Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովն

Ապրիլ 15,2005 00:00

Հանձնաժողովն աշխատում է ճնշումո՞վ Պարզվում է, եթե հասարակությունը լավ ճնշեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա ջրի սակագինը կարող է եւ չբարձրանար: Մայիսի 1-ից խմելու ջրի սակագները բարձրանալու են: Երեկ կազմակերպվել էր բաց քննարկում՝ շահագրգիռ պետական ատյանների, ՀԿ-ների եւ այլ փորձագետների մասնակցությամբ: Ֆորումի պատասխանատու Լյուդմիլա Հարությունյանը համոզված էր, որ քննարկման վերջում բոլորը հանգելու են այն եզրակացության, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը չի կարող վերահսկել ստեղծված իրավիճակը, քանի որ ջրի գնի բարձրացումը բերելու է այլ գների բարձրացման: Քննարկման սկզբում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ԱՀՌԾ համակարգման եւ մոնիտորինգի բաժնի պետ Սերգեյ Բալասանյանը, ներկայացնելով կառավարության՝ խմելու ջրի ոլորտում իրականացրած սակագնային եւ սուբսիդավորման քաղաքականությունը, նշեց, որ առաջ սակագներն էապես զիջում էին շահագործման ծախսերին, դրա համար էլ գների վերանայման հարց առաջացավ: Նրա խոսքերով՝ «վերջին տարիներին խմելու ջրի համակարգում գործող ընկերությունները վարձավճարների հավաքագրման ցածր տոկոսների եւ ծախսերի պատճառով մեծ ֆինանսական ճեղքվածքով էին աշխատում, որը տարեկան կազմում էր 6 մլրդ դրամ: Այն ամբողջությամբ ֆինանսավորվում էր պետբյուջեի հաշվին՝ բյուջետային վարկերի եւ սուբսիդիաների տեսքով: Կառավարությունը նույնիսկ ստիպված էր լինում ժամանակ առ ժամանակ զիջել ընկերությունների պարտքերը»: Շարունակելով իր մեկնաբանությունները՝ պարոն Բալասանյանը նշեց նաեւ, որ իրենց հետազոտության արդյունքներով՝ այդ քաղաքականությունից ավելի շատ օգտվում էր ոչ թե աղքատ, այլ հարուստ խավը. «Աղքատ ընտանիքների 1 անդամը գրեթե կրկնակի ավելի քիչ է ջուր սպառում, քան հարուստ ընտանիքի 1 անդամը, ուստի վերջինս կրկնակիորեն էր օգտվում դրանից»: Կառավարության նախկին քաղաքականության թերությունները երկար-բարակ ներկայացնելուց հետո պարոն Բալասանյանը եկավ այն եզրակացության, որ ջրի սպասվող սակագների բարձրացումից աղքատ խավն այնուամենայնիվ օգտվելու է. «Մեր հաշվարկներով, 4 հոգուց բաղկացած աղքատ ընտանիքում ջրի ծախսը 400 դրամով կավելանա: Բայց եթե ազատված միջոցներն ավելացնենք ընտանեկան նպաստի բյուջեին, որը նորից բաշխվելու է այդ ընտանիքների միջեւ, նրանց ամսական օգուտը եռապատիկ ավելի կլինի»: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում էր Շահազիզ Կիրակոսյանը: Ներկաներից մեկի այն հարցին, թե դուք այստեղ ի՞նչ եք անում, եթե հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, թե «մենք պարտավոր չենք հաշվի առնել սոցիալական հիմնախնդիրները, դա մեզ չի առնչվում», պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Ես եկել եմ որպես սովորական սպառող ու քաղաքացի: Իսկ ինչ պարոն Նազարյանն է հայտարարել, շատ ճիշտ է արել, նույնն էլ կրկնում եմ ես՝ իմ տրամաբանությամբ ու խոսքերով»: Մեկ այլ ՀԿ-ի ներկայացուցիչ հետաքրքրվեց. «Ամեն անգամ, երբ դուք սակագները բարձրացնում եք, հասարակությունը աղմուկ է բարձրացնում, մի փոքր իջեցնում եք գինն ու վերջ, բայց մեծ հաշվով տարեցտարի սակագները բարձրանում են: Այս անգա՞մ էլ եք նույն սցենարով աշխատելու»: Ինչին հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանեց. «Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Սցենարն այսպիսին է՝ հասարակությունն ինչքան ակտիվ մասնակցի ու ճնշի հանձնաժողովին՝ հիմնավորելու ցանկացած որոշում, այնքան լավ, մենք ավելի ուրախ ենք: Իրականում դա ոչ թե սցենար է, այլ կյանքն է այդպիսին»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել