Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրմուղը կրքեր է բորբոքում

Մարտ 03,2005 00:00

Ջրմուղը կրքեր է բորբոքում Պատճառը ջրի թանկացումն է Ի հիասթափություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում ջրի սակագնի ավելացումը չընկալվեց առանց դժգոհությունների: Փաստը հատկապես զայրացրեց գործազուրկներին: Գյումրեցիներից շատերի ասելով, ջրմուղի հետ հին հաշիվները դեռ չմաքրած, «դատ-դատաստանների ճամփեքը չմոռացած», ստիպված են այդ կառույցի հետ նոր վեճերի մեջ մտնել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում բնակիչ-ջրմուղկոյուղի հարաբերությունները խիստ լարված են. ջրմուղը բնակիչների կողմից «վաղուց մոռացված» պարտքերն է պահանջում, բնակիչներն էլ հիշյալ կառույցին մեղադրում են իրենց պարտքեր «նվիրելու» մեջ: Ինչպես արդեն նշել ենք, Գյումրիի տարբեր թաղամասերից դժգոհում էին, թե «տարին տասներկու ամիս ջուր չեն տալիս ու չսպառածի դիմաց փողեր են գանձում»: «Շիրակջրմուղկոյուղու» պետն էլ իր հերթին է բնակիչներին մեղադրում. «սպառածի դիմաց փող ե՞րբ են տալիս, որ չսպառածի դիմաց տան»: Ի դեպ, տարածված ասեկոսեների համաձայն, դատարանից եւս դժգոհություններ են հնչել առ այն, թե ամբողջ քաղաքով դատավոր դառնալու դեպքում անգամ ֆիզիկապես անհնար է քննել ջրմուղի՝ նման քանակությամբ ներկայացրած հայցերը: Չնայած՝ «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում բնակիչների հետ ունեցած ակտիվ պարզաբանումների արդյունքում իրենք քիչ քանակությամբ մարդկանց են դատի տվել՝ մոտ 100 հոգու, իսկ գումարների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 110 տոկոսով: Այնուամենայնիվ, գործազուրկների ահռելի քանակ ունեցող քաղաքում հնարավո՞ր է նոր գանձումներ՝ նոր սակագներով: «Ջրմուղկոյուղու» պետը առավել քան վստահ է, որ իրենք «տանուլ չեն տալու»: Վարդան Մարտիրոսյանի պարզաբանմամբ, բնակիչների մեջ սխալ տպավորություն է ստեղծվել, թե Շիրակի մարզում ջրի սակագինը թանկացել է: Ըստ ջրմուղի պաշտոնյայի, Գյումրիում ջրամատակարարման-ջրահեռացման աշխատանքների համար սակագներ սահմանված չէին, քանի որ ընկերությունը նորաստեղծ է: Այդ պատճառով դիմել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ որպես սակագին առաջարկելով 131 դրամ 02 լումա: Հայտը ընդունելուց հետո հանձնաժողովի ներկայացուցիչները Գյումրիում մոնիտորինգ են անցկացրել, ուսումնասիրել են ջրաչափերի տեղադրման ընթացքը, սարքից օգտվողների ջրի ծախսը, ջրի որակը, ջրմուղկոյուղու ընդունած ահազանգերի ու վերացրած վթարների համեմատականությունը: Արդյունքում՝ որպես ջրի սակագին, ձեւավորվել է 120 դրամ 14 լուման: Վարդան Մարտիրոսյանը հատուկ շեշտեց, որ այս քայլին իրենք դիմել են, որպեսզի չկրկնվեն Նորավանի դեպքերը: Ինչպես հայտնի է, անցած տարի հիշյալ թաղամասում ջրից դիզենտերիա էր տարածվել: Վարդան Մարտիրոսյանի համոզմամբ, ավելի լավ է ջուրը 20 դրամով թանկ լինի, քան թունավորված: Պաշտոնյայի տեղեկացմամբ, հիմա էլ վիճակը փայլուն չէ. մոտ 100-ից ավելի շենքերում ու առանձնատներում ջրատարները սառցակալվել են, իսկ նման պայմաններում համաճարակը չի բացառվում: «Մենք ստիպված էինք այս քայլին դիմելու, քանի որ պետությունից ոչ մի լումայի ակնկալիք չունենք, պետությունը հրաժարվել է նախկինում հատկացվող սուբսիդիայից»,- արդարանում է Վարդան Մարտիրոսյանը: Իմիջիայլոց, սելավատարերի աննորմալ վիճակը (դրանք բացարձակապես չեն գործում) նոր պրոբլեմներ է ստեղծել Գյումրիում: «Շիրակջրմուղկոյուղուց» «Առավոտին» տեղեկացրին, որ այս պահին իրենց սպասարկման ոլորտում հայտարարված է արտակարգ իրավիճակ: Ջրմուղը մտավախություն ունի, որ եղանակների կտրուկ տաքացման հետ կապված՝ կարող են առաջանալ կոյուղագծերի խցանումներ: Ջրմուղի պաշտոնյաների ասելով, այս քաղաքի բնակիչներին լիարժեք իրավունք է ընձեռված ցանկացած պահի ինքնագլուխ բացել կոյուղու դիտահորերի կափարիչները՝ հալոցքի ջրերը ուղղորդելով այնտեղ: Մինչդեռ, ըստ ջրմուղի պաշտոնյաների, կոյուղագծերը նախատեսված չեն նման քանակի «ավազաջրերի» ընդունման եւ հեռացման համար, ուստի չեն բացառվում կոյուղու խցանումները, հետեւաբար եւ համաճարակի վտանգը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել