Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ

Դեկտեմբեր 02,2004 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԹԵ՞ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ Տարիներ շարունակ այս օրերին միշտ հետեւելով ադրբեջանական մամուլին՝ նկատել եմ, որ ադրբեջանցիների համար մեր հեռուստամարաթոններն ունեն շատ կարեւոր նշանակություն: Սրանով են նրանք գնահատում իրենց հակառակորդի ներուժն ու աշխարհով մեկ սփռված հայության մասին իրենց ունեցած պատկերացումները: Այս իմաստով՝ ներկա իրավիճակում նրանց համար պիտի անսպասելի լիներ հանգանակված մեծ գումարը: Սակայն խնդրին ուզում եմ անդրադառնալ այլ տեսանկյունից, որ առնչվում է հիմնադրամի համահայկական բնույթին: Նույն ադրբեջանցիներն այս երեւույթից ավելի կզգաստանային կամ կզգուշանային, եթե այդ 11 միլիոնը հավաքված լիներ հասարակ ժողովրդի փոքր նվիրատվություններով, ինչպես հավաքվել է Ֆրանսիայի 1 միլիոնը: Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց հավաքված գումարի մասին չկա պաշտոնական տեղեկատվություն: Իմ ունեցած տվյալներով, նաեւ «Ազգ» թերթի հրապարակումների համաձայն՝ Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնն այդ տարածքի հայությունից ստացել է առավելագույնը $700 հազար: Այսինքն՝ 11 միլիոնից շուրջ ութ ու քառորդ միլիոնը նվիրաբերել են մեծահարուստները, 1 միլիոն՝ Ֆրանսիան, 1 միլիոն՝ Հայաստանի եւ Ղարաբաղի գործարարները: Բայց այս վերջինն առանձին խոսակցության թեմա է: Ֆրանսիայի ֆոնեթոնը չհաշված, սա համահայկական ակցիա չէր: Ի դեպ, մի առիթով էլի եմ ասել, որ Համահայկական Հիմնադրամի այլընտրանքը կարող է լինել Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ու տնտեսական զարգացմամբ շահագրգռված մեծահարուստ հայերի ակումբը, սակայն սա չէր ունենա քաղաքական այն էֆեկտը, ինչ կարող է ունենալ ազգային տուրքը, այսինքն՝ յուրաքանչյուր հայի մասնակցությունը կամ այլ կերպ ասած՝ ներկայությունը Ղարաբաղում կամ Հայաստանում: Այդ ակումբի առաջ տարին մեկ կամ երկու տարին մեկ կարող էին ելույթ ունենալ ՀՀ կամ ԼՂՀ նախագահներն ու ասել, թե, ասենք, ունեն 25 մլն դոլարանոց մի ծրագիր, որը պիտի իրականացվի 2-3 տարում՝ այդ գումարը բաժանենք, գրաֆիկ կազմենք, թե ո՛վ, ե՛րբ եւ ինչքա՛ն պիտի հատկացնի, եւ արագ կառուցենք ճանապարհը: Հայաստանի եւ Ղարաբաղի գործարարներին առանձնացրի, քանի որ նրանց ասվում է, թե Սփյուռքը ձեզ է նայում: Մեղմ ասած, սա բարոյական ճնշում է: Անցած տարի, երբ դեռ Հիմնադրամում էի, խոսում էի մի հանրահայտ գործարարի հետ, նա բողոքում էր՝ ճնշում են: Ասացի՝ դուք էլ խիզախություն ունեցեք եւ Սփյուռքին ասեք, թե դուք արտադրական հզորություններ եք ստեղծում, աշխատատեղեր եք ապահովում, հարկեր ու տուրքեր եք մուծում պետությանը: Նա խոսակցության թեման փոխեց, որովհետեւ ասածս չէր համապատասխանում իրականությանը: Հետո Սփյուռքի առատաձեռն կամ համեստ նվիրատուներից քչերն են երթեւեկում նման շքեղ մեքենաներով կամ կառուցում նման դղյակներ: Այս անգամ Վանաձորից մի մանկատուն էլ մասնակցեց իր նվիրատվությամբ: Դա ծիծաղելի է կամ ողբալի: Ամբողջ աշխարհում ամեն մարդ գիտի, որ մանկատներն իրենք են ապրում բարեգործության շնորհիվ: Մեզ մոտ մանկատունը դառնում է նվիրատու: Անկեղծ ասած՝ ե՛ւ անցած տարի, ե՛ւ դրանից առաջ ես եղել եմ նախաձեռնողն ու ջատագովը աշակերտների եւ ուսանողների մասնակցության: Ես էլ դպրոցական երեխաներ ունեմ, ում համար դպրոցում ամբողջ տարին բազմաթիվ անհեթեթ ծախսեր եմ անում: Եվ գտնում եմ, որ այդ անիմաստ ծախսերի շարքում մարդիկ չպետք է զլանան 50 կամ 100-200 դրամ տրամադրել Հայրենիքի զարգացման ծրագրերին: Բայց դա, որքան էլ իմ կարծիքով օգտակար է հենց աշակերտների կամ ուսանողների համար, պետք է լինի կամավոր եւ միմիայն նրանց նվիրատվություններով: Մանկատան երեխեքը, գիտեք, փող չունեն, որտեղի՞ց ունենան, ուրեմն ադմինիստրացիան ինչ-որ ծախսերից կրճատելով է տալիս, եւ հենց այդ պատճառով էլ անհեթեթ է: Ես չեմ ափսոսում նաեւ ՀՀ եւ ԼՂՀ գործարարների հարցում իմ ակտիվության համար: Երբ խնդիր կա դրված, պետք է փնտրել եւ գտնել ուղիներ: Ես չէի կարող հայ գործարարների փոխարեն խիզախ լինել կամ առհասարակ մտածել նրանց փոխարեն: Ես մտածում էի, որ խաղատներում կամ զվարճանքի վայրերում ծախսվելիք գումարը կարող է ուղղվել ավելի կարեւոր գործի: Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եք, ուրեմն, մեղադրում ներկաներին: Ոչ ոքի չեմ մեղադրում, մտահոգվում եմ, որովհետեւ երեկ չէ առաջին օրը 500 հազարանոց ավտո առած գործարարի 15 հազար նվիրատվությունը, բացի 100 մետր ճանապարհ դառնալուց, ուրիշ ոչ մի էֆեկտ չունի: Դա բարոյապես չի պարտավորեցնում սփյուռքահային: Հիմա անդրադառնանք հեռուստամարաթոնին՝ ստեղծագործական տեսակետից: Նոյեմբերի 25-ին ինձ դրել էի բանից անտեղյակ մարդու տեղ եւ որոշել էի այդպես նայել այն միջոցառումը, որի նախաձեռնողներից մեկն ու հեղինակն եմ եղել 6 տարի: Թող ներեն ինձ «Շարմի» իմ գործընկերները, բայց անկեղծ ասած՝ անորակ էր: Բանից անտեղյակ մարդու հայացքով նայելիս՝ ես փորձում էի հասկանալ, թե ինչի՞ մասին է այս միջոցառումը, ո՞վ է այս նվիրատվությունների հասցեատերը: Մարդու կերպար չկար, մարդկային պատմություն չտեսա: Փոխարենը՝ տեսա «Հայլուրի» թողարկումներ. հպարտությամբ պատմում էին դոլարի կուրսի անկման, Հասարակածային Գվինեայում դատվող հայ օդաչուների, ռազմական ուսումնարանում ժիմ անող տղայի ու նման տարբեր բաների մասին: Մասնագիտական մի քանի դիտողություն կարող եմ անել: Մարաթոնի կազմակերպիչներին պետք է հայտնի լիներ, որ «Հայլուրն» օվկիանոսից այն կողմ առանձնապես մեծ վարկանիշ չունի, եւ նրա հայտնվելն այդ տոնական միջոցառման մեջ կարող էր չառաջացնել դրական հույզեր: Նույն հույզերը հեռուստադիտողը հայտնի պատճառով չէր կարող ունենալ նաեւ դրամի կուրսի անկման մասին լսելիս: Իսկ Հասարակածային Գվինեայի դատավարությունը կարող էր տեղ գտնել միայն այն դեպքում, եթե մեր դիվանագիտությունը հասած լիներ օդաչուների ազատմանը: Այ, սա կլիներ ազարտ առաջացնող ուրախ լուր: Եվ այսուհանդերձ՝ կարծում էի, թե մեզ, այսինքն՝ մեր թիմին մերժելով, Հիմնադրամի ղեկավարները պիտի ձգտեին ամեն ինչ ավելի լավ անել, հատկապես, որ իմ ունեցած տեղեկություններով՝ մարաթոնի պատրաստման համար ծախսվել է մեծ գումար: ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել