմտնեն դատարան: Թող դատարանը որոշի, թե ինչպես պետք է վարվել այդ սեփականության իրավունքի եւ քաղաքապետի որոշումն իրականացնելու պայմանի հետ»,-ասաց նա: Քիչ հավանական է, որ քաղաքապետարանը կդիմի դատարան, բայց եթե անգամ դիմի էլ, դժվար թե դատարանն այս հարցը քննի ըստ էության, քանի որ ավտոտնակների տերերը ուժային-ֆինանսական պաշտոնյաներ են: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել