Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդերի»

Նոյեմբեր 27,2004 00:00

«Վարդերի» ճակատագիրը ԱՊՀ-ում Անցյալ տարի այս օրերին ՀՀ հանրությունն ուշի-ուշով հետեւում էր Վրաստանում նոր-նոր թափ հավաքող «վարդերի հեղափոխության» ծավալմանը: Հիմա մեկ տարվա վաղեմության այդ իրադարձությունները համեմատվում են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ, ու հիմա էլ հայաստանցիներն ու նաեւ ադրբեջանցիները սկսել են նախանձել ուկրաինացիներին եւ ուկրաինական ընդդիմության համախմբվածությանը: Ուրեմն ինչո՞ւ մեզ մոտ ընդդիմությունը չկարողացավ անել այն, ինչ կարողացան անել Վրաստանում եւ փորձում են անել Ուկրաինայում: Այդ երկրում տեղի ունեցած ընտրություններին հետեւելու համար, ի թիվս այլոց, Ուկրաինա էին մեկնել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի կազմակերպության ներկայացուցիչները: Վերջինիս համանախագահ Արզու Աբդուլաեւան նկատեց. «Դուք եք ասում, որ ոչ հայ, ոչ ադրբեջանցի ընդդիմադիրներին չհաջողվեց անել այն, ինչ արեցին Վրաստանում եւ Ուկրաինայում: Ես կարծում եմ՝ պետք է նկատի ունենալ, որ Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտներն ավելի զարգացած ու կայացած են, եւ իշխանություններն այնտեղ չեն կարող հաշվի չնստել այդ ընդդիմության ու ժողովրդի հետ: Բացի այդ, Ուկրաինայում թեկնածուներից որեւէ մեկին աջակցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է օվկիանոսից այն կողմ: Ես կարծում եմ, որ եւ Վրաստանում, եւ Ուկրաինայում որոշում է կայացվել հօգուտ ժողովրդավարական ուժերի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես միայն ենթադրել կարող եմ, թե ինչու մեր պարագայում նման որոշում չընդունվեց: Գուցե պատճառը Արեւմուտքի նավթային շահերն էին, ԼՂ չլուծված հակամարտությունը, որի առնչությամբ նրանք չէին ստացել ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմության համաձայնությունը, կամ գուցե՝ Արեւմուտքի ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում եւ Իրանի հետ սահմանակից լինելու հանգամանքը»: Բայց արդյո՞ք այդ աջակցությունն էական նշանակություն ուներ: Ըստ տիկին Աբդուլաեւայի՝ այո. «Դա մեր քաղաքական կյանքում ամենաազդեցիկ ատրիբուտն է»: Հայաստանում կարծիք կա, թե մասնավորապես մեր ընդդիմադիր թեկնածուն բավարար աջակցություն չստացավ, որովհետեւ Արեւմուտքը համարում էր, որ մեր երկրում պայքարն ընթանում էր երկու ռուսամետ թեկնածուների միջեւ եւ ոչ թե արժեքային համակարգի ընտրության հարցում: Ո՞րն է եղել Արեւմուտքի մոտեցումն այս հարցում Ադրբեջանում: «Պաշտոնական վարկածն այն է, որ ադրբեջանական ընդդիմությունը միասնական չէր եւ չուներ միասնական թեկնածու, թեեւ նույն Ուկրաինայում նման պայման չկար: Այլ էր Վրաստանում: Այնտեղ հաղթեց ոչ այնքան ընդդիմությունը, որքան քաղաքացիական հասարակությունը»,- նկատեց մեր զրուցակիցը: Իսկ ի՞նչ հանգուցալուծում է կանխատեսում Ուկրաինայում ադրբեջանցի գործիչը. «Ես ինձ մեծ կանխատեսող չեմ համարում, բայց զուտ ինտուիտիվ՝ կարծում եմ, որ Յուշչենկոն արդեն հաղթել է»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել