Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Մարտ 02,2005 00:00

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ Իշխանափոխությունից հետո Այսօր տարբեր քաղաքական գործիչներ հասարակությանը տրամադրում են, որ մեր երկրում իշխանափոխության հասնելու համար հեղափոխությունն անխուսափելի է: Անշուշտ, որպես հարցի լուծման ճանապարհ՝ այն մեր կողմից նախընտրելի չէ: Բայց եթե իշխանություններն ընդդիմության համար պայքարի այլ տարբերակ չթողնեն, ստիպված կարելի է մտածել նաեւ դրա մասին: Սակայն երկրում տիրող հեղափոխական իրավիճակին անհրաժեշտ ուղղվածություն հաղորդելը եւ այն առաջնորդելն այդքան էլ հեշտ գործ չէ: Արժանապատիվ կեցվածքը մի բան է, օբյեկտիվ իրողությունն ու չհիմնավորված օպտիմիզմը՝ լրիվ այլ: Կարծում եմ՝ առաջիկայում էքստրեմալ իրավիճակների պակաս չենք ունենա: Անշուշտ, ճշմարիտ է Մաքսիմ Գորկու հայտնի ասացվածքի նաեւ հակադարձ պնդումը. «Թռչելու համար ծնվածը սողալու ընդունակ չէ»: Եվ քաղաքական էքստրեմալ վիճակները, ինչպես միշտ, առիթ կհանդիսանան սողացողներին թռչողներից տարբերելու, իսկ թեւավորների պարագայում պարզելու՝ այդ թեւերը թռչելո՞ւ, թե՞ ընդամենը թռչկոտելու համար էին նախատեսված: Մեր կարծիքով, իշխանափոխության գործընթացը չպետք է կառուցված լինի ժողովրդի մեջ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ատելությունն ավելի բորբոքելու եւ հակասություններն ավելի սրելու վրա: Մեզ բոլորիս պետք է լրջորեն անհանգստացնի հասարակության մեջ առկա բազմակողմանի փոխադարձ ատելությունը միմյանց նկատմամբ թշնամանքի վերածվելու հավանականությունը: Ես միանշանակ կողմ եմ, որ մեղավորները պատժվեն, այլապես մեր երկրում ոչինչ դեպի դրականը չի փոխվի, սակայն դեմ եմ, որ այն կրի համատարած բնույթ, որովհետեւ ընդամենը մի քանի հարյուր մարդիկ են օգտվում անվերահսկելի իշխանությունից եւ տիրապետում հսկայական միջոցների: Բարիկադների տարբեր կողմերում հայտնված հասարակական զանգվածները ոչ միայն սոցիալական, այլեւ առհասարակ կարգավիճակի առումով հավասար են: Եվ դժվար է ասել, թե այս իշխանություններն ում են ավելի ստորացրել՝ նրանց, ովքեր իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար պայքարի ելնելով ապրիլի 12-ին մահակների հարվածների տակ են ընկել, թե՝ նրանց, ովքեր աշխատանքը չկորցնելու, ասել է թե, մի կտոր հացի համար ռետինե մահակով հարվածել են կանանց: Այս դեպքում խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց համընդհանուր թշնամանքի մթնոլորտում իրար դեմ չհանելու մասին է: Հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ՝ մեր երկրում իշխանափոխության համար քաղաքացիական պատերազմ, բարեբախտաբար, տեղի ունենալ չի կարող: Բայց դա չպետք է մեզ հանգստացնի եւ դարձնի անպատասխանատու, քանի որ, ցավոք, մեծ է վտանգը, որ դա կարող է լինել իշխանափոխությունից հետո: Երբ ժողովրդավարական ուժերին հաջողվում է տապալել տոտալիտար վարչակարգը, անգամ բանտերի դռներն են բացվում: Ինչ խոսք, նաեւ նրա համար, որ այնտեղ ուղարկվեն տապալված վարչակարգի տասնյակ կամ հարյուրավոր պարագլուխներ: Բայց ոչ մի դեպքում համակենտրոնացման ճամբարներ չեն կառուցվում եւ այնտեղ չեն տեղավորում բռնատիրական վարչակազմին ծառայած ու բազմապիսի խախտումներ արած ամբողջ բնակչությանը: Ասածս պարզաբանելու համար նշեմ, որ միայն 2003թ. համապետական ընտրությունների ժամանակ ընտրախախտումներին ուղղակի մասնակից են եղել տասնյակ հազարավոր մարդիկ: Եվ ասել, թե բոլորը պատասխան են տալու, նշանակում է իշխող վարչակարգին հնարավորություն տալ, որ իրենց իսկ ձեռքով հանցագործության դրդած մարդկանց վախեցնեն, թե հաջորդ իշխանությունների ժամանակ վերջիններս հայտնվելու են սեւ ցուցակի մեջ: Հետեւաբար՝ նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այս իշխանությունները չփոխվեն, այլապես իրենց նման նրանք եւս չեն խուսափի պատասխանատվությունից: Ահա թե ինչպես հասարակական աջակցություն չունեցող իշխանությունը կարողացավ իր համար հենարան ստեղծել՝ մեր անփորձ քաղաքական գործիչների էմոցիոնալ ու ամբոխահաճո հայտարարություններից օգտվելով: Սակայն պետք է հիշել, որ պատմության մեջ ամենաահավոր պատերազմի ավարտից հետո, ամենամեծ հնչեղությամբ, ամենաազդեցիկ՝ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նույնիսկ զինվոր չէին դատում: Գտնում եմ, որ կուտակված խնդիրների լուծմանը պետք է հասնել՝ միմիայն ճանապարհ ցույց տալով, քաղաքական ընդդիմախոսներին թշնամի չհայտարարելով: Քաղաքական գործիչը չպետք է գնա ժողովրդական զանգվածների կամ իրադարձությունների հետեւից, այլ հետեւողականորեն հասարակությանը պետք է ներկայացնի մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհը՝ պատրաստ լինելով առաջնորդել ժողովրդին: Սակայն մինչեւ անցած տարվա ապրիլի 16-ը, երբ դեռ չէր լրացել Սահմանադրական դատարանի կողմից առաջարկված հանրաքվեի մեկ տարին, մեր կուսակցությունն ակտիվ գործողությունների չէր դիմելու: Այն ժամանակ մեր կողմից որեւէ քաղաքական ամբիցիայի մասին խոսք լինել չէր կարող. լիդերությունը ստանձնել էր խորհրդարանական ընդդիմությունը, եւ ովքեր միանային, պետք է ընդունեին նրանց խաղի կանոնները: Սա քաղաքական էթիկայի տարրական կանոն է, որը չէր կարող չհարգվել մեր կողմից: Ցավոք, նրանք չցանկացան պայքարի մեջ ընդգրկել Քոչարյանի պաշտոնանկությանը կողմնակից ողջ ընդդիմադիր դաշտին: Պայմանականորեն ասած՝ գարնանային փուլն այսքանով ավարտվեց: Այսօր մեզ համար ընդունելի ֆորմատ կարող է լինել միայն այն դեպքում, երբ համաձայնության գանք արժեհամակարգային սկզբունքների շուրջ, ընդ որում, խիստ կարեւոր է, թե իշխանափոխությունից հետո զարգացման ինչպիսի՞ ճանապարհ ենք ընտրում, ո՞ր քաղաքական, տնտեսական եւ անվտանգության կառույցներում ենք տեսնում մեր երկրի ապագան: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ քաղաքական դաշտում վերջին 15 տարվա ընթացքում գաղափարի շուրջ համախմբման համար, ըստ էության, իրական ջանքեր չեն էլ գործադրվել: Ցավոք, մեր երկրի միակ ազատ, արդար ու թափանցիկ նախագահական ընտրություններում անգամ եղել է սոսկ անձերի պայքար, այլ ոչ թե ծրագրերի: Եվ հաշվի առնելով վատ նախադեպի զորեղ ուժը՝ մենք հետեւողական ու համբերատար ենք այս բարդ հիմնախնդրի լուծման հարցում: Այնպես որ, լուծումները շատ չեն ուշանա: Բոլորիս է անհրաժեշտ գիտակցել, որ քաղաքական պատասխանատվություն կրում ես ժողովրդի եւ գալիք սերունդների առաջ ոչ միայն արածներիդ, այլեւ բախտորոշ պահին՝ չարածներիդ համար: Եթե հապաղենք, մեր ներողամիտ ժողովուրդը գուցեեւ մեզ ների, ուղղակի Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին վճիռ կայացնելու համար «հատկացված» ժամանակն է շատ կարճ, իսկ այն մեզ հաստատ չի ների: ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆՀԱԱԿ քաղաքականխորհրդի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել