Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Մարտ 03,2005 00:00

ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ ԿՈՄՊՐՈՄԻՍԻ Օրերս Մոսկվայում կայացած Գրողների միությունների միջազգային կազմակերպության (ԳՄՄԿ) 5-րդ համագումարի աշխատանքներին, ի թիվս 33 երկրների ԳՄՄԿ անդամների, մասնակցել է արձակագիր Հովհաննես Մելքոնյանը: Նա ընտրվել է ԳՄՄԿ նախագահության անդամ: Արձակագրին խնդրեցինք պատասխանել «Առավոտի» հարցերին: – Երեք տարվա անդամակցությունը ԳՄՄԿ-ին՝ ի՞նչ է տվել ձեզ: – Գրողների միությունների միջազգային այս կազմակերպությունը նպատակ ունի ԽՍՀՄ փլուզումից հետո հնարավորինս պահպանել գրական կապերը՝ նպաստել տարբեր ազգերի գրականությունների լավագույն ստեղծագործություններն այլ լեզուներով թարգմանելու գործին: Անցած երեք տարիները այն արդյունքները չեն տվել, որ մենք սպասում էինք, քանի որ միջազգային կազմակերպությունը կազմավորման ընթացքի մեջ էր եւ, բացի այդ, այնտեղ էլ վեճեր կային Միջազգային գրական ֆոնդի ունեցվածքի բաժանման հարցում: Կայացած 5-րդ համագումարում վարչության նախագահ վերընտրվեց բանաստեղծ Սերգեյ Միխալկովը, ազգային գրականությունների գծով քարտուղար՝ Հայ գրողների միության Մոսկվայի ներկայացուցիչ Ալբերտ Օհանյանը, Միջազգային գրական ֆոնդի նախագահ՝ Ֆելիքս Կուզնեցովը: Մոտ ժամանակներս Մոսկվայում տեղի կունենա նախագահության նիստ, որի ընթացքում այլ հարցերի շարքում կհաստատվեն նաեւ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը եւ հրատարակվելիք գրքերի ցանկը: – Այսօր հոգեւորը մղվել է հետին պլան, գրքին նայում են իբրեւ անպետք իրի… – Հոգեւորի փրկության համար այսօր իսկ պետք է հնչեցնել սարդարապատյան ճակատամարտի տագնապի շեփորը, որովհետեւ գիրքը հին շորի, փալաս-փուլուսի նման ընկել է ոտի տակ, վաճառվում է ցեխոտ նրբանցքների, փոշոտ մայթերի վրա եւ առնող էլ չկա՝ գիրք կարդացողները փող չունեն, փող ունեցողներն էլ գիրք չեն կարդում: Վերջերս իր քաշից տասնապատիկ ավելի փող ունեցող մի օլիգարխի գրողներից մեկն առաջարկել է մի քանի գիրք գնել, ստացել է հետեւյալ պատասխանը. «Սա ուտելո՞ւ է՝ չէ, խմելո՞ւ է՝ չէ, գնեմ՝ ի՞նչ անեմ»: Գրքին ուտել-խմելու, ստամոքսային մտածողությամբ են վերաբերվում նաեւ ազգի ընտրյալները: Շատ երկրների խորհրդարաններ հպարտանում են իրենց գրադարաններով: Հայոց խորհրդարանը գրադարան ունի՞: Ասում են ունի եւ գրքերի քանակը այնքան քիչ է, որ ամեն մեկին մի գիրք էլ չի հասնում: Խորհրդարանի գրքի կրպակում եռամսյակը մեկ մի գիրք է վաճառվում, գնողներն էլ, ասում են, հավաքարարներն են: Այսօր այնպիսի ժամանակներ են, որ նախագահից սկսած մինչեւ գյուղապետ՝ նախընտրում են պտտաձողի վրա «թախլա» տալ, քան թե գիրք կարդալ, ուստի տարօրինակ չէ, որ մաշտոցյան գրերի գյուղի 1600-ամյակի ժամանակներում գրքասեր հայ ազգը դարձել է գրքատյաց հայ ամբոխ՝ «հազար ու մի» գրախանութների, «հազար ու մի» գրադարանների Երեւանը դարձել է հազար ու մի ռեստորան-բարերի, խաղատների եւ այլեւայլ «մարմնական» հիմնարկների Երեւան, մի քաղաք, որ անհարկի շքեղ կառուցապատումներով ավերվում է: Անտեսվելով գիրքը, անտեսվում է նաեւ գրողը. սրա մասին եկեք մտածենք: Ինչպես Հայ գրողների, այնպես էլ Հայաստանի գրողների միությունները անելիքներ շատ ունեն: Պետք է զբաղվենք ոչ թե իրար պախարակելով, այլ օգնելով: – Քանիցս ձեզ, որպես ճանաչված արձակագիր, առաջարկել են վերադառնալ Հայաստանի գրողների միություն, ինչո՞ւ չեք համաձայնում: Մեր թերթում գրվել է, որ ՀԳՄ նախագահության նիստերից մեկի ժամանակ նման հարց է բարձրացվել, ձեզ պատրաստ են ձեր գրչակիցները ընդունել: – Անձամբ ինձ նման առաջարկ չի արվել: Ուրիշ բան է՝ հրավիրեն, խելք-խելքի տանք, դուրս գանք այսօրվա՝ հայ գրականության ոչ նպաստավոր վիճակից: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԹերթը պատրաստ է միջնորդ լինել Հովհաննես Մելքոնյանի եւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հանդիպմանը, միայն թե նրանց խելք-խելքի տալուց հայ գրականությունն իսկապես շահի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել