Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ապրիլ 16,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ ՆԱՍՏԱՅԱՇՉԻ ՊԱԼԿՈՎՆԻԿ Երբ վեց զինակոչիկներս առանձնացանք ու նստոտեցինք Նասոսնիի հավաքակայանի պարսպի տակ շարած ու կապկպած հաստ ու երկար գերաններին, Պարգեւն ասաց. «Ըսենց իրար գլխի հավաքված պիտի մնանք»: «Իրարից մի քայլ չպիտի հեռու գնանք»,- ասաց Վալերը: «Դուք ըստեղ նստած մնացեք, ես էթամ տենամ՝ ի՞նչ կա-չկա»,- ասաց Պարգեւը: «Ես էլ հետդ գա՞մ, Պաքո»,- հարցրեց Վալերը: «Չէ,- ասաց Պարգեւը,- դու տղերքի մոտ մնա. օտար տեղ ա, ամեն ինչ կարա պատահի»: «Օտար տեղ ա, դրա համար եմ ասում՝ հետդ գամ»,- ասաց Վալերը: «Չէ՛, դու տղերքի մոտ մնա, մենակ տեսեք՝ իրարից պոկ չգաք»,- ասաց Պարգեւն ու մութի միջով խորացավ դեպի հատուկենտ լույսերը: Ինչ ուզում եք ասեք, շատ հետաքրքիր ու անբացատրելի է, թե ինչո՞ւ ապրածդ ու տեսածդ կյանքից մանրամասնորեն հիշում ես այս եւ ոչ թե այն դրվագը, այսինքն՝ ես ի վիճակի չեմ հասկանալ ու առավել եւս ի վիճակի չեմ բացատրել, թե ինչո՞ւ հիշեցի ու ճշգրիտ գրի առա Պարգեւի ու Վալերի միջեւ տեղի ունեցած էդ վերջին երկխոսությունը, որը, ինչպես երեւի զգում ու գիտակցում եք, առանձնապես որեւէ դեր ու նշանակություն չունի սկսածս ու շարունակվելիք էս սյուժեի մեջ, ու նաեւ չեմ կարող հասկանալ եւ առավել եւս բացատրել, թե ինչո՞ւ չեմ շտապում հիշել ու ճշտել առավել կարեւորը, այն է՝ Պարգեւի ու Վալերի էդ վերջին երկխոսությունից ընդամենը մի քանի րոպե անց Պարգեւն ու Շկարուպետան միասի՞ն հայտնվեցին, թե՞ սկզբում Պարգեւը հայտնվեց, ու հետո նոր Շկարուպետան՝ անկախ իրարից ու առանձին-առանձին: Բայց, մյուս կողմից էլ, կարեւորն անկարեւորից ոչ թե մենք ենք զատում ու ջոկում, այլ՝ մեր հիշողությունը, ու էս դեպքում իմ հիշողության շնորհիվ կամ, ավելի ճիշտ, իմ հիշողության պատճառով, փաստորեն, Պարգեւի ու Վալերի էդ վերջին ու միանգամայն անկարեւոր երկխոսությունն ավելի կարեւորվեց, քան գնդապետ Շկարուպետայի հայտնությունն ու հայտնության նշանակությունը, ու միգուցե դրա պատճառը նաեւ այն է, որ իմ ու իմ հիշողության նախասիրություններն ու ճաշակները համարյա մեկին մեկ իրար բռնում են, այսինքն՝ երկուսս էլ հիմնականում տեքստերն ավելի ենք կարեւորում, քան՝ սյուժեները, բայց, այդուհանդերձ, ես՝ որպես վեպ կամ կենսագրական ու կիսակենսագրական վեպ գրող, նաեւ հստակ գիտակցում եմ, որ ընթերցողներիս մեջ կարող են հայտնվել նաեւ էնպիսիք, ովքեր համակ ուշադրությամբ հետեւում են հիմնականում դեպքերի ընթացքի հաջորդականությանն ու հետեւողականությանը, ու ընթերցողական էդ խավին երեւի թե Պարգեւի ու Վալերի վերջին երկխոսությունը գրեթե ոչինչ չասաց ու չտվեց, ու ես էստեղ «գրեթե» բառը գրեցի, քանզի հստակ գիտակցում եմ, որ ընթերցողական մի խավ էլ կա, որ ոչ միայն ընդամենը սյուժե է սիրում, այլեւ մշտապես սիրում ու արժեւորում է հենց էս «գրեթե» բառը, ու, նախքան «գրեթեն», ես նաեւ «երեւի թե» ասացի ու գրեցի, որովհետեւ դրա, էսպես ասած, բալեշչիկն էլ ընթերցողների շրջանում կա, ու եթե անցած դարի յոթանասունականներին հիմնականում որոշ գրողներ ու լեզվի որոշ ուսուցիչներ էին միայն «երեւիի» փոխարեն «երեւի թե» ասում ու գրում, ապա մեր օրերում «երեւի թե» են ասում ու գրում ոչ միայն մեր ոսկեղենիկ լեզվի անխոնջ պահապաններն ու մարզական մեկնաբանները, այլեւ մեր խորհրդարանի միջանցքների զարմանազան իրադարձություններն ու խոսակցությունները մեկին մեկ մեր օրաթերթերի էջերին փոխանցող ու մեր պատգամավորների աննախադեպ ժարգոնի արանքներում իրենց «երեւի թե»-երն ու իրենց բազմակետերը շարող ու շողշողացնող մեր իշխանամետ ու ընդդիմադիր լրագրողուհիները, որոնք սովորաբար սիրում են հպարտանալ ոչ միայն բանասիրական կամ լրագրողական կրթություն չունենալով, այլեւ ընդհանրապես որեւէ կրթություն ու որեւէ դիպլոմ չունենալով, եւ, բացի այդ, նրանք նաեւ սիրում են հպարտությամբ նշել, որ չեն կարդացել այսինչ կամ այնինչ գիրքը, չնայած, այդուհանդերձ, չափազանց սիրում են գրախոսականներ գրել իրենց չկարդացած այսինչ կամ այնինչ գրքի մասին, եթե, իհարկե, որեւէ գրքի որեւէ հեղինակ նրանց նվիրում է իր, ուրեմն, գիրքը, եւ էս վերջին հանգամանքին ես ամենայն ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ մեր օրերում ոչ մեկս գրքին փող չենք տալիս ու գիրք չենք առնում զանազան ու միանգամայն տարբեր պատճառներով, չնայած, ի տարբերություն ձեզ, ես ժիվոյ գիրք առնող տեսել եմ, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ՝ ամբողջ երեք հոգի. մեկը՝ «Շողակաթի» Սաթիկը, մյուսը՝ Սեյրանյան Սաթիկը, եւ երրորդը՝ Արշակյան Ազատը, եւ եթե գիրք չառնողները գիրք չեն առնում միանգամայն տարբեր պատճառներով, ապա գիրք առնողները գիրք են առնում միեւնույն պատճառով՝ ընկերասիրությունից ու մարդասիրությունից դրդված, ու էս առիթով ուզում եմ նաեւ նշել, որ իմ գրքերի առաջին երեք օրինակները, որպես կանոն, առաջին իսկ օրը գրախանութից թռնում են, եւ ամեն նոր գրքիցս հետո, երբ հրապարակի գրախանութի Ժաննան ինձ ասում է, որ Աղասի Այվազյանն առել է գիրքս, գրախանութի հաշվապահ Ալվարդն ուղղում է նրան, ասելով, որ ոչ թե Աղասի Այվազյանն է գիրքս առել, այլ՝ Աղասի Արշակյանը, եւ արդեն ամենավերջում գրախանութի վարիչ Վաչոն երկուսին էլ ուղղում է, վերջնականապես ճշտելով, որ գիրքս Ազատ Արշակյանն է առել, ու ամեն անգամ, երբ գրախանութի Ժաննան ինձ ասում է՝ Աղասի Այվազյանն առավ գիրքդ, ես իսկույն հասկանում եմ, որ Ազատ Արշակյանն արդեն գիրքս առել է: Ինչպես արդեն ասացի՝ մարդասիրությունից ու ընկերասիրությունից դրդված: Սաթիկներն էլ միանգամայն նույն պատճառով են գիրքս առնում, որովհետեւ «Շողակաթի» Սաթիկի հետ մշտապես գրականությունից ու ֆուտբոլից ենք խոսում, իսկ Սեյրանյան Սաթիկի հետ մի քանի տարի «Առավոտում» աշխատել ենք, ու երեւի սրանից ավելի հարմար առիթ չի լինի խոստովանելու, որ ես, ճիշտ է, բոլոր առումներով ու պարամետրերով սովետական ու նեոսովետական գրող եմ, բայցեւ միանգամայն նոր ժամանակների լրագրող եմ ու էս վերջին տասնամյակում հաջողացրի լիովին ինտեգրվել մեր մի քանի ընդդիմադիր ու իշխանամետ օրաթերթերի ու շաբաթաթերթերի աշխատանքներում, ու երեւի հենց էդ հանգամանքն է պատճառը, որ հիմա էսքան հեշտությամբ ու թեթեւորեն թռիչք կատարեցի ընդհուպ մեր օրերը, մինչդեռ մի Մարկես կամ մի Ֆոլկներ էսպիսի թռիչքներ կատարելու համար ահագին ապրել ու ահագին տքնել են: Ինչ վերաբերում է ինձ, ես, ի տարբերություն այլ գրողների, ոչ թե ապրածս եմ գրում, այլ, ընդհակառակը, գրածս եմ ապրում, ընդ որում՝ միանգամայն հետին թվով: Ինչ վերաբերում է գրախանութի Ժաննային, նա վերջերս ինձ ասաց, որ նաեւ Վանոյի կինն է գրքիցս մի քանի օրինակ առել իր գրադարանի համար, եւ ես դա միանգամայն բնական համարեցի, որովհետեւ դրանից մի քանի օր առաջ էլ իմ կինն էր Վանոյի գիրքը նույն էդ գրախանութից առել, ու էս ամենն իսկապես շատ բնական ու տրամաբանական է հատկապես ինձ համար, քանի որ ես դեռեւս համալրում եմ շարքերն էն մարդկանց, ովքեր գտնում են, որ էս կյանքում ամեն ինչ պիտի փոխադարձ լինի: Ինչ վերաբերում է գնդապետ Շկարուպետային, նա Սումգայիթի հույժ գաղտնի զորամասերից մեկի նորանշանակ պետն էր եւ էդ իրիկուն գերաններին նստոտած մեր խմբին մոտենալով՝ միանգամից, առանց ներկայանալու ասաց. «Գամարջոբա, տավարիշչի արմյանե»: Մենք Շկարուպետայի բարեւը հայերեն առանք, եւ նա, իր սխալն զգալով ու ուղղելով, ասաց՝ «իզվինիծե, բարեւ ձեզ»,- հետո մի քիչ մտածեց, ասաց՝ «բարեւ ձեզ, տավարիշչի մուզիկանտի»,- հետո մի քիչ էլ մտածեց ու ներկայացավ՝ «պալկովնիկ Շկարուպետա, իմեյու չեսծ»,- հետո նայելով իրեն ուղեկցող սպային՝ ասաց. «պադպալկովնիկ Կարավան, մոյ զամեսծիծել պա կուլտուրնոյ չասծի»: «Ռադ պազնակոմիցա, տավարիշչի մուզիկանտի»,- ասաց փոխգնդապետ Կարավանն ու, ի տարբերություն Շկարուպետայի, մոտեցավ, մեկ առ մեկ սեղմեց մեր ձեռքերը, հետո հարցրեց. «Սրեձի վաս սլուչայնը ե՞սծ խուդոժնիկ»: «Եսծ»,- վեր թռա ես: «Էտը օչեն զդոռըվը»,- ասաց Կարավանը: «Օն ադնավրեմեննը ի՛ խուդոժնիկ, ի՛ մուզիկանտ»,- Կարավանին ասաց կիրովաբադցին: «Էտը յիշչո՛ լուչշե»,- ասաց Կարավանը, ու հենց էդ պահին մոտեցան մեզ ուղեկցող հայ սպաներն, ու գնացքում մեզ նկատողություն արած սպան հայերեն ասաց. «Տղե՛րք, էս գնդապետին ու փոխգնդապետին ասել եմ, որ մուզիկանտ եք. իրանք մուզիկանտ էին ման գալի, ե՛ս եմ իրանց ձեր մոտ ուղարկել»: «Մերսի, լեյտենանտ ջան, քու էս լավության տակից Էրեւանում մի օր դուս կգանք»,- ասաց Պարգեւը: «Լավության հարց չկա, մեր համար էլ ա լավ, որ մեր հայ տղերքի ծառայությունը հեշտ անցնի»,- ասաց լեյտենանտը, հետո մեր երեք հայ սպաները հերթով մոտեցան, ամեն մեկիս առանձին-առանձին հաջողություն ու բարի ծառայություն մաղթեցին եւ անհետացան մութի ու մշուշի մեջ: Պայմանավորվեցինք, որ ես, Ստյոպն ու ազատանցին նստելու ենք Կարավանի վիլիսը, իսկ Պարգեւը, Վալերն ու կիրովաբադցին՝ Շկարուպետայի նույնատիպ ավտոմեքենան, որի վարորդը՝ Սաքոն, էջմիածինցի էր, եւ երբ Պարգեւը Սաքոյից փորձեց զորամասի ու ծառայության մասին որոշ տեղեկություններ ստանալ, Սաքոն ասաց. «Ապե՛, ես չաստի ու ծառայության հետ ոչ մի կապ չունեմ. ես շեֆիցս բացի ոչ մեկի հետ կապ չունեմ,- հետո մի քիչ մտածեց ու ասաց.- համ էլ՝ դուք հըլը մալադոյ եք. առաջի վեց ամիսը հազար ու մի դժվարություններ կըլնեն»: «Սաքո՛, դու ինչքա՞ն ես ծառայել»,- հարցրեց Պարգեւը: «Վեց ամիսս արդեն լրացել ա, ինձ ընդամենը տարիուկես ա մնացել»,- ասաց Սաքոն: «Մենք քեզնից շուտ ենք տուն էթալու. մեզ սաղ-սաղ մի տարի ա մնացել»,- խոսակցությանը խառնվեց Վալերը: «Ո՞նց թե՝ մի տարի ա մնացել»,- զարմացավ Սաքոն: «Հենց ըտենց, ապերի՛կ, չգիտե՞ս, որ ինստիտուտից հետո ընդամենը մի տարի են ծառայում»,- ասաց Վալերը: «Դուք ինստիտուտ ե՞ք ավարտել»,- զարմացավ Սաքոն: «Նման չե՞նք. կարող ա՞ տեսքներս սամասվալի շոֆերի ա»,- ասաց Վալերը: «Ավելի վատ ձեր համար»,- ասաց Սաքոն: «Խի՞ ա ավելի վատ, ապերի՛կ»,- հարցրեց Վալերը: «Ինստիտուտավարտներին ստարիկները մի տեսակ վատ են վերաբերվում, շատ են աշխատացնում ու չարչարում. մի տեսակ նախանձում են, որ ինստիտուտավարտներն ընդամենը մի տարի ծառայում ու տուն են էթում»: Շկարուպետան ու Կարավանն իրար ականջի ինչ-որ բան էին քչփչում, հետո Շկարուպետան մեզ ասաց, որ ոչ մի տեղ չգնանք ու էդ գերանների մոտ իրենց սպասենք, եւ ինքն ու Կարավանն անհետացան էլեկտրալամպերից տեղ-տեղ թեթեւակի ծակծկված մշուշի մեջ, որտեղից քիչ առաջ հայտնվել էին: Երբ նրանք գնացին, Վալերը Սաքոյին հարցրեց. «Հիմի դու ստարիկ ե՞ս, ապե՛»: «Ես ի՞նչ ստարիկ,- զարմացավ Սաքոն,- ստարիկ վերջի վեց ամիսն են դառնում. ես հըլը տարիուկես ունեմ»: «Բա ստարիկները քեզ չեն աշխատացնո՞ւմ»,- հարցրեց Պարգեւը: «Ես իրանց հետ ոչ մի կապ չունեմ, ես մենակ շեֆիս հետ կապ ունեմ»,- ասաց Սաքոն: «Հասկացանք, որ մենակ շեֆիդ հետ կապ ունես, բայց էդ ստարիկները քեզ աշխատացնո՞ւմ են, թե՝ չէ»,- գոռաց Վալերը: «Ինձ ո՞նց կարան աշխատացնեն. ես մենակ գիշերներն եմ կազարմա էթում»,- ասաց Սաքոն: «Որ մտքներին ըլնի՝ կարան գիշերներն էլ աշխատացնեն»,- ասաց Վալերը: «Ինձ չեն կարա»,- ասաց Սաքոն: «Էդ խի՞»,- հարցրեց Վալերը: «Որովհետեւ շեֆը մեջքիս կայնած ա»,- ասաց Սաքոն: «Ապերի՛կ, անունդ ինչ է՞ր»,- հարցրեց Վալերը: «Սաքո»,- ասաց Սաքոն: «Սաքո ջան,- հանգիստ ասաց Վալերը,- հըլը մի հատ քու ջանին նայի, ու հետո՝ իմ. քեզ որ չեն կարացել աշխատացնեն, ինձ ո՞նց կարան»: «Ջաններիդ մի խաբնվեք, տղե՛րք ջան, բանակում ջանը ոչ մի նշանակություն չունի»,- ասաց Սաքոն: «Էդ խելքին ես, հա՞»,- ասաց Վալերը: «Վալեր ջան, մեր Սաքոյի խաթրին մի՛ կպի, էսօրվանից ինքը մեր հալալ ու զուլալ ախպերն ա,- ասաց Պարգեւն ու ավելացրեց.- Սաքո՛ ջան, էսօրվանից մենք է՛լ ենք քու մեջքին կայնած»: «Էղավ, ախպե՛ր,- քմծիծաղ տվեց Սաքոն,- սաղն էլ առաջի օրը ըտենց վստահ ու ըտենց դուխով են խոսում: Շաբլովսկուն որ ռաստ գաք, հետո նոր կտենանք՝ ոնց եք խոսում»: «Շաբլովսկին ո՞վ ա»,- հարցրեց Պարգեւը: «Շաբլովսկին ստարիկների մեջի ամենադուխով ու ամենահարգված տղեն ա: Ինքը Տաշքենդի ռուս ա, իրեք տարի դիզբատ ա նստել, էս մի ամիս ա՝ ինչ դուս ա էկել ու վեց ամիս էլ պիտի մեր չաստում ծառայությունն անցկացնի»,- ասաց Սաքոն: «Շատ վախեցած ես էրեւում, ապերի՛կ,- ասաց Վալերը,- էդ Շաբլովսկին ֆիզիկապես շատ ա՞ ուժեղ»: «Ֆիզիկապես կարող ա քու չափ ուժեղ չըլնի, բայց դուխի իմաստով ա ուժեղ: Դիզբատում ինքը կանցավիկ ա էղել. կանցավիկը գողին հավասար ա»,- ասաց Սաքոն: «Սաքո ախպեր, ասեմ՝ իմանաս, որ դիզբատում վաբշե գող չեն կայնացնում: Գողը վաբշե բանակ ծառայած չպիտի ըլնի»,- ասաց Պարգեւը: «Ես գող չասեցի, ես ասեցի՝ գողին համարյա հավասար ա էղել»,- ասաց Սաքոն: «Պաքո՛ ջան, ինչքան հասկանում եմ՝ էս էրեխի վախը պտի չափվի»,- ասաց Վալերը: «Էդ ասելու բան ա՞, որ ասում ես, ա՛յ Վալեր»,- ասաց Պարգեւը: «Էդ Շաբլովսկուց մեր պուճուր ախպոր աչքը շատ ա վախեցած»,- ասաց Վալերը: «Մեր չաստում Շաբլովսկու դեմ վաբշե խաղ չկա»,- ասաց Սաքոն: «Իրա դեմ ոչ թե խաղ չկա, այլ՝ խաղացո՛ղ չկա, տղա՛ ջան»,- ասաց Վալերը: «Ա՛յ Վալեր, մեր ախպեր Սաքոն ի՞նչ մեղք ունի, որ էդ Շաբլովսկին իրանց չաստի ամենադուխավիկ տղեն ա»,- ասաց Պարգեւը: «Ըտենց դուխավիկներ շատ ենք տեսել»,- ասաց Վալերը: «Շատ ես տեսել՝ մի հատ էլ կտենաս. էլ խի՞ ես մեր պուճուր ախպորը նեղացնում, ա՛յ Վալեր»,- ասաց Պարգեւը: «Ոչ մեկին էլ չեմ նեղացնում, Պաքո՛ ջան, ես ճի՛շտն եմ ասում»,- ասաց Վալերը: «Էս պահի դրությամբ, Վալեր ջան, ճիշտն էն ա, որ մենք ու մեր Սաքո պուճուր ախպերն իրար թիկունք ըլնենք, որ էս քամբախ տեղը ոչ մի Շաբլովսկի չկարենա մեզ ասի՝ ձեր աչքի վերեւը ունք կա: Ճիշտ չեմ ասո՞ւմ, Սաքո ախպեր»,- ասաց Պարգեւը: «Վաբշե տը ճիշտ ես ասում, Պարգեւ ջան,- ասաց Սաքոն,- բայց Շաբլովսկու հարցը սավսեմ ուրիշ ա: Իրա հետ պտի խաթրով էթաք, թե չէ՝ իրան շատ չկա. մի հատ դիզբատ նստել ա, մի հատ էլ կնստի»: «Ի՛նքը պտի մտածի, որ մեր հետ խաթրով էթա»,- ասաց Վալերը: «Ձեր գործն ա,- ասաց Սաքոն,- ինձնից զգուշացնել էր հասնում՝ զգուշացրի»: «Իրա՛ն էլ պտի զգուշացնես»,- ասաց Վալերը: «Իրան էլ ինչ որ պետքն ա՝ կասեմ, բայց տեսեք՝ անհամություն չըլնի: Գիտեմ, վերջը ես եմ էրկու յանից վատամարդ դուս գալու»,- ասաց Սաքոն: «Էդ Շաբլովսկու հարցը մի քիչ շատ ես բարդացնում, Սաքո՛ ախպեր,- ասաց Պարգեւը,- դու է՛ն ասա՝ ձեր էդ չաստում մուզիկանտների գործը ո՞նց ա. մուզիկանտի կյանքը ո՞նց ա անցնում»: «Մուզիկանտների հաշվով ոչ մի բան չեմ կարա ասեմ, Պարգեւ ջան: Մեր չաստում վաբշե մուզիկանտ չի էղել»,- ասաց Սաքոն: «Ո՞նց թե՝ մուզիկանտ չի էղել»,- զարմացավ կիրովաբադցի Վալոդը: «Հենց ըտե՛նց. մուզիկանտ չի էղել»,- կրկնեց Սաքոն: «Բա մեզ էս ո՞ւր եք հետներդ տանում»,- ասաց Վալերը: «Բա շեֆդ խի՞ ուրախացավ, որ ասինք՝ մուզիկանտ ենք»,- հարցրեց Պարգեւը: «Տղերք ջան, ինչքան հասկանում եմ՝ ձեր բախտը բերել ա: Շեֆս արդեն իրեք ամիս ա՝ ինչ էկել ա մեր էս չաստը, բայց հեչ չի կարում մեր չաստին հարմարվի, քանի որ իրա նախկին չաստում ահագին մեծ արկեստր ա ունեցել, իսկ ըստեղ՝ մեր մոտ ոչ մուզիկանտ կա, ոչ էլ, երեւի, նվագելու կարգին գործիք, բայց ձեր բախտից ինքը հատուկ էսօր էկել ա ըստեղ՝ մուզիկանտ ջոկելու, ու ձեր բախտից էսօր ըստեղ ձեզանից բացի ուրիշ ոչ մի մուզիկանտ չկար, թե չէ՝ ինքը կարող ա ուրիշներին վեկալեր, չնայած ինքը հայերին լավ էլ սիրում ու հարգում ա, քանի որ ինքը ոչ թե ռուս ա, այլ՝ խախոլ»,- ասաց Սաքոն: «Սաքո ախպեր, իրա մոտ հանկարծ խախոլ չասես, շատ փիս կնեղանա: Ուկրաինացի ասա. խախոլները չեն սիրում, որ իրանց խախոլ ես ասում»,- ասաց Վալերը: «Ես իրան ոչ խախոլ եմ ասում, ոչ էլ ուկրաինացի, ու իրան շատ էլ հարգում եմ, ու ինքն էլ ինձ ա հարգում, չնայած հերս ու ախպերս զամպալիտին են մաղարիչ արել»,- ասաց Սաքոն: «Ո՞ր զամպալիտին՝ էս Կարավանի՞ն»,- հարցրեց Պարգեւը: «Հա,- ասաց Սաքոն,- հերս ու ախպերս որ էկան, էս Կարավանը նախկին շեֆին էր փոխարինում, ու էս շեֆս հըլը չէր էկել, ու մերոնք որ մաղարիչն արին, Կարավանն ինձ միանգամից իրան շոֆեր դարձրեց, կարանտինիցս հետո միանգամից էս վիլիսն ինձ տվեց, ու էս թազա շեֆս որ չաստն ընդունեց, ես փաստորեն արդեն մեխանիկորեն իրա շոֆերն էի»: «Փաստորեն, քեզ Կարավանն ա էդ լավությունն արել»,- ասաց Պարգեւը: «Հա,- ասաց Սաքոն,- չնայած հերս ու ախպերս իրանց շնորհքը մինչեւ վերջ ցույց տվին, բայց հարուր տոկոսով կարամ ասեմ, որ զամպալիտն էլ ա մեր հայերին շատ լավ վերաբերվում»: «Փաստորեն, Սաքո ախպեր, դու քու էսօրվա էս վիճակի համար զամպալիտին ես պարտական»,- ասաց Վալերը: «Հա՛, բայց հետո էս հիմիկվա շեֆիս էլ մերոնք ոնց որ պետքն ա տեսան, չնայած, էլի եմ ասում, էրկուսն էլ մեր հայերին շատ լավ են վերաբերվում՝ համ զամպալիտը, համ էլ՝ Շկարուպետը»,- ասաց Սաքոն: «Ինչքան հասկացա, իրա ազգանունը ոչ թե Շկարուպետ ա, այլ՝ Շկարուպետա»,- Սաքոյին ուղղեց Պարգեւը: «Հա՛, Շկարուպետա. ինքն էլ ա մեկ-մեկ էդ իրա ազգանունի հաշվով ինձ դիտողություն անում»,- ասաց Սաքոն: «Շկարուպետա, այսինքն՝ պետ ա»,- կատակեց Վալերը: «Հանաքը դեն, տղերք, էլի եմ ասում՝ իմ ու ձեր բախտը բերել ա, որ իրանք էրկուսն էլ մեր հայերին շատ լավ են վերաբերվում»,- ասաց Սաքոն: «Մենք էլ իրանց լավ կվերաբերվենք, Սաքո ջան»,- ասաց Վալերը: «Համ էլ՝ ինքը մուզիկանտ ու մուզիկա շատ ա սիրում. ավտոյիս մեջ թոփ թազա մագ ա դնել տվել, որ ճամփեքին մուզիկա լսի»,- ասաց Սաքոն: «Էդ շատ լավ ա,- ասաց կիրովաբադցին.- մուզիկա սիրողների մեջ համարյա թե վատ մարդ չկա»: «Հա, ինքը վաբշե շատ ջիգյարով մարդ ա, հասարակ սալդատի հանդեպ շատ խղճով ա»,- ասաց Սաքոն: «Սաքո ջան, ասում ես՝ չաստում նվագելու գործիք չկա՞»,- հարցրեց կիրովաբադցին: «Մեր կլուբում մի քանի հատ գործիք կա, բայց անուններով չեմ կարա ասեմ»: «Տրուբա կա՞»,- հարցրեց Պարգեւը: «Չէ,- ասաց Սաքոն,- էն ամենամեծ գործիքից կա»: «Բա՞ս»,- հարցրեց Վալերը: «Երեւի,- ասաց Սաքոն,- մեկ-մեկ պարապ վախտս փչում եմ, բայց անունը չգիտեմ»: «Հաստատ բաս ա,- ասաց Վալերը,- փաստորեն իմ գործիքն արդեն կա»: «Ուրի՞շ»,- հարցրեց կիրովաբադցին: «Էդ ամենամեծից մի քիչ փոքր մի քանի հատ գործիք էլ կա, բայց անունները չգիտեմ»,- ասաց Սաքոն: «Երեւի ալտ ու բարիտոն են,- ասաց կիրովաբադցին ու հարցրեց.- իսկ տարելկա ու բալշոյ բառաբան ունե՞ք, Սաքո՛»: «Հա՛, կա՛»,- ասաց Սաքոն: «Ճաշի տարելկա չէ, Սաքո ջան»,- կատակեց Վալերը: «Հասկացա, էդքան էլ անգրագետ չեմ, դրանց անունները գիտեմ, պարապ վախտս մեկ-մեկ ցմպա-ցմպա եմ անում»,- ասաց Սաքոն: «Սաքո ջան, էրեւում ա՝ պարապ վախտդ շատ ա»,- ասաց Վալերը: «Համարյա պարապ չեմ ըլնում,- ասաց Սաքոն,- պարապ էլ որ ըլնում եմ, վասնավնոմ մաշինովս եմ զբաղվում. ճիշտ ա, սաղ-սաղ չորս տարվա ավտո ա, բայց վրեն հազար ու մի գործ կա»: «Նկարիչի գո՞րծը ոնց ա»,- հարցրի ես: «Մեջներդ նկարիչ կա՞»,- հարցրեց ինքը: «Հա՛, ե՛ս եմ»,- ասացի ես: «Նկարիչի գործը վաբշե աղա գործ ա. հիմնականում կինոյի աֆիշներն ես գրելու, մեկ էլ՝ աֆիցերների մաշինեքի համարները: Հա՛, տոն օրերին էլ՝ լոզունգ-մոզունգ»,- ասաց Սաքոն: «Բա հիմա նկարիչ չունե՞ք»,- հարցրի ես: «Չէ, Սաշան էր՝ էն էլ մի շաբաթ առաջ դեմբել գնաց: Մասկվիչ տղա էր, զամպալիտն իրան ամենաշատն էր հարգում»,- ասաց Սաքոն: «Դու քու հացը հաստատ գտար, Արմո ջան»,- ասաց Վալերը: Մշուշի միջից հայտնվեցին Կարավանն ու Շկարուպետան, եւ Կարավանը գոռաց. «Պա մաշինամ, տավարիշչի մուզիկանտի»: Պարգեւը, Վալերն ու կիրովաբադցին Շկարուպետայի հետ նստեցին Սաքոյի վիլիսը, իսկ ես, Ստյոպն ու ազատանցին Կարավանի հետ՝ Կարավանի վիլիսը, եւ երբ նստում էինք, Վալերն ասաց. «Երանի ձեզ, տղե՛րք, քարավանով եք էթում»: Եվ Պարգեւն ավելացրեց. «Հա՛. ձեր քարավանով մեր հետեւից կամաց-կամաց կգաք»: Բավական խիտ մշուշ էր, ու մենք չէինք տեսնում՝ ուր ենք գնում: Երբ մի քիչ գնացինք, Կարավանը շրջվեց, նայեց ինձ ու հարցրեց. «Կա՞կ զավուտ»: «Արմեն»,- ասացի ես: «Արմեն. լեխկո զապոմնիծ,- ասաց Կարավանը, հետո նայեց Ստյոպին ու ազատանցուն ու նաեւ նրանց հարցրեց.- ա վա՞ս»: «Ստեպան»,- ասաց Ստյոպը, եւ ազատանցին ասաց՝ «Վալոդյա», իսկ Կարավանը դարձյալ նայեց ինձ ու հարցրեց. «Դավնո՞ րիսուեմ»: «Դա,- ասացի ես.- ս ձետստվա»: «Ակո՞նչիլ շտո նիբուձ»,- հարցրեց Կարավանը: «Դա. ֆիլալագիչեսկի վուզ ի խուդոժեստվեննի ծեխնիկում»,- փաստորեն ստեցի ես, եւ Կարավանն ասաց. «Էտը օչեն զդոռըվը»: Երեւի դուք էլ արդեն զգացիք, որ ռուսերեն խոսակցությունները հայերեն տառերով վերարտադրելն էնքան էլ հարմար ու նպատակահարմար չի, բայց, այդուհանդերձ, առավել անհարմար ու առավել աննպատակահարմար է հայերեն վեպի մեջ էդ ամենը ռուսերեն տառերով գրելը, չնայած ռուսների Տոլստոյն իր վեպում ֆրանսերեն խոսակցությունները հենց ֆրանսերեն էլ գրում էր, բայց ինքներդ եք հասկանում, որ ո՛չ ես եմ Տոլստոյ, ու ո՛չ էլ էս գրածս է «Պատերազմ եւ խաղաղություն», ու սովետական բանակում մեր ծառայությունն էլ ո՛չ պատերազմ էր եւ ո՛չ էլ՝ խաղաղություն, չնայած մեր ծառայության առաջին ամիսն ավելի շուտ պատերազմ էր, քան՝ խաղաղություն. առանց զենքի ու առանց զոհերի էր, ճիշտ է, բայց մնացած ամեն ինչով պատերազմ էր: Կարավանի վիլիսը Սումգայիթի կիսախավարը ճեղքեց ու ընկղմվեց համատարած խավարի մեջ: Ռուս վարորդն, ըստ ամենայնի, հիշողությամբ էր վարում մեքենան, այսինքն՝ համատարած ու խիտ մշուշի մեջ ոչինչ չէր նշմարվում, բայց Կարավանի վարորդ Վիտալին չափազանց հանգիստ էր, ու իր էդ հանգստությունն ու ինքնավստահությունը կամաց-կամաց նաեւ մեզ էր փոխանցվում, եւ, չնայած դա երեքիս կյանքում ամենամշուշոտ ու ամենաանորոշ ուղեւորությունն էր, բայց Վիտալիկի ինքնավստահությունն ու Կարավանի մտերմիկ տոնը մեզ հույս էին ներշնչում ու չէին թողնում, որ չափից ավելի անհանգստանանք, ու մենք երեքս էլ, չնայած Կարավանի վիլիսի մեջ արդեն կիսադանթած էինք, այդուհանդերձ, որոշակի ու հստակ էինք հասկանում ու գիտակցում, որ՝ եթե չլիներ Պարգեւի կողմից ընձյուղված մեր միասնության ու անտրոհելիության գաղափարը, մեր երեքի, ավելի ճիշտ՝ մեր վեցի մոտալուտ ապագան առավել մշուշապատ ու առավել անկանխատեսելի էր լինելու, ու էդ կապակցությամբ ես, Կարավանի վիլիսի մեջ ու տղերքի կողքին կիսադանթած, իմ կիսաքուն վիճակում վերաիմաստավորում էի մեր գրականության դասախոս Հեկտոր Ռշտունու՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» իմաստությունն ու մարգարեությունը, եւ, չնայած էդ պահի դրությամբ ու էդ իրավիճակում դեռեւս չգիտեի, որ էդ մարգարեական խոսքերը ոչ թե Ռշտունունն են, այլ՝ Չարենցինը, այդուհանդերձ, էդ խոսքերի ողջ իմաստն ու ճշմարտացիությունն իմ կիսաքնի մեջ ամենայն խորությամբ ու ամենայն հստակությամբ էի գիտակցում եւ, գիտակցելով հանդերձ, հետին թվով հասկանում էի նաեւ, որ մենք՝ տգետ ու թեթեւամիտ ուսանողներս միանգամայն անտեղի էինք խաղում բացառիկ հայրենասեր Հեկտոր Ռշտունու հոգու հետ ու միանգամայն անտեղի էինք նրա մասին ցինիկ եւ անհեթեթ անեկդոտներ հորինում ու աջուձախ տարածում, եւ էդ ցինիկ ու անհեթեթ անեկդոտներից ամենացինիկն ու ամենաանհեթեթը հետեւյալն էր: Մի օր Հեկտոր Ռշտունին գնում է շուկա, որպեսզի կարտոֆիլ առնի: «Երեք կիլոգրամ կարտոֆիլ կշռեք»,- ասում է Ռշտունին կարտոֆիլ վաճառողին: Վաճառողը երեք կիլոգրամ կարտոֆիլը կշռում է, ու Ռշտունին հանկարծ նկատում է, որ վաճառողը կարտոֆիլի հետ ահագին էլ սեւահող է կշռում: Բարկացած Ռշտունին գոռում է կարտոֆիլ վաճառողի վրա եւ ասում. «Չեք ամաչո՞ւմ, ընկե՛ր, այս ի՞նչ եք անում. դուք կարտոֆի՞լ եք վաճառում, թե՝ հող»: Վաճառողը զարմացած նայում է Ռշտունուն եւ ասում. «Ինչի՞ ես նեղանում, հորոխպե՛ր. չէ՞ որ՝ էս մեր հայրենի հողն ա»: Անակնկալի գալով՝ Ռշտունին հուզվում է եւ ասում վաճառողին. «Եվս երկու կիլոգրամ լցրեք»: Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդԳլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել