Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ-ԵՐԿՈՒ

Մարտ 15,2005 00:00

ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍ, ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՌՆԻ ՆՈՐԻՑ Խոստանում է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը մեզ հայտնեց, որ իր գլխավորած կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Արամ Սարգսյանի ներկայացմամբ, կուսակցության կարողությունը մարդկային ռեսուրսն է, որը իրենք պատրաստվում են ներդնել ՏԻՄ կառույցներում. «Բայց մենք հասկանում ենք, թե ինչպիսի կատաղի կռիվ է գնալու հատկապես կրիմինալի անմիջական մասնակցությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տիրանալու համար: Պարզ երեւում է, որ դրանք, այսպես կոչված, «հաց տվող տեղեր են», որոնք բաղձալի պատառ են իշխանությունների ձեռքին, առավել եւս այս պայմաններում, երբ ժողովուրդն իր ձայնը ինքնուրույն չի օգտագործում՝ կամ ծախվում է, կամ ենթարկվում ինչ-որ ճնշման: Այս պարագայում, մենք, իհարկե, հասկանում ենք պայքարի բարդությունը: Ավագանու, թաղապետերի կամ գյուղապետերի մակարդակով մեր կուսակցությունը շատերին կներկայացնի, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա կանխավ կարող եմ ասել, որ ընտրությունները շատ ավելի լուրջ բախումների առիթ կդառնան, քան, ասենք, «ՏԷՑ-ի կրուգն» էր»: Ինչի՞ վրա է հույսը դնում Արամ Գասպարիչը, երբ ասում է՝ «Եթե իրավիճակը չփոխվի»: Ո՞վ պետք է փոխի իրավիճակը: Ըստ պատգամավորի, իրավիճակը պետք է փոխի «Արդարություն» դաշինքը. «Իրավիճակի փոփոխությունը միակն է՝ այս իշխանություններից հրաժարվելը: Ես հասկանում եմ, որ իրենք չեն գնում: Բայց եթե նորից պրոցեսը սկսվի, ես չեմ ուզում դրան անուն դնել՝ հեղափոխական կամ ոչ հեղափոխական, մեզ համար, նկատի ունեմ «Արդարություն» դաշինքը, միանշանակ է, որ հարկավոր են առաջին հերթին համակարգային փոփոխություններ: Եթե երկրում չկայանան համակարգային փոփոխություններ, արդյունքում կստացվի մի կլանի փոփոխություն մյուսով: Այսպիսի իշխանափոխություն կոչվածը, մեր կուսակցության կարծիքով, շատ ավելի կործանարար կարող է լինել: Եթե մենք գնում ենք փոփոխությունների, ապա պետք է դրանք լինեն համակարգային փոփոխություններ»: Իսկ ո՞վ է իրականացնելու այդ համակարգային փոփոխությունները: Նախաձեռնողը, ըստ մեր զրուցակցի, լինելու է «ընդդիմությունը, «Արդարություն» դաշինքը: Խոսում են, որ իբր «Արդարությունը» պասիվացել է, իբր հրաժարվել է ինչ-ինչ սկզբունքներից, այդպես չէ: Որոշակի խորքային վերլուծություն եթե կատարեն, կհասկանան, որ «Արդարություն» դաշինքը 2003-2004 թթ. ընթացքում իրականացրեց իշխանափոխության համար բոլոր հնարավոր ժողովրդավարական միջոցները: Փոխարենը ստացավ միայն ուժային հարվածներ. այս իշխանությունները բռնի ուժով տապալեցին ժողովրդական շարժումը, ժողովրդի ընդվզումը: Հիմա նույն ճանապարհով գնալը եւ նույն կետին հանգեցնելը կխոսի մեր անհեռատեսության մասին»: Այնուամենայնիվ, այս տեմպերով եթե առաջնորդվենք, բոլորը՝ ընդդիմությունն ու իշխանությունները միասին, լայն ճակատով գնում են դեպի 2008-ի հերթական ընտրություններ: Արամ Գասպարիչն ասում է, որ իրենք մինչեւ 2008-ը սպասելու ժամանակ չունեն: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ որեւէ մեկը իշխանությունը սկուտեղի վրա չի մատուցելու ընդդիմությանը: Ուրեմն, ինչի՞ է սպասում հայրենի ընդդիմությունը, երբ արդեն պարզ է, որ իշխանությունը մտադիր է ընդմիշտ մնալ եւ ինքն իր միջից իրավահաջորդ է փնտրում: Արամ Սարգսյանը մի բան հաստատ գիտի. «Քաղաքականության մեջ ոչ ոք հենց այնպես ոչինչ չի տալիս, դա միանշանակ է: Առավել եւս այս իշխանությունը, որը ամբողջովին կոռումպացված է եւ կլանային: Նշանակում է, որ իրենք ամեն ինչ կանեն իրենց ապագա անվտանգությունն ապահովելու համար: Իրենց տրամաբանությունը հասկանալի է՝ կամ երկարաձգել այսօրվա իշխանական բուրգի կառավարումը մինչեւ 2008, կամ, ավելին, կարողանալ ձեռք գցել կառավարման երրորդ ժամկետ: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ այսօր սեփական նախաձեռնությամբ կատարել առաջին դեմքի հեռացումը, բայց՝ իրենց մարդով փոխարինելով: Այս ամենը իշխանության գործողություններն են, ուրիշ հարց, թե ընդդիմադիր դաշտը պատրա՞ստ է սրան դիմակայել, ժողովուրդը պատրա՞ստ է ընդդիմության ետեւից գնալ: Այս հարցի պատասխանը մենք կստանանք առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում: Մենք իրոք ժամանակ չունենք, վաղը չէ մյուս օրվա կամ աշնան մասին խոսելու, գործընթացը արագ պետք է սկսվի: Ինչպե՞ս կավարտվի՝ կերեւա շուտով: Իշխանական բուրգում արդեն մեղվի փեթակի պես բզզում են եւ կռվում իրար դեմ: Իրենց թվում է՝ ընդդիմությունը իբր պասիվացել է, եւ իրենք արդեն իրար վրայից փորձում են «վերմակը» խլել»: Քաղաքական գործընթացների ակտիվացման համար ընդդիմադիր նոր միավորման կարիք Արամ Սարգսյանը գտնում է, որ չկա. «Նորի կարիքը չկա. «Արդարություն» դաշինքը ինքնաբավ կառույց է: Այլ հարց է, որ առայժմ մենք մասսայական գործողություններ չենք կազմակերպում: Սա չի նշանակում, որ մենք մեր ուժն ու թափը կորցրել ենք: Այլ խնդիր է, թե ով ինչ ֆորմատ կստեղծի կամ՝ չի ստեղծի: Իսկ մեր անելիքը մենք գիտենք՝ ժողովրդին պետք է պարզ ասենք, թե ինչ ենք անելու, եւ ասենք, թե ինչ պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա, եթե մենք ենք առաջնորդելու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել