Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանական տարին սկսված է

Մարտ 03,2005 00:00

Սարյանական տարին սկսված է Այս տարի լրանում է Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակը Նկարչի թոռնուհին՝ նրա տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը պատմեց, որ դեռ երկու տարի առաջ են սկսել հոբելյանական միջոցառումների նախապատրաստությունը: Այդ ընթացքում նա դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի վերջինիս աջակցությամբ հոբելյանական միջոցառումներ իրականացվեն նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակներում. «Սակայն հայերս սիրում ենք ամեն ինչ վերջին րոպեին թողնել»: Երեւի ազգային սովուրույթն էր պատճառը, որ մշակույթի նախարարությունը անընդհատ հետաձգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելը եւ, ի վերջո, պարզվել է, որ արդեն ուշ է: «Սկզբում դիմեցի այն ժամանակվա նախարար Թամար Պողոսյանին, նա էլ Կարեն Արիստակեսյանին հանձնարարեց զբաղվել այդ հարցով: Վերջինս անընդհատ ասում էր, թե շուտ է: Մի օր էլ ասաց, որ արդեն ուշ է: Թեեւ անընդհատ թերթել է օրացույցը, սակայն այդպես էլ չի հիշել Սարյանի հոբելյանի մասին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել է միայն գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակի կապակցությամբ»,- պատմեց Ռ. Սարյանը: Այս տարի պետբյուջեից թանգարանին 4 մլն դրամ է հատկացվել: Այդ գումարով պետք է հոբելյանական միջոցառումներ կազմակերպվեն, տպագրվի ալբոմ, վերանորոգվի թանգարանը եւ այլ աշխատանքներ կատարվեն: Թեեւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Սարյանի տուն-թանգարանը, սակայն Ռ. Սարյանը դժգոհ է կատարված աշխատանքից: Այս տարի 5 լեզվով հրատարակելու են թանգարանի բուկլետը: Այն կբաժանվի տուրիստական գործակալություններին եւ սիմվոլիկ գումարով կվաճառվի նաեւ թանգարանում: Հոբելյանի առիթով շուտով թանգարանում կբացվի նոր եւ մշտական գործող ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն Սարյանի լուսանկարները, նրա գրառումները, նամակները եւ այլն: Սարյանին նվիրված հուշ-երեկոն տեղի կունենա մայիսի 5-ին՝ նրա մահվան օրը: 125-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում կկազմակերպվեն ցուցահանդեսներ Հայաստանում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: Հունիսին թանգարանը կկազմակերպի «Սարյանը եւ Ռուսաստանը» ցուցադրությունը: Այնուհետեւ մի ցուցահանդես էլ կբացվի Դոնի Ռոստովում՝ Սարյանի ծննդավայրում: Ապրիլի 14-ին Տրետյակովյան թանգարանը կցուցադրի Սարյանի կտավները, ինչպե նաեւ կկազմակերպի հուշ-երեկո: Ռ. Սարյանը նշեց, որ կցանկանար ավելի մեծ ցուցադրություն կազմակերպել Ռուսաստանում. «Սակայն 2005-ը ՌԴ-ում Ադրբեջանի տարի է հռչակված եւ բնականաբար սարյանական մեծ ցուցադրություն կազմակերպելը նպատակահարմար չէ»: Տարեվերջին, հավանաբար նոյեմբերին, ՀՀ ԳԱԱ-ում կկազմակերպվի գիտաժողով, ինչպես նաեւ Սարյանի կտավների ցուցադրություն Ազգային պատկերասրահում: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն Օպերայի եւ բալետի թատրոնում: Սարյանական միջոցառումները կշարունակվեն նաեւ 2006-ին: Հաջորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սարյանը «կմեկնի» Ֆրանսիա: Այսօր նկարների պահպանման եւ դրանց կյանքի երկարաձգման համար թանգարանին անհրաժեշտ է տեխնիկա՝ ճիշտ ջերմաստիճան, լուսավորություն ապահովելու համար: Ըստ տիկին Սարյանի, 10-15 կտավ վերանորոգման խիստ կարիք ունի: «Այդ կտավները հնարավոր է վերականգնել միայն Փարիզում: Իսկ դա ահռելի գումարների հետ է կապված: Նախարարությունը խոստացել է, որ երեք տարվա ընթացքում դրանք կամաց-կամաց կվերանորոգվեն»,- հույս ունի տնօրենը: Սարյանի թոռնուհին ցանկանում է առաջիկայում թանգարանը դարձնել նաեւ սարյանագիտության կենտրոն. «Թվում է, թե Սարյանի մասին ամեն ինչ գիտենք, սակայն ուսումնասիրելու դեռ շատ բան կա»: Ի դեպ, նման մտահոգությամբ վերջերս «Առավոտում» հանդես էր եկել նաեւ ՀՀ ազգային արխիվի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Ստեփանյանը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել