Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Մայիս 03,2005 00:00

Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵԹԵՐԱԶՐԿԵՑ «Ա1+»-Ը Նախապատմություն 2001-ի նոյեմբերին «Իրավունք» շաբաթաթերթում տպագրվեց հետեւյալ տեղեկությունը. «ՀՀ նախագահական աշխատակազմում կայացվել է «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու որոշում»: 2002-ի ապրիլի 2-ին եթերից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: «Ա1+»-ը դեռ եթերում է»,-ահա այս մակագրությունն էր «թեւածում» թիվ 37 դեցիմետրային հաճախականությունում այդ օրվա ժամը 23.59-ին: Ուղիղ մեկ րոպե հետո «Ա1+»-ը, որը անխափան աշխատում էր ավելի քան 5 տարի, այլեւս եթերում չէր: «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի ներկայացուցիչը մտնում է «Ա1+»-ի վարձակալած տարածք եւ անջատում հեռուստաընկերության հաղորդակը: Ընդդիմադիր մամուլը մինչ այդ բազմիցս գրել էր, որ «Ա1+»-ին եթերից զրկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այդպիսով նախապատրաստվում է 2003-ի նախագահական ընտրություններին: Ապրիլի 2-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշամբե մեկնելիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում «Ա1+»-ի թղթակցին ասաց. «Դուք լավ հեռուստաընկերություն էիք»: Այդ պահին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում քվեարկությամբ թիվ 37 հաճախականությունը դեռ չէր տրվել «Ա1+»-ի մրցակից «Շարմ» ընկերությանը: Այսինքն՝ ոչ մի հիմք չկար անցյալ ժամանակով խոսել մի հեռուստաընկերության մասին, որը եթերում էր: Կապուղուն հավակնում էր նաեւ «Դոֆին» ընկերությունը, որը գրանցված էր ընկերության հիմնադիրներից մեկի բնակարանի հասցեում եւ այնտեղ ոչ մի հեռուստատեխնիկա չկար: Մամուլը գրեց, որ այս «հեռուստաընկերության» տերը Երեւանի շամպայն գինիների գործարանի եւ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի սեփականատեր Հրայր Հակոբյանն է։ «Հայտնի են նրա ջերմ հարաբերությունները նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ»,-գրված է «Առավոտ» թերթի մարտի 21-ի համարում: «Հրայր Հակոբյանը իմ ընկերն է, ինչպես իմ ընկերներն են «Ա1+»-ում աշխատող մի քանի լրագրողներ, ինչպես իմ ընկերներն են «Շարմում» աշխատող մի քանի մարդիկ»,-լրագրողներին ասում է Ալեքսան Հարությունյանը: Այդ առթիվ 37-րդ հաճախականությունը ձեռք բերելուց երեք տարի անց «Շարմի» գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասում է. «Մեզ շատ մարդկանց հետ փորձեցին կապել, մեզ կապում էին Ալեքսանի հետ, հետո մեզ կապում էին ՀՀՇ-ի հետ, հետո՝ Հրանտ Վարդանյանի հետ»: Ի՞նչ էր նախորդել «Ա1+»-ի եթերազրկմանը 2002-ի մարտի 18-ին հայտնի դարձավ, որ թիվ 37 հաճախականությանը, «Ա1+»-ից բացի, հավակնում են «Շարմը» եւ «Դոֆինը»: Ինչո՞ւ «Շարմը» որոշեց հայտ ներկայացնել հենց թիվ 37 հաճախականության համար: «Գտնում ենք, որ 37 կապուղով հեռարձակվող կա այսօր լրատվական բլոկ։ Եվ գտնում ենք, որ մնացած ժամանակ այդ ալիքը ինչ-որ տեղ գտնվում է ազատ վիճակում։ Եվ այդ իսկ պատճառով էլ դիմվեց 37 դեցիմետրայինին»,-մարտի 28-ին ասել էր «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Իսկ «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասել էր. «Քանի որ մենք էս աշխարհից ենք, գիտենք, որ շատ ուրիշ գծերին էլի մասնակցություն կլինեն՝ շատ ավելի շատ, քանց թե 37-ին»։ Շատ ավելի ուշ՝ երեք տարի հետո, պարոն Ջաղինյանը կասի. «Ես կարծում եմ՝ մեկ ա, էդ օրը, էդ ժամկետին արդեն ոնց որ որոշված էր, որ «Ա1+»-ը չպետք է լինի: Ու, կոպիտ ասած, իրանց որոշումը ըսենց էր՝ ավելի լավ ա գոնե էս մարդիկ լինեն, որովհետեւ էլի տիրապետում են»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հաջորդ օրը հայտարարեց, որ իշխանությունները «բնականաբար կուզենան խեղդել «Ա1+»-ին»: Նույն օրը «Առավոտ» օրաթերթը գրեց. «Նախընտրական տարում Քոչարյանին պետք չէ լրատվություն, որը տարբերվում է «Հայլուրից», եւ տեսակետներ, որոնք չեն համընկնում պաշտոնականի հետ: Թե ով է օգտագործվելու այդ նպատակի համար՝ «Շարմը», թե «Դոֆինը», եւ ինչպես է դա մատուցելու պաշտոնական քարոզչամեքենան՝ տեխնիկական խնդիրներ են, որոնց իրականացումը հանձնարարված է լրատվամիջոցների գլխավոր համակարգող Ալիկ Հարությունյանին»: Ալեքսան Հարությունյանը հետագայում այդպես էլ չանդրադարձավ այս մեղադրանքներին: Այդ ժամանակ լրատվամիջոցները կրկին հիշեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի մի շարք դրույթների շնորհիվ էլ հնարավոր դարձավ «Ա1+»-ի եթերազրկումը: ԱԺ գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը շտապեց արդարացնել իր հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած այդ օրենքը, որի դրույթներից մեկն էլ դեռեւս գոյություն չունեցող, սոսկ փաստաթղթային հեռուստաընկերությանը հնարավորություն տվեց «պայքարի մեջ մտնել» գործող հեռուստաընկերության: Պարոն Քոչարյանն այդ առթիվ ասաց. «Խնդիրն այս է՝ կարող է լինել մի հեռուստաընկերություն, որի լիցենզիայի ժամկետն ավարտվել է, իսկ իրականում այդ հեռուստաընկերությունն իր ամեն ինչով շատ թույլ է. հիմա հնարավորություն չլինի՞, որ այդ ալիքը մեկ ուրիշը կարողանա աշխատեցնել։ Իսկ դրա ներկայիս ղեկավարը կարողանա բոլորի հետ նորից դիմել»: Գիտե՞ր Շավարշ Քոչարյանը, որ օրենքը ծառայեցվելու է «Ա1+»-ը փակելուն: Այս մասին նա առ այսօր ոչինչ չի ասում: Օրենքի նախագծի քննարկման օրերին այս մասին լռում էր նաեւ մամուլը: Բանն այն է, որ դեռեւս ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի քննարկումների ժամանակ ՀՌԱՀ փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանն «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանին ասում էր. «Հինգ տարի դուք եք աշխատել, թող 5 տարի էլ ուրիշներն աշխատեն»: Մարտի վերջին՝ մրցույթից անմիջապես առաջ, լրագրողներն արդեն անթաքույց խոսում էին այն մասին, որ «Շարմի» թիկունքում ուղղակիորեն կանգնած է ՀՀ նախագահի տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե ոչ ոք չգիտի՝ ինչ առաջարկներ են լինելու ՀՌԱՀ-ին ներկայացված հեռուստահաղորդումների ներկայացման լիցենզիաների մրցույթում: Մինչդեռ ՀՌԱՀ անկախ հանձնաժողովի փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը դեռեւս մարտի 29-ին, երբ հայտնի չէր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը ծրագրային փաթեթների մասին, Հանրային հեռուստաընկերությամբ «Ա1+»-ի առաջարկը գնահատել էր «թույլիկ»: Նույն օրը «Ա1+»-ը իր աղբյուրներից տեղեկանում է, որ ՀՌԱՀ-ն արդեն կայացրել է «Ա1+»-ը եթերազրկելու եւ թիվ 37 հաճախականությունը «Շարմ» ընկերությանը հանձնելու որոշում: «Ա1+»-ի հետ համագործակցող «Համասփյուռ» հեռուստացանցի մի շարք տնօրեններ տեղեկացնում են, որ իրենց առաջարկություն է արվել համագործակցելու Հանրային հեռուստատեսության հետ: Այդ օրը՝ մարտի 28-ին, «Շարմ» ընկերության փոխտնօրեն Հրանտ Թոխատյանը հայտարարում է. «Եթե հաղթի «Ա1+» հեռուստաընկերությունը, մենք պատրաստ ենք մեր ծրագիրը ներկայացնել տվյալ հեռուստաընկերությանը եւ համագործակցել։ Եթե հաղթենք մենք, կդիմենք «Ա1+»-ին, որպեսզի իր «Այբ-Ֆե» ծրագրով կարողանա օգտակար լինել մեր ծրագրին»։ Այս մասին «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը 2005-ի ապրիլին ասում է. «Մենք առաջարկում էինք, որ Մեսրոպը (Մովսեսյան-Մ.Ա.) գար, վերցներ, մեր սաղ լուրերով զբաղվեր, ինքը ասեց՝ չէ, ու ես էլ կասեի՝ չէ, նորմալ բան ա»: Հենց մարտի 28-ին էլ ՀՌԱՀ-ում բացվեցին թիվ 37 հաճախականությանը հավակնող ընկերությունների փաթեթները: Ի՞նչ հեռուստաընկերություն էր խոստանում «Շարմը» թիվ 37 հաճախականությունը զբաղեցնելու դեպքում: «Շարմի» փոխտնօրեն Հրանտ Թոխատյանը հայտարարեց. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով՝ հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»։ Իսկ լրատվական հաղորդումների վերաբերյալ նա ասաց. «Նորությունները մատուցվելու են դասական ոճով՝ առանց ավելորդ մեկնաբանությունների եւ կարծիքների»։ «Շարմը» նախատեսում էր թողարկել նաեւ ոչ քաղաքական նորություններ՝ «Միայն լավ լուրեր» խորագրով։ «Շարմի» ներկայացուցիչները չթաքցրին, որ իրենց 18-ժամյա եթերի միայն 15%-ն է նվիրված լինելու լրատվությանը։ Իսկ ծրագրի 65%-ը կազմելու են զվարճալի, ժամանցային եւ նման հաղորդումները, որոնք առավել հոգեհարազատ են իրենց ընկերությանը։ Երեք օր հետո «Շարմը» տիրացավ թիվ 37 հաճախականությանը: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց ողբերգական ոչինչ չփնտրել այն փաստի մեջ, որ «Ա1+»-ն այլեւս եթերում չէ: «Այդ որոշումը ցույց տվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անկախ լինելը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, որն անձամբ է նշանակել հանձնաժողովի բոլոր 9 անդամներին: Ի՞նչ կատարվեց հանձնաժողովում Հանձնաժողովի անդամ Արա Թադեւոսյանը, որը նաեւ «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավարն է, ապրիլի 2-ին եւ՛ «Շարմի», եւ՛ «Ա1+»-ի առաջարկները գնահատեց «4» բալով: «Շարմի» ծրագիրը գնահատելիս ասաց, թե այն կազմված էր «գրագետ, պրոֆեսիոնալ ձեւով. «Ա1+»-ի ներկայացուցիչներին եւս ասացի, որ ես չէի սպասում, որ այսպիսի արհեստավարժ թիմը կարող է ներկայացնել նման տխուր առաջարկ։ Տպավորությունն այն էր, թե այդ առաջարկը կազմվել էր 1-2 օրում զուտ ինչ-որ առաջարկ ներկայացնելու համար»։ Այս մասին այսօր հպարտությամբ խոսում է նաեւ «Շարմ» ընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը. «Մենք իսկականից «Ա1+»-ին հաղթել ենք: Ուրիշ գործ, որ «Ա1+»-ի պլյուսը համեմատ մեզ էն էր, որ ինքը եթերայինի մեջ եղել ա ավելի շատ, քան մենք: Բայց մենք, խոսքի, մեր պրոյեկտների քանակությունը հեռուստատեսային, որ մենք արել ենք, իրանք չէին զիջում «Ա1+»-ին»: Այդ օրը «Շարմին» «5» գնահատեցին Գրիգոր Ամալյանը եւ Շամիրամ Աղաբեկյանը: Նրանք հանձնաժողովի միակ անդամներն են, որոնց աշխատանքը վարձատրվում է, հանձնաժողովի մյուս 7 անդամներն, ըստ օրենքի, աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանք «Ա1+»-ի ծրագիրը գնահատեցին ամենացածր նիշով՝ «1» բալով: Առաջին հակազդեցությունները Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները նույն օրը՝ ապրիլի 2-ին, հանդես եկան հայտարարությամբ, որում ասում էին, թե ծանոթ են հանձնաժողովին ներկայացված 37 կապուղու մրցակիցների առաջարկներին եւ գտնում են, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե օրենքի հինգ պահանջներից (սեփական արտադրության հաղորդումների ծավալը, հայրենական արտադրության հաղորդումների ծավալը, տեխնիկական միջոցների, սարքավորումների բազան, հագեցվածությունը եւ, ի վերջո, աշխատակազմը) որին է բավարարել «Շարմ»-ի առաջարկը։ Լրագրողները գտնում էին, որ օրենքով պահանջված չափորոշիչներին հանձնաժողովը սուբյեկտիվորեն է մոտեցել։ Մինչեւ օրվա վերջ հայտարարությունը ստորագրել էր 17 լրագրող։ Ի դեպ, այդ օրը խորհրդարանականները հրաժարվում էին պատասխանել «Ա1+»-ի փակման վերաբերյալ լրագրողների հարցերին: Խորհրդարանի ամբիոնից հեռուստաընկերության փակումը դատապարտեցին 4 պատգամավորներ՝ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Զաքարյանը, Արշակ Սադոյանը եւ Հրանտ Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել