Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԱԿԸ

Նոյեմբեր 10,2004 00:00

ՎԱՐԱԿԸ ՋՐԻՑ ՉԷ՞ Արթիկի «Ջրմուղկոյուղու» պետը ջրի աղտոտումից բուժվելու իր յուրօրինակ դեղատոմսն է առաջարկում: Արթիկի բնակիչների ներկայացմամբ, քաղաքի «Ջրմուղկոյուղու» պետ Սամվել Պետրոսյանն այս օրերին դռնեդուռ շրջելով փորձում է մարդկանց համոզել, որ տարածված զանգվածային վերջին թունավորումների հետ իր ղեկավարած կառույցը կապ չունի, որ մեղավորն իրենք չեն եւ որ ընդհանրապես վարակը ջրից չէ: Նա նույն առաքելությունը նաեւ իրականացնում է հրապարակայնորեն՝ տեղական հեռուստաալիքներով: Միեւնույն ժամանակ Արթիկի Ստեկլոմատ թաղամասում ջրմուղի դեմ նոր բողոքի ակցիա է ծավալվում: Պատճառն այն է, որ ջուրն աստիճանաբար զուլալվելու փոխարեն ավելի է պղտորվում: Երեկ արթիկցիները հայտնեցին, որ աղտոտված ջրի պարունակությունը «ճոխացել» է, եւ որ ջրի հետ թափվող ճիճուներին ավելացել են «հոտած» փոքրիկ ձկները: Բնակիչները դժգոհեցին, որ մեկ ամսվա ընթացքում իրենց վիճակի մեջ աննշան փոփոխություն անգամ տեղի չի ունեցել: Ավելին՝ ֆինանսապես «քամվել» են. նրանք ոչ միայն ստիպված են ջրի փոխարեն հանքային ջուր օգտագործել, այլ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվելու համար մեծ գումարներ ծախսել: Հիշեցնենք՝ վարակը զանգվածային բնույթ էր կրել հոկտեմբերի 25-ից: Նրանց ասելով, չի օգնում նույնիսկ ջուրը եռացնելը, այդ ջրով արված լվացքից անգամ գարշահոտ է գալիս: «Թող գային մարդավարի ասեին, թե մի խմեք, մինչեւ պարզենք ինչից է, ոչ թե դռնեդուռ ընկնեին եւ ստիպեին աչքներիս տեսածին չհավատալ»,- դժգոհում էին բնակիչները: Ի դեպ, նրանք դժգոհում էին նաեւ ինֆեկցիոն հիվանդանոցից, ուր հայտարարվել էր, թե բուժումն անվճար է: Պարզվել է՝ ճիշտ հակառակն է. հիվանդներն ու հիվանդատերերը վստահեցրին, որ օրը 1000 դրամ է: Անգամ նրանցից մեկը փաստեց, որ բուժումն իր վրա 40 հազար դրամ է նստել: Սակայն բնակիչներն առավել շատ զայրացած էին «Ջրմուղկոյուղու» պետի պահվածքից. նրանց ասելով, բնակարաններ այցելած պաշտոնյան իրենց «ձեռ է առել», թե՝ «ձուկ եք բռնել՝ ժարիտ արեք»: Կամ էլ՝ բնակիչների այն դժգոհությանը, թե հիվանդանոցի համար փող չունեն, պատասխանել է. «ջերմուկի փող ունեք, հիվանդանոցի փող չունե՞ք»: Արթիկցիներն այս օրերին առավել սուր են ընկալում նաեւ պաշտոնյաների այն հայտարարությունը, թե թաղամասը ամենօրյա ջրամատակարարմամբ են ապահովել. ըստ նրանց, դա իրականությանը չի համապատասխանում եւ իրենք ջրի երես միայն իրիկուններն են տեսնում, ընդ որում՝ խիստ սահմանափակ ժամաքանակով: Ի դեպ, Շիրակի մարզի առողջապահության վարչությունից եւս մեկ անգամ հաստատեցին, որ վարակը ջրից է եւ որ «երկրորդ տարբերակ լինել չի կարող»: Ավելին, վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Արթիկի «Ջրմուղկոյուղու» պետը Շիրակի մարզի հակահամաճարակային տեսչության կողմից ջրի աղտոտվածության համար երկու անգամ տուգանվել է: Ընդ որում՝ առաջին անգամ դիզենտերիան դեռեւս տարածված չի եղել: «Եթե ջրմուղի պետը հայտարարում է, թե իր ջուրը 100 տոկոսից էլ ավելի մաքուր է, ապա ինչո՞ւ էր տուգանվում»,- ասաց առողջապահության վարչության պետը, միաժամանակ նշելով, որ եթե ջրմուղի պետը նորմալ աշխատեր, ջուրը քլորացվեր, ապա ջրի աղտոտվածությունն այս աղքատ պետության վրա մեկ միլիոն դոլարից ավելի չէր նստի (բնակիչներին դեղորայք է բաժանվել, հիվանդանոցներում, այնուամենայնիվ, անվճար որոշակի օգնություն ցույց է տրվել): Այն, որ վարակը ջրից է, ապացուցեցին նաեւ «Առավոտին» տրամադրված փաստաթղթերը: Հոկտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Կարինե Թաիրյանը Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանին գրություն է ուղարկել՝ խնդրելով օգնել Արթիկում հիվանդության տարածումը կանխարգելելու: Գրության մեջ մասնավորապես նշված է. «Ընթացիկ ստուգումների արդյունքում հայնաբերվել է, որ Արթիկ քաղաքին մատակարարվող ջուրը /հոկտեմբերի 18-20-ը, Դավիթի 20, Շինարարների 2, 4, 15 շենքեր/ եղել է պահանջվող նորմերից շեղումներով: Հետազոտությունները կրկնվել են 22.10.04թ., որի արդյունքում ջուրը կրկին չի համապատասխանել պահանջվող նորմերին: Այդ օրը 30 բնակիչ բողոքել է աղեստամոքսային տրակտի խանգարումներից»: Փաստորեն, նույնիսկ այս փաստերի առկայությունը չի զսպում ջրմուղի պետին: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Պետք է ենթադրել՝ պաշտոնյայի «անկեղծ» ու «անբռնազբոս» պահվածքին հիմք է հանդիսացել մայրաքաղաքից հեռու գտնվելը, որի առավելությունն այն է, որ իրենց գործունեությունից հրապարակավ բողոքողների ձայնը քիչ լսելի կլինի երկրի ղեկավարներին ու պատկան մարմիններին: Իսկ որ շատ դեպքերում միայն լրատվամիջոցների բարձրացրած ու հասարակական աղմուկի արդյունքում են լուծվել այսպիսի խնդիրները՝ օրինակները բազմաթիվ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930