Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը

Ապրիլ 05,2005 00:00

«Ա1+»-Ը ԿԱՐԵԼԻ ԷՐ ՓԱԿԵԼ, ԻՍԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ Ո՞Չ Այսպես հակադարձեց «Ա1+»-ի եթերազրկման 3-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 2-ին կազմակերպված երթ-հանրահավաքի մասնակից մի ծերունի ոստիկանին, որը պահանջում էր չփակել ճանապարհը: Ճանապարհը փակված էլ չէր: «Ա1+»-ի շենքից մինչեւ Կոմիտասի արձան բողոքի երթի ընթացքում եւ ոչ մի պահ չկազմալուծվեց երթեւեկությունը, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի համաձայն՝ կարող էր առիթ դառնալ իրավապահների համար ձեռնարկելու ինչ-ինչ միջոցներ: Նշենք նաեւ, որ երթի մասին քաղաքապետարանը իրազեկված էր նախապես: Ցուցարարները քայլում էին փողոցի աջ հատվածում, եւ մեքենաներն անարգել շարունակում էին երթեւեկությունը՝ առանց խցանումների: Այսուհանդերձ, ոստիկաններն ամբողջ ճանապարհի ընթացքում փորձում էին խանգարել, պահանջում բարձրանալ մայթ, մի պահ անգամ քաշքշեցին մի քանի ցուցարարների, որ լրագրողներ էին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ (առանձնակի նշենք, որ այս էլ որերորդ տարին է՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի երթերին մասնակցում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին անդամ Հրաչյա Բայադյանը): Ոստիկանության գործողությունները ղեկավարում էր Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, որը բղավում էր ցուցարարների վրա՝ նրանց հրելով դեպի մայթ եւ հպարտությամբ ասում. «Միշտ էլ բրդել եմ ու պիտի բրդեմ»: Իսկ հետո էլ բոլորի ներկայությամբ հրահանգեց «Ա1+»-ի բարձրախոսներով ավտոմեքենան տանել տուգանային հրապարակ: Սակայն հավանաբար պատճառն իրավապաշտպանների ու լրատվամիջոցների ղեկավարների ներկայությունն էր, որ այդ առաջին փորձը ձախողվեց: Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք: «Ի պաշտպանություն «Ա1+»-ի» միջոցառումների կազմկոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը կոչ արեց այդ տարածքը դարձնել «ազատ խոսքի ամբիոն», որտեղ հասարակությունն ամեն օր կկարողանա տեղեկանալ այն ամենին, ինչին չի տեղեկանում այն պատճառով, որ եթերում չէ «Ա1+»-ը: Պատրաստված հատուկ վահանակների վրա այս էլ 3-րդ օրն է՝ մատուցվում են հրապարակումներ համացանցից եւ թերթերից: Խոստացել են նաեւ ցուցադրել այնպիսի կադրեր, որոնք չի հեռարձակել որեւէ հեռուստաընկերություն: Ելույթներ ունեցան նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակներից մեկը՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանը եւ այլք: Ի դեպ, հանրահավաքին փոքր-ինչ ուշացումով միացան նաեւ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նրանք իրենց ստորագրությունները դրեցին «անհապաղ հրապարակել ազատ հեռուստահաճախականությունների ցանկը եւ հայտարարել բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթ» պահանջների ներքո: Իսկ երեկ արդեն շուրջ 500 ստորագրածներին միացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Սակայն վերադառնանք ապրիլի 2-ի իրադարձություններին: Ելույթներից հետո հասարակական կազմակերպությունների անդամ երիտասարդները սկսեցին կիթառ նվագել ու երգել. «Եղիր հեզ, բանող եզ եւ վարիր այս անվերջ սեւահողը,/ Երբ իջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, / Որոճա քեզ բաժին ընկած խոտը,/ մինչեւ կբացվի… «Ա1+»-ը»: Ոստիկանության, ինչպես նաեւ՝ ԱԱ քաղաքացիական հագուստներով աշխատակիցները տեսագրեցին այս ամենը: Իսկ միջոցառման ավարտից հետո կատարվեց Հովիկ Թամամյանի հրահանգը եւ «Ա1+»-ի ավտոմեքենան, որում գտնվում էին նաեւ բարձրախոսները, պաստառները, հանրահավաքի համար անհրաժեշտ տեխնիկան՝ բերման ենթարկվեց տուգանային հրապարակ: Հաջողվեց պարզել, որ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանն է հրահանգել 10 օր պահել ավտոմեքենան տուգանային հրապարակում: Ինքը՝ պրն Վարյանը հեռախոսազրույցի ընթացքում հերքեց այս պնդումները՝ նշելով, թե նոր է եկել Հոլանդիայից եւ տեղյակ չէ ոչ մի բանից: Սակայն երբ փորձեցին պարզել, թե ինչպես եւ երբ կարելի է «ազատ արձակել» մեքենան, բացահայտվեց, թե որոշումը պիտի կայացնի դարձյալ պրն Վարյանը: Ի վերջո, իրավապաշտպանների ու մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի շնորհիվ հնարավոր եղավ հասնել նրան, որ Երեւանի պետավտոտեսչության պետ Մարգար Օհանյանը 2 օր անց համաձայնի վերադարձնել միայն ավտոմեքենան: Իսկ պաստառները, մեգաֆոնները, բարձրախոսները, հզորացուցիչները ոստիկանները հրաժարվում են վերադարձնել՝ պատճառաբանելով, թե հարուցված է վարչական վարույթ եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «անմիջական օբյեկտ հանդիսացող գույքը կարող են վերցնել»: Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել վարչական վարույթ հարուցած մարմնին՝ ճշտելու կատարվածի դրդապատճառները: Իսկ առայժմ ամեն օր՝ մինչեւ ապրիլի 12-ը, ժամը 18:00-ից մինչեւ 21:00-ը Կոմիտասի արձանի մոտ շարունակվելու է ստորագրահավաքը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930