Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները

Դեկտեմբեր 03,2004 00:00

Գյումրեցիները շենացնում են Նոր Ախուրյանը Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, դա տեղի է ունենում մարզպետարանի սխալ մոտեցումների պատճառով: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցները դժգոհում են, թե արդեն որերորդ անգամ մարզպետարանը արգելում է գյումրեցիներին սեփական միջոցներով սեփական քաղաքում առանձնատներ կառուցել: Ըստ բաժնի պետ Հրայր Կարապետյանի, նման ցանկություն ունեցողների քանակը հաշվել չի լինում. իրենց բաժնում կուտակված դիմումները 100-ից անցնում են: Դիմում տվողները հիմնականում տնակներում ապրող ունեւոր անօթեւաններն են, որոնք ցանկություն ունեն տներ կառուցել հենց իրենց տնակների տեղում: Սակայն, պաշտոնյայի վստահեցմամբ, այդ քաղաքացիները մարզպետարանից ամեն անգամ նույն մերժումն են լսում. «Տվյալ տարածքը բազմաբնակարանանոց շենքի կառուցման համար է»: «Բայց ո՞վ եւ ե՞րբ է կառուցելու՝ մենք էդ պատասխանը երբեք չենք ստանում»,- ասում է Հրայր Կարապետյանը: Նրա ասելով, իրենք ամեն անգամ քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ ուսումնասիրություն են կատարում ու ամեն անգամ պարզում, որ հայցվող բոլոր տարածքներն էլ քաղաքի 2-րդ, 3-րդ եւ 4-րդական փողոցներից են եւ առանձնատներ կառուցելու համար՝ նպատակահարմար: Քաղաքապետարանի պաշտոնյաների կարծիքով, մարզպետարանի սխալ քաղաքականության հետեւանքով ոչ միայն անօթեւանների հսկա ցանկը չի կրճատվում, այլեւ ոչ մի կերպ չի լուծվում բազմացող ընտանիքների հարցը: Կառավարությունը վերջիններիս համար առանձին կամ կորցրածից ավելի սենյակներ չի նախատեսում: Քաղաքապետարանի կարծիքով՝ «էնքան արեցին, որ գյումրեցիները սեփական քաղաքը տեսքի բերելու փոխարեն՝ կողքի գյուղերը շենացրին, մարդիկ էլ իրենց դղյակները կառուցեցին օդանավակայանի տարածքում ու Նոր Ախուրյանում»: Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանի ասելով՝ եթե հողատարածքը ազատ է մնում, ապա դատարկ է մնում նաեւ համայնքի բյուջեն՝ վերջինիս համալրման միջոցը զբաղեցրած տարածքից գանձվող հարկերն են. «Համայնքի շահերի մասին չմտածող որոշ մասնագետներ ու կառույցներ այնպես են անում, որ տվյալ տարածքները կամ ապօրինի կառույցների են վերածվում, կամ էլ աղբակույտերի»: «Այդ դեպքում ինչո՞ւ է նույն մարզպետարանը թույլատրում սպասարկման օբյեկտների կառուցումը» մեր հարցին քաղաքապետարանի աշխատակիցները պատասխանեցին՝ «չգիտենք»: Հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանին: Վերջինս իրենց կողմից մերժված որեւէ գործ չհիշեց: Նրա ասելով, իրենք բնակարանաշինությանը «երկու ձեռքով» կողմնակից են, իսկ սովորաբար մերժում են հասարակական սննդի օբյեկտների կառուցումը, ընդ որում՝ «ոչ կոշտ ու կոպիտ». 40 գործից ընդամենը 5-6-ը չեն ընդունվել: Իրենք մերժում են միայն այն գործերը, երբ ներկայացվածը հակասում է պահանջվող քաղաքաշինության նորմերին: Չնայած քաղաքապետարանը, Արտաշես Սարգսյանի ասելով, այնքան էլ միամիտ չէ. երբեմն լինում են դեպքեր, երբ փաստաթղթեր են ներկայացնում, թե բնակիչը ուզում է բնակարան կառուցել, հետո պարզվում է՝ ավտոլվացման կայան են կառուցել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել