Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՈՒՉՆԵՐԸ

Ապրիլ 05,2005 00:00

ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԵԼ Ըստ փոխքաղաքապետ Կամո Արեյանի, դա է պատճառը, որ կրթության վարչության պաշտոնյաներն ու ինքն անձամբ շրջում են դպրոցներում՝ «զգուշացման ուսումնասիրություններ» իրականացնելու նպատակով: Կոնկրետ դեպքերի մենք արդեն անդրադարձել ենք: Խմբագրությանն ուղղված բազմաթիվ ահազանգերը վկայում են, որ այս այցելությունները ոչ միայն տնօրենների, այլեւ ծնողների զայրույթի ու անհանգստության առիթ են եղել: Խնդիրն այն է, որ դեռեւս տարեսկզբից շատ ծնողներ տնօրենների հետ գործարքի մեջ են մտել՝ իրենց տասներորդցի երեխաներին դասերից ազատելու եւ «գեղեցիկ ատեստատ» ձեռք բերելու համար: Մյուս կողմից էլ տնօրեններն են անելանելի վիճակի մեջ ընկել. նախ նրանք սեւերես են դուրս եկել ծնողների առջեւ, եւ հետո՝ չէ՞ որ իրենք էլ վերեւների հետ են սովորաբար համաձայնեցնում իրենց քայլերը. ո՞րն է, հետեւաբար, ոլորտի պատասխանատուների հիստերիայի պատճառը: Լուրեր կան, որ վերեւներն այս ձեւով ուզում են առիթն օգտագործել՝ ազատվելու անցանկալի տնօրեններից եւ փոխարենն իրենց ուզած մարդկանց տեղավորելու: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ամենը չի արվում տնօրեն ազատելու համար: Մեր գերխնդիրը տնօրեն ազատելը չէ, այլ՝ համակարգն իր նպատակին ծառայեցնելը: Այս համակարգը զարգացման կարիք ունի, այն բավականաչափ շեղվել է իր հունից: Նախեւառաջ այն պետք է դնենք հունի մեջ, եւ, բացի այդ, դպրոցում բավականին արմատացել են թերությունները: Այսօր նմանատիպ ակցիաներով դրանք արմատախիլ անելը շատ դժվար է: Մենք տնօրենների հետ ոչ թե վերադաս-ստորադաս ենք աշխատելու, այլ՝ համագործակցության սկզբունքով: Եթե տնօրենի մեջ չի հերիքի պատասխանատվության զգացումը, ապա հանուն դպրոցի, հանուն երեխայի ճակատագրի ոչ մի տնօրենի չենք խնայելու: Այն տնօրենը, որը մինչեւ վերջ չի տանելու գործընկերությունը, չի շարունակի աշխատել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Կամո Արեյանը: Պրն Արեյանը նախորդ շաբաթ այցելել է թիվ 72, 41, 20, 114, 8, 67, 33 դպրոցներ: Իրավիճակը, ըստ նրա, խիստ անհանգստացնող է եղել թիվ 8, 114, 67, 33 դպրոցներում, որոնք «Էլիտար, անուն հանած դպրոցներ են»: Վիճակը քիչ թե շատ նորմալ է եղել թիվ 20 եւ 72 դպրոցներում: Թիվ 13, 66 եւ 89 դպրոցներում հայտնաբերվել են մասնակի թերություններ: Պրն Արեյանը նախ ստուգել է աշակերտների եւ հատկապես տասներորդցիների հաճախումները, ուսուցիչների մատենավարությունը, դասը վարելու, մատուցելու գործընթացը: «Մեզ անհանգստացնում է այն, որ բացակաները մեծամասամբ չեն արտացոլվում մատյաններում: Տասներորդցիների մեծամասնությունը չի հաճախում հանրակրթական դպրոց, այլ ռեպետիտորի մոտ պարապում է այն առարկան, որն իրեն պետք է բուհի ընդունելության համար»: Հայտնաբերված թերություններն ու բացթողումները, պրն Արեյանի ներկայացմամբ, նաեւ չիմացության հետեւանք են, երբ տնօրենը կամ ուսմասվարն ամբողջությամբ չեն տիրապետում նորմատիվ ակտերին: «Խախտումներ կան գործավարության հետ կապված: Կան նաեւ ֆինանսական խախտումներ, որոնք հաշվապահական հաշվառման ժամանակակից ստանդարտներին չտիրապետելու հետեւանք են»: Ուսումնասիրությունների արդյունքում փոխքաղաքապետը եկել է եզրակացության, որ թերությունները համընդհանուր բնույթի են, ինչն էլ նշանակում է, որ անելիք ունի ոչ միայն տնօրենը այլեւ իրենք՝ ոլորտի մյուս պատասխանատուները: Կամո Արեյանը նաեւ նշեց, որ դպրոցների մեջ կան այնպիսիք, որտեղ վիճակն արտառոց է. «Տնօրեններն էլ պատճառաբանում են, որ անզոր են դիմադրելու ծնողներին. դա արդարացնող պատճառաբանություն չէ, դպրոցը տվյալ ծնողի քմահաճույքի օջախ չէ»: Անցյալ տարի այսպիսի ուսումնասիրո ւթյունների արդյունքում աշխատանքից ազատվել է վեց տնօրեն՝ բացահայտված թերությունների, կոպիտ խախտումների եւ բացթողումների համար: Ի դեպ, բազմաթիվ բողոքներ լինում են դպրոցների ազատված տնօրեններից: Օրինակ, այս տարի բողոքների հետքերով ուսումնասիրվել է թիվ 139 դպրոցը: «Տնօրենների՝ վերջերս հրավիրած խորհրդակցության ժամանակ առանց անվանական գնահատականների քննարկվել են բոլոր երեւույթները եւ տրվել համապատասխան հանձնարարականներ: Իսկ ինչ վերաբերում է այն դպրոցներին, որտեղ եղել ենք եւ թերություններ արձանագրել, դրանց հարցը առանձին քննարկվելու է վարչության պետի հետ: Տնօրեններին հորդորել ենք բացակայություններն արձանագրել»: Ի դեպ, եթե նախկինում, գործող օրենքի համաձայն, 160 ժամ անհարգելի բացակայածին թույլատրվում էր շարունակել դասերը եւ բաց թողած առարկայի համար հանձնել քննություն, այս տարի օրենքը փոխվել է. 240 ժամ անհարգելի բացակայողը ենթակա է հեռացման: «Այսուհետեւ ամբողջ օրը վարչության մասնագետները լինելու են դպրոցներում, իրականացնելու են վերահսկողություն»: «Իսկ մտավախություն չկա՞, որ այդ դեպքում էլ տնօրենն ու տեսուչը «փոխհամաձայնության» գան եւ վերահսկողն այդպես էլ տվյալ դպրոցի պատկերն ամբողջությամբ չարտացոլի» հարցին պրն Արեյանը պատասխանեց. «Իրոք, վերահսկման մեխանիզմները բավականին թույլ են, այս դեպքում էլ համակարգը կատարելագործման խնդիր ունի, եւ այդ պատճառով էլ այսօր հրամայական է, որպեսզի ես եւ իմ գործընկերները շրջենք դպրոցներում: Ասեմ, որ օպերատիվ վերահսկողությունն ու շրջայցերը այսուհետեւ լինելու են պարբերական: Մեզ ոչ ոք իրավունք չի տվել նստել քաղաքապետարանում եւ պատուհանից հեռակա նայել դպրոցներին»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930