Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Հոկտեմբեր 01,2004 00:00

Ամեն
ինչ Ղարաբաղի խնդրին վերագրելը՝ վկայում է Հայաստանի քաղաքական-իշխանական
համակարգի խոր ճգնաժամի մասին:
Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է զարգանալ նաեւ առանց երկաթուղիների եւ նավթամուղների, լիովին արտացոլում է Հայաստանի վերջին տարիների զարգացումների փիլիսոփայությունը: Այն ավելին է, քան պարզապես «տղայական» կամ «տղամարդկային արձագանք»՝ Ղարաբաղի խնդրի շուրջ Ս.Մանի հայտարարությանը, ինչպես գրեց մամուլը: Օսկանյանը, այդպիսով, հայտնեց ոչ միայն իր կամ իշխանության տեսակետը, այլեւ բանաձեւեց այն իրողությունը, որի մեջ հայտնվել է երկիրը:

Անկախություն հռչակելուց ի վեր հայության մեջ առաջացավ ընտրության խնդիրը. կամ ինտեգրվել իր ճանապարհին որեւէ խոչընդոտ չհանդուրժող Արեւմտյան ժողովրդավարության քաղաքակրթությանը, կամ ներփակվել ինքն իր մեջ՝ ազգային ինքնությունը պահպանելու համար: Սակայն հասարակության ներսում այս վեճը հանգեց ծայրահեղության. կողմերը որպես փաստարկ վերցնում էին միայն արտաքին հատկանիշները, չխորանալով զարգացման այդ ուղիների բուն էության եւ արժեքային համակարգի մեջ: Արդյունքում՝ այսօր մեր հասարակության մեջ Արեւմուտքը սկսել է նույնացվել «մեր ազգային նկարագրին անհարիր» արժեքների հետ, մոռացության տալով նրա տեխնոլոգիական եւ մշակութային հսկայական ժառանգությունը, իսկ ինքնության տակ հասկացվում է քարանձավում ապրող հայը՝ կտրված քաղաքակրթությունից եւ համաշխարհային զարգացումներից: Պատահական չէ, որ հասարակական-քաղաքական մտքի ճգնաժամի պայմաններում, Հայաստանում ներկայում աննախադեպ աշխուժացել են զանազան աղանդավորական ու գավառական մակարդակի ազգայնական խմբերը, մարտնչող կիսագրագետ երիտասարդական կազմակերպությունները, ծայրահեղական գաղափարները:

Օսկանյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը գնում է ներհասարակական կյանքի պարզունակացման ճանապարհով: Եթե Արեւմուտքին կուրորեն հետեւելն իսկապես հղի է ազգային-հոգեւոր արժեքների որոշակի կորստի վտանգով, ապա ինքնամեկուսացման եւ համաշխարհային զարգացումներից ինքնաօտարման քաղաքականությունը, ինչպես ցույց է տալիս տասնյակ երկրների եւ ժողովուրդների պատմական փորձը, ընդհանրապես հանգեցնելու է անդառնալի կորուստների: Ինքնաօտարումը (որը որեւէ առնչություն չունի ազգային-հոգեւոր արժեքների, ինքնության պաշտպանության հետ), համաշխարհային տնտեսական եւ քաղաքական նախագծերից դուրս մնալը բերելու է արտաքին ուժեղ ներգործության եւ երկրի ներսում «հասարակական բարիքի» խիստ նվազման, եւ այդ բարիքին տիրանալու պայքարն ավելի դաժան ձեւեր է ընդունելու: Դա իր հերթին հանգեցնելու է երկրում ամբողջատիրության հաստատման եւ քաղաքական հավակնություններ դրսեւորող քրեական տարրերի համախմբման: Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսին է լինելու ոչ լեգիտիմ հռչակված իշխանության ճակատագիրը Հայաստանում եւ տարածաշրջանում: Այդ իշխանությունը ստիպված է լինելու պահպանել ու խորացնել ամբողջատիրությունն ի հաշիվ ազգային խնդիրների՝ Ղարաբաղ, տնտեսության զարգացում եւ այլն:

Ամբողջատիրությունը ոչ միայն իշխանության, այլեւ հասարակական-քաղաքական ուժերի գաղափարական ճգնաժամի արդյունք է: Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերը եւ լրատվամիջոցները բնույթով հիմնականում ավտորիտար գիտակցության կրողներ են եւ իրենց չեն պատկերացնում ժամանակակից աշխարհի զարգացումներում: Նրանց հարում է նաեւ մտավորականության մեծամասնությունը՝ ստեղծագործելու, ինքնաճանաչման, հասարակությանը մտավոր նոր աստիճանի բարձրացնելու անընդունակությունը փոխհատուցելով հայրենասիրական դեմագոգիայով: Այս պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ երկիրը ընտրել է զարգացման վատթարագույն ճանապարհը:

Երբ նախագահն իր խորհրդականի միջոցով ասում է, թե Ղարաբաղի հարցն այլեւս լուծված է, ու Դեւիսի զեկույցը եւ նմանատիպ փաստաթղթերը իրավական ուժ չունեն՝ ճիշտ է ասում: Բայց նա խոսում է անցյալից: Երբ Օսկանյանը ասում է, թե առանց տրանսազգային նախագծերի էլ կզարգանանք, կրկին ճիշտ է ասում, սակայն կրկին՝ անցյալի տեսակետից: Գուցե նախարարը չի ուզում լիովին բացել փակագծերը եւ ասել, որ տրանսազգային նախագծերից դուրս մնալն ամենեւին էլ կապված չէ Ղարաբաղի խնդրի հետ, այլ՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումների ներկա որակի եւ Ռուսաստանից կախվածության հետ: Գուցե նախարարը նկատի ունի նաեւ այն, որ միջազգային հանրությունն իսկապես օգնել է Հայաստանին, այդ թվում նաեւ տնտեսապես ու ֆինանսապես՝ պատվով դուրս գալու փորձություններից /պատերազմ, շրջափակում, ֆինանսատնտեսական կործանում/: Դա այն փուլն էր, երբ Հայաստանին ժամանակ էր տրված հաղթահարել անցման շրջանի դժվարությունները եւ բռնել ժողովրդավարական զարգացման ճանապարհը: Սակայն համակողմանի օգնության այդ փուլն արդեն ավարտվել է, եւ առաջ են եկել նոր իրողություններ: Հետպատերազմյան շրջանում ի՞նչ ճանապարհով է գնացել Հայաստանը: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է բոլորի համար: Նախարարի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը եւ քաղաքական ուժերն ի վիճակի չեն նոր իրողություններին համահունչ քաղաքականություն մշակել: Փոխարենը՝ հրապարակ են նետվում ծայրահեղ գաղափարներ, որոնք կոչված են ավելի պարզունակացնել առկա բարդ հիմնախնդիրների հասարակական ընկալումները, դրանք հանգեցնելով կամ-կամ կործանարար հարցադրմանը՝ գնալ-չգնալ /Իրաք/, տալ-չտալ /տարածքներ/ եւ այլն: Սովորաբար, այսպիսի դեպքերում որեւէ «ընտրություն» դրական արդյունքներ չի բերում:

Այս վիճակից դուրս գալու ելքը միակն է՝ ներհասարակական բարեփոխումներ եւ ժողովրդավարացում: Հայաստանում իշխանության հարցը պետք է լուծվի հօգուտ նրանց, ովքեր ի վիճակի են վարել ազգային շահերից բխող, նոր աշխարհակարգի սկզբունքներին համահունչ քաղաքականություն, որը թույլ կտա պահպանել Ղարաբաղը՝ ազատագրված տարածքներով, միաժամանակ ընդգրկվելով տնտեսական խոշոր նախագծերի մեջ:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել