Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն, որ միշտ մեզ հետ չէ

Սեպտեմբեր 28,2004 00:00

Ինչու հայաստանցիները լիաթոք չեն ուրախանում տոն օրերին

Օրերս անցավ հերթական տոնը՝ Անկախության տարելիցը, եւ մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մեր ժողովուրդը տոներին սրտանց ուրախանալ չգիտի, որ նրա մեջ պակասում է տոնի գաղափարի գիտակցումը: Իսկ տոնակատարությունների շարքը, որ կազմակերպվում է պետականորեն, հեռու չի գնում հրապարակներում մի քանի երգիչ-երգչուհիների՝ ձայնագրությունների տակ շարժումներ անելուց:

Թեմային մեր խնդրանքով անդրադառնում է ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Սեյրան Ամիրյանը: «Տոների հարցում մենք չունենք մեր մտավորականների, իշխանավորների, մշակույթի գործիչների աջակցությունը, նրանք շատ հեռու են այդ տոներն իմաստավորելուց, դրանց էությունը, բնույթը մեր ազգին ներկայացնելուց: Ամբողջ հարցը տոնի էության, բովանդակության, նշանակության գիտակցումն է, մեր ազգային արժեքների համար նրա տեղն ու դերը բարձրացնելը, որ այսօր ոչ ոք այդ մասին չի ուզում խոսել, մեկնաբանել, մինչդեռ մենք դրանք կարող ենք վերցնել եւ դաստիարակության համար հրաշալի փաստարկ դարձնել: Պետական հնչեղություն պետք է տալ այդ ամենին, միջոցառումներ կազմակերպել, լիդերները պետք է հանդիպեն ժողովրդին, ներկայացնեն փաստարկներ: Օրինակ, այսօր մենք Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ ոչ մի կարգին ֆիլմ չունենք, իսկ դասագրքերում էլ՝ ոչ բավարար նյութեր են: Մենք նույնիսկ չունենք պատերազմում զոհվածների անունները՝ թեկուզ բուկլետի տեսքով: Դրա կողքին մենք ունենք մարդիկ, որոնք պատերազմին մասնակցել են եւ հիմա մեծ հարստության տեր են դարձել, եւ ժողովուրդն էլ սկսում է պատերազմի մասին դատել դրանով. հոգեբանական երեւույթներ կան, որ հարկավոր է պարզաբանել»:

Ս. Ամիրյանը համաձայն չէ այն մտքին, թե հայ ժողովուրդը թախծոտ, խռովահույզ, մռայլ ազգ է, որ չի կարողանում տոներին ուրախանալ: «Ես գտնում եմ, որ մենք շատ լավ ուրախանում ենք հարսանիքներին, խնջույքներին, մեր ազգն ուրախանալ գիտի: Մեզ ժանանակ է պետք, որ արթնանանք 90-ականների մռայլ օրերից, ոչ մի ժողովուրդ այդ օրերին չէր կարող դիմանալ, ինչին դիմացավ հայ ժողովուրդը: Սերունդ պետք է անցնի, որպեսզի այդ ցավը դուրս գա ժողովրդի միջից: Իսկ դրա համար պետական հոգածություն է պետք, ընդ որում՝ ոչ մեծ ծախսերով: Մենք վեց հարյուր տարի տառապեցինք՝ մինչեւ անկախություն ունեցանք, բայց դա պատշաճ ձեւով չի մատուցվում: Այդ ամենի մասին ոչ լիդերներն են խոսում, ոչ գիտնականները, ոչ դասագրքերը, ուստի ստացվում է, որ մենք այդ ամենը կիսատ-պռատ ենք հասկանում, մինչդեռ դա մեզ համար ճակատագրական երեւույթ է: Մեր մշակույթն ընդհանրապես պատշաճ չի մատուցվում: Մենք պետք է ներկայացնենք, թե ով ենք մենք: Ինչո՞ւ Ամերիկան հարյուր քսան միլիոն դոլար ծախսեց եւ հնդիկների համար մշակույթի պալատ կառուցեց, իսկ մեզ մոտ միայն դղյակներ են կառուցվում: Սիգարետի ու մերկ աղջիկների նկարների փոխարեն մի խելոք խոսք, մի առակ թող գովազդեն»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել