Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ

Մայիս 03,2005 00:00

ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԵՎ ՉԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՄՏՔԵՐ Ջոն Միլթոնը, ում իրավամբ համարում են մամուլի ազատության բուրժուական տեսության հիմնադիրը, գտնում էր, որ մարդը պետք է հնարավորություն ունենա լսելու այն, ինչ խոսում են ուրիշները եւ ասելու այն, ինչ ուզում է ասել։ «Տվեք ինձ իմանալու, սեփական մտքերս արտահայտելու եւ ամենակարեւորը՝ սեփական խղճով դատելու ազատություն»,- 17-րդ դարում ասում էր Միլթոնը։ Խորհրդային տարիներին, մասնավորապես 80-ականներին, մենք մտքով ազատ էինք, բայց չէինք կարողանում արտահայտել մեր մտքերը, որովհետեւ մամուլն ու հասարակական կյանքը հսկվում էր մեկ կուսակցության կողմից։ Մտքով ազատ լինելն արգելված չէր, թեեւ այդ արգելքի բացակայությունից ոչ բոլորն էին օգտվում։ Մտքով ազատ լինել կարելի էր մինչեւ միտքն արտահայտելը, մինչեւ խոսքի իրական ազատությունը։ Լավագույն դեպքում ազատ մտքերն արտահայտվում էին ամենամերձավոր ու վստահելի ընկերների շրջապատում, որտեղ խոսքը միայն մխիթարիչի ու հոգեկան լարվածությունը մեղմացնողի գործառույթ ուներ։ Այդ շրջապատում ասված խոսքն, ըստ էության, ոչ ոքի պետք չէր, ներգործություն չուներ, քանի որ ամենամերձավոր ու վստահելի ընկերների շրջապատում մտքերը շատ հաճախ համընկնում էին, եւ երկխոսությունը դառնում էր անհետաքրքիր։ Ջոն Միլթոնից ավելի քան երեք հարյուր տարի անց մեր ուզածն ամբողջը լսելու եւ ամբողջն արտահայտելու ազատությունն էր, բայց ինչպես ամեն մի բռնատիրություն, Խորհրդային Միությունն էլ «բարձր» էր գնահատում խոսքի արժեքն ու ամեն ինչ անում էր, որպեսզի այլ կարծիք չլսվի։ Այլակարծության միակ եղանակը թռուցիկներն էին, ինչը տարածելու փորձ անողները երկար ժամանակով փակվում էին բանտերում ու աքսորավայրերում։ Այլակարծությունը փոքրիկ բաղադրաչափերով երբեմն-երբեմն թույլատրվում էր պաշտոնական մամուլում, եւ դրա բացառիկ իրավունքը տրված էր կյանքով ու գործով երկրին նվիրված մտավորականներին։ Վերակառուցումը, որ ԽՍՀՄ փլուզումը կասեցնելու կամ դրան կազմակերպված ընթացք տալու գործընթաց էր, ուղեկցվում էր «գլասնոստ», այսինքն՝ բացախոսություն կամ ազատախոսություն կարգախոսով, որն այդպես էլ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը չնշանակեց մամուլի ազատություն։ Դա գուցե խոսքի ազատություն էր, քանի որ սրճարանում ասված խոսքի համար այլեւս չէին հետապնդում, բայց մամուլի ազատություն չէր, քանզի ազատ մամուլը խոսքի ազատության կազմակերպված ձեւն է։ Ինքնահրատներն ու «նեֆորմալներն» այլեւս չէին հետապնդվում, բայց նաեւ չունեին ազատ գործելու հնարավորություն։ Կայսրությունն այդ ամենը թույլ էր տալիս միայն ու միայն Արեւմուտքի առաջ ազատականացման գործընթացի իմիտացիա անելու համար։ Սա խորհրդային նախկին հանրապետությունների քաղաքացիներին հույս էր տալիս, որ շուտով կհաղթանակի ժողովրդավարությունը, կծաղկի բարձր կենսամակարդակ ապահովող շուկայական տնտեսությունն ու կսկսվի ազատության, այդ թվում՝ նաեւ մամուլի, դարաշրջանը։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ էյֆորիան շատ շուտ անցավ, եւ մարդիկ հասկացան, որ շուկայական տնտեսության սկզբունքներն ավելի առաջնային են, քան մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները։ Այսինքն՝ ազատ շուկան շատ արագ վերածվեց սեւ շուկայի, որը վերահսկում էին մաֆիոզ կլանները։ Դրանք էլ դարձան հետխորհրդային երկրների ազատությունները սահմանափակող գլխավոր գործոնը։ Եթե ինձ այսօր հարցնեն՝ ազա՞տ է Հայաստանի մամուլը, ես չեմ կարող ասել՝ ոչ։ Ըստ էության՝ մեզանից յուրաքանչյուրն ունի զանգվածային լրատվության միջոց հիմնելու հնարավորություն, տպարաններն ու հրատարակչությունները մասնավոր են եւ դե յուրե դուրս են պետական հսկողությունից, չկա գրաքննություն իրականացնող մարմին եւ, ի տարբերություն խորհրդային այլ հանրապետությունների, չկա անգամ ԶԼՄ-ով զբաղվող գերատեսչություն։ Այս ամենն ինձ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանում մամուլն ազատ է, սակայն սրանք միայն արտաքին ցուցիչներն են։ Իրականում մամուլն ազատ չէ, եւ դրա պատճառները շատ խորն են, երբեմն նույնիսկ անհասկանալի։ Ամերիկացի փորձագետ Ջեֆրի Սաքսը, խոսելով ռուսական մամուլի մասին, ասում է. «Մեզ կանչել էին հիվանդի մոտ, բայց երբ մենք նրան պառկեցրինք վիրահատական սեղանի վրա եւ կտրեցինք, հանկարծ տեսանք, որ հիվանդը բոլորովին այլ անատոմիա եւ մարմնի այլ մասեր ունի, որոնք մենք չէինք ուսումնասիրել մեր ինստիտուտում։ Ջեֆրի Սաքսն ակամա խոստովանում է, որ արեւմտյան ժողովրդավարությունները մեզ պարտադրում են մշակութային եւ ինստիտուցիոնալ կաղապարներ՝ շատ հաճախ ուշադրություն չդարձնելով, թե դրանք որքանով են համընկնում տեղի պատկերացումների ու ավանդույթների հետ։ Օրինակ՝ դրսում պատկերացնո՞ւմ են, որ Հայաստանում սովորական բան է ծանոթ գլխավոր խմբագրին կամ անվանի լրագրողին զանգահարելն ու խնդրելը, որ այս կամ այն նյութը չհրապարակվի կամ հրապարակվի այս կամ այն բովանդակությամբ։ Կամ՝ դրսում գիտե՞ն, որ համապատասխան օրենքով արտոնագրված հեռուստաընկերությունները հիմնականում վերահսկվում են պետության կողմից։ Ոչ, պետությունը չի ստիպում սցենարներն ու արտասանվող տեքստերը հանձնել գրաքննության, բայց օլիգարխիկ ծագում ունեցող ֆինանսավորումը եւ՛ խմբագիր է, եւ՛ գրաքննիչ։ Դրսում չգիտեն նաեւ, որ լրագրողների ներքին գրաքննությունը եթե խորհրդային տարիներին ավելի շատ պատժիչ մեքենայի վախից էր, հիմա պատճառաբանվում է պարզապես աշխատանքը չկորցնելու մտահոգությամբ։ Դրսում չգիտեն նաեւ, որ մեզ մոտ շատ հաճախ ավելի հեշտ է քննադատել, ասենք, երկրի ձախորդ արտաքին քաղաքականությունը, քան հարցնել, թե պետական պաշտոնյան ի՞նչ փողերով է հսկա առանձնատուն կառուցում։ Ջեֆրի Սաքսն իր գիտելիքներից առավել կհիասթափվեր, եթե իմանար, որ պետական կառույցներից հանրային շահերին վերաբերող փաստաթղթեր հնարավոր չէ ստանալ անգամ եռաստիճան դատական համակարգի միջոցով։ Պետք է հատուկ նշել, որ պետական համակարգն այս ամենին հասնելու համար մեծ ջանք չի գործադրում։ Վերին մի կամքով «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկելուց հետո ազդեցիկ հեռուստաընկերություններն ինքնապահպանման բնազդով դարձել են իշխանամետ։ Ռադիոկայանները Հայաստանում ժամանցային են եւ զբաղեցնում են բնակչության 15-25 տարեկան հատվածին։ Իսկ թերթերը չունեն այնքան ընթերցող, որ նախ կարողանան լինել ինքնաբավ, եւ ապա լսարանի ուժով ներգործեն իշխանության մյուս երեք ճյուղերի վրա։ Հայաստանի թերթերի ընդհանուր տպաքանակը զգալիորեն զիջում է մեկ պատգամավորին կամ մեկ քաղաքական բլոկին ձայն տված մարդկանց քանակին, եւ այդ դեպքում պետական պաշտոնյան կարող է վստահ լինել, որ ինքն ավելի շատ ձայն է ներկայացնում, քան որեւէ թերթ ընթերցող ունի։ Տպագիր մամուլը, փաստորեն, զանգվածային լրատվության միակ միջոցն է, որն աշխատում է լսարանի հաշվին, եւ գովազդատուներին կարող է հետաքրքրել, եթե այդ լսարանը մեծ լինի։ Սրանով է պայմանավորված ԶԼ մյուս միջոցների համեմատ տպագիր մամուլի հարաբերական ազատությունը։ Այսինքն՝ դարձյալ վերին կամքով թույլատրված է ազատ ու անկաշկանդ լինել միայն թերթերի լրագրողներին, որովհետեւ նրանց խոսքը որեւէ ազդեցություն չունի։ Մի խոսքով, մեր իրականության մեջ խոսքի ազատությունը դեռ ձեռք չի բերել հասարակական հարաբերություններ կարգավորողի դեր, այսինքն՝ չի դարձել ժամանակակից շուկայական ժողովրդավարական քաղաքական համակարգի անկյունաքարը։ Խոսքի ազատությունը բարձր չէ անկախությունից հետո հռչակված այլ՝ սեփականության, ձեռներեցության, մրցակցության ազատություններից։ Փափագելով ազատագրվել կոմունիստական գաղափարախոսության բռնությունից՝ մենք նայում էինք դեպի Արեւմուտք, եւ արեւմտյան արժեքները մեզ թվում էին էտալոնային։ Ավելի քան քառորդ դար առաջ ամերիկացի լրագրող Ուոլթեր Քրոնքայթն ասում էր. «Մամուլի ազատությունը ոչ թե կարեւոր է ժողովրդավարության համար, այլ հենց ինքը ժողովրդավարությունն է»։ Հասարակությունը լրագրողներին տալիս է իր անունից խոսելու եւ իշխանություններին քննադատելու իրավունք, քանի որ ժողովուրդն ինքը անմիջականորեն կարող է քննադատել իշխանություններին միայն ընտրությունների ժամանակ՝ մեկին ձայն տալով, մյուսին՝ չտալով։ Եվ այդ պատճառով հասարակությունը լրագրողներին տալիս է քննադատելու ամենօրյա իրավունք։ Սա ճիշտ է՝ նորմալ, կայացած երկրներում։ Մեզ մոտ, սակայն, աղքատ լսարանը չի կարողանում նյութապես աջակցել լրագրողների ամենօրյա պայքարին։ Եթե խորհրդային տարիներին յուրաքանչյուր ընտանիք հինգ-վեց թերթ ու երկու-երեք ամսագիր էր բաժանորդագրվում, հիմա հազիվ մեկ-երկու թերթ է կարողանում գնել։ Եվ եթե ընթերցող լսարանը որպես պատվիրատու նահանջում է, նրա տեղն անպայման կզբաղեցնեն «այլ» պատվիրատուներ։ Այս պայմաններում մամուլի ազատությունն աղճատվում է, այն պարզապես լուծվում է հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքի մեջ, քանի որ տպարանից դուրս եկած թերթն ինքնին ապահովում է տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ քաղաքացու անվճարունակությունը՝ սահմանափակում մամուլի ազատությունը։ Վերը նշված արտաքին ցուցիչները՝ ԶԼՄ հիմնելու իրավունք, գրաքննության բացակայություն եւ այլն, մեր պետությունը պահում է Արեւմուտքի բերանը փակելու համար, իսկ երկրի ներսում մամուլի իրական դերի մասին պատկերացումները սկսվում են իշխանությունների անձեռնմխելիության կանխավարկածից ու հասնում մինչեւ սեփական թերությունները որպես առավելություն ներկայացնելու սովորույթ։ Մեզ մոտ, ցավոք, դեռ չեն գիտակցում, որ առանց ազատ մամուլի հնարավոր չէ ապահովել երկրի կենսունակությունը, եւ որ ազատ արտահայտված միտքն ավելի հեշտ է վերահսկել, քան չարտահայտվածը։ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել